HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Տեղի է ունեցել Դավիթ Տոնոյանի գործով հերթական դատական նիստը

Այսօր՝ փետրվարի 14-ին, Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործով դռնփակ դատական նիստը, որի ընթացքում շարունակվել է գործում առկա լուսանկարների հետազոտությունը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ արդեն 4-5-րդ դատական նիստն է, որ լուսանկարների հետազոտություն է տեղի ունենում։ Ավելի վաղ դատական նիստերի դանդաղ ընթացքի մասին Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր արել՝ նշելով․ «Այս ամենը գնահատում եմ ինձ հնարավորինս երկար անազատության մեջ պահելու դիտավորություն եւ այս շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխելու անհաջող փորձ»։

Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 4 ամսից ավելի է՝ կալանավորված է։ Դատարանը չի բավարարել Տոնոյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների ներկայացրած նախորդ երկու միջնորդությունները։ Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ Հակակոռուպցիոն դատարանի դեկտեմբերի 29-ի կայացրած որոշումը՝ խափանման միջոցը չփոխելու մասին, բողոքարկել էին Վերաքննիչ դատարան։ Պաշտպանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը ևս մերժել է բողոքը և պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter