HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանը մերժել է հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ-անցագրային կետերի տեղադրման առաջարկը. Ջեյհուն Բայրամով

Երևանը չի ընդունել Բաքվի առաջարկը հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ-անցագրային կետերի տեղադրման վերաբերյալ։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանն այս նախաձեռնությունը մերժել է առանց որևէ բացատրության։ 

«Պաշտոնական Երևանն ընդունելի չի համարել առաջարկը՝ հայ-ադրբեջանական պայմանական սահմանին հսկիչ-անցագրային կետերի տեղադրման վերաբերյալ»,- հայտնել է Բայրամովը։

Բայրամովը պնդում է, որ «Հայաստանը նաև խուսափում է Ադրբեջանի հետ բանակցություններից»՝ հավելելով, թե Բաքուն «պատրաստ է Ղարաբաղում բնակվող հայ բնակչությանը ինտեգրել ադրբեջանական հասարակությանը»։ Նրա խոսքով՝ այսօր Ադրբեջանը խոսում է «խաղաղության օրակարգի մասին և թերթել է պատմության սև էջերը՝ ի շահ լուսավոր ապագայի»։

Մյունխենում Հայաստանի վարչապետի ու ԱՄՆ պետքարտուղարի հետ եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցներին հայտարարել էր, որ Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծել։ «Ես նշեցի, որ լավ կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ ընթացակարգով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծեին հսկիչ-անցագրային կետեր։ Մենք այսօր պաշտոնապես ներկայացրեցինք այդ առաջարկը։ Ավելի վաղ այդ առաջարկն ուղարկվել էր ոչ պաշտոնական ալիքներով»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։

Ընդ որում, նա ընդգծել էր, որ Հայաստանը որևէ դիրքորոշում այս հարցով չէր արտահայտել։ «Հավանաբար, նրանց որոշակի ժամանակ է անհրաժեշտ քննարկման համար։ Բայց մեր առաջին տպավորությունն այնպիսին է, որ և՛ Եվրոպայում, և՛ Ամերիկայում մեր այդ առաջարկը տրամաբանական են համարում։ Եվ դա, իհարկե, կարևոր գործոն է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար, որովհետև եթե մենք խոսում ենք սահմանազատման մասին, ապա առանց հսկիչ-անցագրային կետերի դա անհնար է։ Եթե մենք խոսում ենք հաղորդակցությունների բացման մասին, ապա, իհարկե, և՛ «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերին, և՛ Լաչինի շրջանի ու Հայաստանի միջև սահմանին, պետք է ստեղծվեն հսկիչ-անցագրային կետեր»,- հայտարարել էր Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը կսպասի հայկական կողմի պատասխանին։

Բայրամովն անդրադարձել է նաև Հաագայի միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ միջանկյալ որոշման կայացման ուղղությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը «իր երազանքները փորձում է ներկայացնել որպես իրականություն»։ Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ «անհիմն են պնդումները, թե դատարանը բավարարել է Երևանի պահանջները»։

«Ցավալի է, որ վարչապետը, որը չի կարողանում ընդունել դատարանի կողմից Հայաստանի երկու հիմնական պահանջների մերժումը՝ այն մասին, որ Խանքենդի (խմբ. Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը) - Լաչին (խմբ. Բերձոր) ճանապարհին ադրբեջանցի էկոակտիվիստների խմբի ակցիան իբր կազմակերպվել է ադրբեջանական կառավարության կողմից և Ադրբեջանը խոչընդոտում է բնական գազի ու կոմունալ մյուս ծառայությունների մատակարումը, խեղաթյուրում է դատարանի հիմնավորումը հարցի վերաբերյալ»,- ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Հաագայում տեղակայված Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը։ Միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Արցախի գազամատակարարումը եւ էներգամատակարարումը վերականգնելու վերաբերյալ Հայաստանի պահանջը չբավարարվեց, քանի որ, ըստ դատարանի, Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ Ադրբեջանն է դրանք խափանել։ 

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի հայցը քննում էր այս տարվա հունվարի 30-ին։ Հայաստանը միջազգային դատարանից պահանջել էր հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել արդեն ավելի քան 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի եւ գազամատակարարումը։ Հայաստանի հայցը դատարանում ներկայացնում էր միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ադրբեջանն իր հերթին պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «դադարեցնել ականապատումը ու Լաչինի միջանցքով ականների տեղափոխումը»: Դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Լուսանկարը՝ Trend գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter