
Ադրբեջանն առաջարկում է հսկիչ-անցագրային կետեր տեղադրել Հայաստանի հետ սահմանին
Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծել։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ` Մյունխենում ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո։
«Ես նշեցի, որ լավ կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ ընթացակարգով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծեին հսկիչ-անցագրային կետեր։ Մենք այսօր պաշտոնապես ներկայացրեցինք այդ առաջարկը։ Ավելի վաղ այդ առաջարկն ուղարկվել էր ոչ պաշտոնական ալիքներով»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ Հայաստանը որևէ դիրքորոշում այս հարցով չի արտահայտել։ «Հավանաբար, նրանց որոշակի ժամանակ է անհրաժեշտ քննարկման համար։ Բայց մեր առաջին տպավորությունն այնպիսին է, որ և՛ Եվրոպայում, և՛ Ամերիկայում մեր այդ առաջարկը տրամաբանական են համարում։ Եվ դա, իհարկե, կարևոր գործոն է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար, որովհետև եթե մենք խոսում ենք սահմանազատման մասին, ապա առանց հսկիչ-անցագրային կետերի դա անհնար է։ Եթե մենք խոսում ենք հաղորդակցությունների բացման մասին, ապա, իհարկե, և՛ «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերին, և՛ Լաչինի շրջանի ու Հայաստանի միջև սահմանին, պետք է ստեղծվեն հսկիչ-անցագրային կետեր»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը կսպասի հայկական կողմի պատասխանին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ուսումնասիրում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հայկական կողմի պատասխան առաջարկները։ «Երեք օր առաջ մենք Հայաստանից ստացել ենք մեր առաջարկներին նոր պատասխան առաջարկները։ Հիմա մենք դրանք ուսումնասիրում ենք»,- նշել է Ալիևը։ Նրա խոսքով՝ «առաջին հայացքից Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա»։ «Սակայն դա բավարար չէ»,- պնդել է Ադրբեջանի նախագահը։
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ նա ընդգծել է, որ այդ փաստաթուղթը պետք է ստեղծվի միջազգային նորմերի ու սկզբունքների հիման վրա։ «Որևէ հավակնություններ, որոնք կապված են Ղարաբաղի հետ, անթույլատրելի են»,- հայտարարել է նա՝ նշելով, որ իրենք այս դիրքորոշումը հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարի ու Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։ Ալիևի խոսքով՝ եռակողմ հանդիպումը կառուցողական է եղել։
Հիշեցնենք, որ նախօրեին Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովի շրջանակներում կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև սահմանազատման իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:
Հինգշաբթի օրը՝ փետրվարի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ հայկական կողմն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքները և այն ուղարկել Բաքու, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներ։
Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել