HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Չի բացառվում, որ Վարդազարյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվի

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով հերթական դատական նիստն էր ընթանում այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Հունան Բաբայանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ նիստը հետաձգելու մասին։

Պատճառն այն է, որ նախորդ դատական նիստին՝ 5 օր առաջ, դատարանը մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, սակայն մինչ օրս որոշումը չէր տրամադրվել դատավարության կողմերին։ Դատարանի հաղորդմամբ՝ որոշման վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ։

Հունան Բաբայանը նշեց՝ որոշման պատճառաբանություններին ծանոթանալուց հետո պաշտպանական կողմը կարող է այլ միջնորդություններ անել կամ չանել, քանի որ քրեական հետապնդումը չդադարեցնելու մասին դատարանի որոշումն առանցքային է գործի ընթացքի հարցում։ Պաշտպանի խոսքով՝ որոշման պատճառաբանություններով պայմանավորված՝ նաև դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդություն կարող է ներկայացվել։

«Դրանք, իհարկե, ենթադրյալ եմ ասում, որովհետև դատարանի պատճառաբանությունները չունենք դեռ»,- ասաց Բաբայանը։

Գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Ժամկոչյանը հայտնեց, որ նիստը հետաձգելու անհրաժեշտություն չկա, քանի որ դատարանը, նախորդ նիստին լսելով կողմերի կարծիքները, կայացրել է որոշում։ Իսկ եթե որոշումը ստանալուց հետո պաշտպանական կողմը դատարանին ինքնաբացարկ հայտնելու հիմք կունենա, ապա կարող է ցանկացած փուլում ներկայացնել, նրա խոսքով՝ որոշման մասին հետագայում էլ դիրքորոշում հայտնելու հարցում պաշտպանական կողմը սահմանափակված չէ։

Դատարանը հայտնեց, որ պաշտպանության կողմի բերած պատճառաբանությունը՝ նիստը հետաձգելու մասին, որևէ օբյեկտիվ պատճառ չունի։

«Դատարանի որոշումը պաշտպանության կողմի միջնորդության վերաբերյալ էր, պաշտպան Արամ Օրբելյանը (խմբ․ այսօրվա դատական նիստին ներկա չէր) ներկայացրել էր միջնորդություն, բերել էր փաստարկներ, դրան հակադարձել էր մեղադրող կողմը, դատարանը կայացրել էր իր որոշումը՝ չհամաձայնելով պաշտպան Օրբելյանի միջնորդության հիմնավորումներին»,- ասաց դատավորը՝ նշելով, թե կոնկրետ ինչ պատճառաբանություններով դա արձանագրված կլինի, կտեսնեն դատավարության մասնակիցները վերջնական տարբերակը պատրաստ լինելուց հետո, բայց փաստն այն է, որ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնել ներկայացված միջնորդությամբ բերված պատճառաբանություններին։

Դատարանի խոսքով՝ նախորդ դատական նիստին պաշտպան Արամ Օրբելյանը հստակ նշել է, որ եթե դատարանը հանկարծ մերժի (խմբ․ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին) միջնորդությունը, ունի նաև մեկ այլ միջնորդություն, որով ի ցույց է դնելու մեղադրանքում առկա հոդվածի տարբերությունը՝ գործող Քրեական օրենսգրքում տեղ գտած հոդվածի համեմատ։ Դատարանը հարց ուղղեց պաշտպանական կողմին՝ իսկ ի՞նչ հիմքով պետք է այսօրվա դատական նիստը հետաձգվի, որ Արամ Օրբելյանը չի ներկայացել։

Պաշտպան Հունան Բաբայանը հայտնեց, որ Արամ Օրբելյանի բացակայությունը չէ, որ հիմք է հանդիսացել այս միջնորդության համար։

«Մենք դատարանին կրկին միջնորդում ենք նիստը հետաձգել՝ այլ միջնորդություն ներկայացնելու համար, որպիսին այս պահին հնարավոր չէ ներկայացնել։ Եվ այդ անհնարինության պատճառներից մեկն էլ դատարանի որոշմանը ծանոթ չլինելն է»,- ասաց Բաբայանը։

Բաբայանի խոսքով՝ եթե դատարանը չի ընդունում այն պատճառաբանությունները, որ դատարանի որոշումը և դրանում տեղ գտած գնահատականները կարևոր նշանակություն ունեն հաջորդ միջնորդությունը ներկայացնելու համար, ապա դատարանին ողջամտորեն չեն կարող հայտնի լինել, թե հաջորդ անգամ պաշտպանական կողմը ինչ միջնորդություն է ներկայացնելու, և ընդամենը կարող են դատողություններ լինել այդ մասին։

Դատարանը, անդրադառնալով նոր միջնորդությանը, ասաց, որ այն նույնաբովանդակ է։ Ի պատասխան պաշտպանի այն պնդմանը, որ դատարանին չի կարող հայտնի լինել, թե ինչ միջնորդություն կարող է ներկայացնել պաշտպանական կողմը հաջորդ անգամ, դատարանն ասաց․ «Երբ որ դատողություններ արեց դատարանը, դրանք պայմանավորված էին Արամ Օրբելյանի հայտարարություններով»։

Դատախազ Աշոտ Ժամկոչյանի խոսքով՝ հետագա միջնորդությունները, որոնք պետք է բերի պաշտպանական կողմը, չեն կարող շաղկապվել քրեական հետապնդումը չդադարեցնելու մասին դատարանի որոշմանը։ 

Դատարանը որոշեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ ողջամիտ համարելով պաշտպանության կողմի պատճառաբանությունը՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ դատարանը հայտնեց, որ նման հնարավորություն ընձեռելով՝ չի նշանակում, որ նշված միջնորդությունը, եթե այդպիսին կլինի, կարող է քննարկման առարկա հանդիսանալ։

Գործով հաջորդ նիստը նշանակվեց մարտի 10-ին՝ ժամը՝ 11։00-ին։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ենթադրյալ դեպքից շուրջ երկու տարի անց ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ:

Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու մեջ:

Վարդազարյանի վերաբերյալ գործում առկա է նաև ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, «Signal» հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ և համոզել, խնդրանքի եղանակով նրանից պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոց կալանավորումը։ 

Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա համոզմամբ՝ մեղադրանքի նպատակն իրեն ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնելն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter