HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ամերիկացի զինվորականները չորրորդ անհայտ օբյեկտն են խոցել Հուրոն լճի մոտ

Ամերիկացի զինվորականները ևս մեկ անհայտ թռչող օբյեկտ են խոցել, այս անգամ՝  Հուրոն լճի մոտ՝ կանադական սահմանից ոչ շատ հեռու։ Սա փետրվարից ի վեր նմանատիպ չորրորդ դեպքն է։

BBC-ն, հղում անելով Միչիգան նահանգից կոնգրեսական Էլիսա Սլոթքինին, գրում է, որ օբյեկտը խոցել են ԱՄՆ ռազմաօդային ուժերը ու Ազգային գվարդիայի օդաչուները։ «Բոլորը հիանալի աշխատանք են արել, ովքեր ներգրավված էին այս առաքելությանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է դեմոկրատ կոնգրեսականը։

Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, հղում անելով կանադական իշխանությունների ներկայացուցչին, օբյեկտը խոցվել է ԱՄՆ-ի հետ սահմանից մոտ 22,5 կմ հեռավորության վրա։ Ամերիկացի կոնգրեսականի օգնականներից մեկի խոսքով՝ այն ունեցել է ութանկյան տեսք և եղել շուրջ 6 կմ բարձրության վրա՝ վտանգ ներկայացնելով քաղաքացիական ավիացիայի համար։ Ամերիկյան լրատվամիջները, հղում անելով ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցչին, նաև հայտնել էին, որ առարկայից կախված են եղել մի քանի թելեր։ 

Պենտագոնը չի կարծում, որ խոցված օբյեկտը սպառնալիք էր ռազմական տեսանկյունից, սակայն ամերիկացի զինվորականները կարծում են, որ այն կարող էր կիրառվել հետախուզական նպատակներով։

Մինչ այս պահը հայտնի չէ՝ արդյոք Հուրոն լճի վրա խոցված օբյեկտը կապ է ունեցել այն պատահարների որոնք, որոնք գրանցվել էին նախորդ հանգստյան օրերին, սակայն դաշնային ավիացիոն վարչությունը մի շարք հատվածներում ժամանակավորապես փակել էր օդային տարածքը քաղաքացիական թռիչքների համար։ Սկզբում փակվել էր օդային տարածքը Մոնթանա նահանգի վրա, հետո էլ՝ Միչիգան լճի։ Ավելի ուշ, դրանք վերաբացվել էին։

Ուրբաթ օրը նախագահ Ջո Բայդենը հրամայել էր խոցել Ալյասկայի վրա հայտնաբերված անհայտ թռչող օբյեկտը, որն ունեցել է «փոքր ավտոմեքենայի չափեր»։ Դրա հնարավոր ծագման ու գործառույթների մասին պաշտոնապես չէր նշվել։ Իսկ շաբաթ օրն ամերիկյան կործանիչը Կանադայի օդային տարածքում խոցել էր մեկ այլ անհայտ օբյեկտ, որի մասին հայտարարել էր այդ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ 

Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ օբյեկտը թռել է մոտ 12 կմ բարձրության վրա և սպառնալիք հանդիացել քաղաքացիական թռիչքների անվտանգության համար։ Նրա խոսքով՝ այն եղել է փոքր չափսի և ունեցել գլանաձև տեսք։ 

Դեռ փետրվարի սկզբին Հարավային Կարոլինա նահանգի երկնքում ամերիկացի զինվորականները խոցել էին չինական ենթադրյալ հետախուզական օդապարիկը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ դա «քաղաքացիական օդապարիկ է, որը կիրառվում է օդերևութաբանական նպատակներով»։ Ավելի ուշ, երբ հայտնի էր դարձել օդապարիկի խոցման մասին, Չինաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել ԱՄՆ գործողությունների դեմ։ «Չինական կողմն իր խիստ դժգոհությունն ու բողոքն է հայտնում քաղաքացիական անօդաչու օդապարիկի վրա հարձակվելու համար՝ ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման դեմ։ Չինաստանը ստուգումից հետո արդեն մի քանի անգամ ամերիկյան կողմին տեղեկացրել է այն մասին, որ օդապարիկը նախատեսված է քաղաքացիական օգտագործման համար և մտել է ԱՄՆ օդային տարածք ֆորս մաժորի պատճառով։ Դա միանգամայն անկանխատեսելի իրավիճակ է եղել»,- ասված էր չինական կողմի հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter