HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էնթոնի Բլինքենն առաջընթաց է արձանագրել Բաքվի և Երեւանի միջև խաղաղության պայմանագրի ճանապարհին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ բանակցությունների ժամանակ նշել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ճանապարհին առաջընթացի մասին, ինչպես նաև ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը։ Այդ մասին նշվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։

«Նա (խմբ. Էնթոնի Բլինքենը) նշել է այն զգալի առաջընթացը, որը երկու կողմերը ձեռք են բերել վերջին մի քանի ամիսների ընթացքում խաղաղության պայմանագրի ճանապարհին և ուշադրություն դարձրել Բրյուսելում կողմերին ընդունելու Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկին: Քննարկման ընթացքում պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային ու մասնավոր տարանցման անհրաժեշտությունը: Նա նաև կողմերին կոչ է արել բացել մյուս տրանսպորտային երթուղիները»,- նշել է դիվանագետը։

Հանդիպման մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել նաև պետքարտուղար Բլինքենը։

Հիշեցնենք, որ նախօրեին Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովի շրջանակներում կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև սահմանազատման իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:

Իր հերթին Ալիևը հայտարարել էր, որ հանդիպման ընթացքում Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծել։ Նրա պնդմամբ՝ Եվրոպայում և Ամերիկայում այդ առաջարկը տրամաբանական են գնահատում։

Ալիևը հայտարարել էր նաև խաղաղության պայմանագրի շուրջ հարցի ուղղությամբ Երևանի դիրքորոշման մեջ առկա առաջընթացի մասին։ Նա նշել էր, որ եռակողմ հանդիպումը կառուցողական է եղել։

Արդեն երկու ամսից ավելին է, ինչ փակ է Լաչինի միջանցքը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մի քանի տասնյակ ադրբեջանցիներ, հիմնականում իշխանամետ ՀԿ-ների ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս, այսպես կոչված, «էկոակտիվիստների» անվան տակ, փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախն ու Հայաստանն իրար կապող միակ ճանապարհն է։

Բաքվում հայտարարում են, որ այսպես կոչված, ակցիայի նպատակը «ճանապարհի փակելը չէ, իսկ քաղաքացիական նշանակության տրանսպորտային միջոցները կարող են ազատորեն երթևեկել երկու ուղղություններով»։ Սակայն իրականում Բաքուն խոչընդոտում է տեղաշարժին, և, փաստացի, Արցախի բնակչությանը պահում շրջափակման մեջ։ Քաղաքացիական բնակչությունը չի կարողանում երթևեկել Լաչինի միջանցքով։

Երևանում այս ակցիան անվանում են Բաքվի հերթական սադրանքը, որը նպատակ ունի ստեղծել հումանիտար աղետ։ Ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախում շրջափակման պատճառով սկսվել է պարենային ճգնաժամ։

Եվրոպական միությունը փետրվարի 20-ին Հայաստան կուղարկի 100 հոգուց բաղկացած ԵՄ դիտորդական առաքելություն, որը կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին։ Բաքուն ու Մոսկվան դեմ են հանդես գալիս այս առաքելությանը, իսկ Երևանը նշում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը գործուղումը պայմանավորված է նրանով, որ ՀԱՊԿ-ն չի կատարում Հայաստանի անվտանգության նկատմամբ իր պարտավորությունները։

Լուսանկարում ձախից աջ՝ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter