
Ու՞մ են պատկանում Հայաստանում գրանցված թեթեւ ինքնաթիռները. ավիատորներից մինչեւ խոշոր գործարար
Ընդհանուր նշանակության ավիացիան ներկայացնող եւ Հայաստանում այս պահին գրանցված 7 թեթեւ ինքնաթիռներից 3-ին անդրադարձել ենք նախորդ հոդվածում: Այս անգամ կխոսենք մյուս 4-ի մասին:
«ՖլայՄի» ընկերությունն ու «Cessna 177» ինքնաթիռը նոր տերեր ունեն
Դեռ 2019-ին գրել էինք մեծ ավիացիայից ընդհանուր նշանակության ավիացիա տեղափոխված օդաչու-հրահանգիչ, հրամանատար Դավիթ Սարգսյանի մասին, որն իր «ՖլայՄի» ընկերությամբ նախատեսում էր տարբեր ծառայություններ մատուցել փոքր/թեթեւ ավիացիայի ոլորտում: «ՖլայՄի» ընկերության առանձնահատկությունը մյուսներից այն էր, որ ուղեւորներին «cost share» թռիչքների մասնակցելու առաջարկ էր անում: Սրա շրջանակներում մասնավոր օդաչուն (private pilot) կատարում է անձնական (ոչ կոմերցիոն) թռիչք, սակայն դրան կարող է մասնակցել առավելագույնը 5 ուղեւոր, ու այս 6-ը թռիչքի հետ կապված ծախսերը կիսում են միմյանց միջեւ, ինչից էլ առաջացել է «cost share» անվանումը: Սարգսյանը «Հետքին» պատմել էր, որ նման թռիչքները մարքեթինգային քայլ են իրենց գործունեության մեկնարկի համար: ««Cost share» տարբերակով թռչելով՝ մենք մեզ գովազդում ենք: Որոշ ժամանակ անց, երբ կհասկանանք հաճախորդների պահանջները, ծրագրում ենք մեծացնել ինքնաթիռների պարկն ու անցնել կոմերցիոն գործունեության»,- հայտնել էր օդաչուն:
Դավիթ Սարգսյան
2019-ի փետրվարին Դավիթն ընկերների հետ ֆրանսիական Կաոր քաղաքից Հայաստան էր տեղափոխել «Cessna F177RG» տիպի օդանավ (սա ամերիկյան հայտնի «Cessna»-ի՝ Ֆրանսիայում արտադրված տարբերակ է), որը նախատեսված է 1 օդաչուի եւ 3 ուղեւորի համար: Մինչեւ մեր երկիր հասնելն այն անցել էր Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Թուրքիայի ու Վրաստանի օդային տարածքներով: 1971-ին արտադրված ինքնաթիռն ի սկզբանե գրանցված է եղել Մեծ Բրիտանիայում (1971-1993 թթ.՝ G-AYPF, 1993-2019 թթ.՝ G-OAMP): Հայաստանում բորտը ստացել է EK-FLY յուրօրինակ գրանցումը: Դ. Սարգսյանն առաջինն էր Հայաստանում, որ օդանավի համար ընտրեց նման գրանցում, ինչը հետո, փաստորեն, վարակիչ դարձավ մյուսների համար: Չնայած դեռ 2007-ից իրավունք կար օդանավեր գրանցելիս EK ազգային նիշից հետո գրել ոչ միայն թվեր, այլեւ տառեր, քաղաքացիական օդանավերի գրանցման համարներում մինչ այս միշտ թվեր էին կիրառվում:
Քանի որ «ՖլայՄի» ընկերության գործունեության սկզբնական փուլում Դավիթը թռչելու էր որպես մասնավոր օդաչու, ինքնաթիռի շահագործող էր գրանցված հենց նա եւ ոչ թե ընկերությունը: Բայց 2019-ի դեկտեմբերին EK-FLY-ը գրանցվեց «ՖլայՄի»-ի անունով:
Այդուհանդերձ, ընկերության մեծ ծրագրերն իրականություն չդարձան, այն այդպես էլ ձեռք չբերեց կոմերցիոն փոխադրումների իրավունք ընձեռող ՕՇՎ (օդանավ շահագործողի վկայական): Նկատենք, որ ՍՊԸ-ն 2018-ի դեկտեմբերին հիմնադրել էր երեւանցի Էլլա Հակոբջանյանը, որին 2019-ի հունվարին միացել էր Դ. Սարգսյանը: Վերջինս, սակայն, «ՖլայՄի»-ի փայատերերի կազմից դուրս եկավ 2020-ի օգոստոսին, իսկ Հակոբջանյանը՝ նույն տարվա նոյեմբերին:
«Զվարթնոցում» (արխիվային լուսանկար)
Ընկերությունը, այդ թվում՝ դրա սեփականություն հանդիսացող «Cessna F177RG» օդանավը, անցավ երեւանցի Գեւորգ Գեւորգյանին, որն իր հերթին 2022 թ. փետրվարին ՍՊԸ-ի իր ամբողջ բաժնեմասը փոխանցեց նոր տերերի՝ երեւանցիներ Աննա Սարգսյանին, Արամ Փախչանյանին, Արտյոմ Կռիլովին, Հմայակ Պետրոսյանին, Երվանդ Խալափյանին (վերջինիս 2022-ի դեկտեմբերին փոխարինել է Ադրինե Թումանյանը): 5 փայատերերը 20-ական % փայ ունեն «ՖլայՄի» ՍՊԸ-ում:
Աննա Սարգսյանը Հայաստանի պարագլայդինգի (պարապլաներային սպորտի) ֆեդերացիայի նախագահ, «Sky Club» ակումբի հիմնադիր Արմեն Սարգսյանի քույրն է, ու պատահական չէ, որ 2022-ից «ՖլայՄի»-ն գրանցված է Սարգսյանների հասցեում, որտեղ գրանցված է նաեւ ֆեդերացիան: Արամ Փախչանյանն էլ «Այբ» կրթական հիմնադրամի եւ նույնանուն դպրոցի հիմնադիրներից է, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Նախկին փայատեր Երվանդ Խալափյանը «SmartBet» տեխնոլոգիական ընկերության («ABC Lab» ՍՊԸ) հիմնադիրներից է ու դրա տնօրենը, իսկ նրան հաջորդած Ադրինե Թումանյանը աուդիտոր է:
Այսպիսով՝ «ՖլայՄի» ՍՊԸ-ն ու դրան պատկանող EK-FLY գրանցումով «Cessna F177RG» ինքնաթիռը 2022-ի փետրվարից փոխկապակցված են Հայաստանի պարագլայդինգի (պարապլաներային սպորտի) ֆեդերացիային ու «Sky Club» ակումբին, ինչպես նաեւ դրանց ղեկավար Արմեն Սարգսյանին: Ըստ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի տվյալների՝ «ՖլայՄի»-ն ոչ միայն EK-FLY-ի սեփականատերն է, այլեւ շահագործողը: Օդանավը, սակայն, ներկայում չունի թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, ինչը նրան թույլ կտա թռիչքներ կատարել:
Պարագլայդինգի ֆեդերացիայի նախագահի «Cessna 172»-ը
Վերոնշյալ ֆեդերացիան ու «Sky Club»-ը ներկայում օգտագործում են Եղվարդի անավարտ ջրամբարի տարածքում ստեղծված թռիչքային հարթակը (թռիչքուղին): 2019-ին ՔԱԿ-ից տեղեկացել էինք, որ Արմեն Սարգսյանը ցամաքային ճանապարհով Հայաստան է ներկրել «Cessna F172G» տիպի ինքնաթիռ (1 օդաչու + 3 ուղեւոր): Սա ամերիկյան «Cessna 172G»-ի ֆրանսիական տարբերակն է՝ արտադրված Ռեյմսում, ինչպես վերոնշյալ «Cessna F177RG»-ն:
Հայաստանում Ա. Սարգսյանի օդանավը ստացավ EK-SKY գրանցումը: Եթե «ՖլայՄի»-ի EK-FLY-ը նախապես բազավորվում էր «Զվարթնոցում», ապա EK-SKY-ը կայանված էր ՊՆ-ին ենթակա «Արզնի» օդանավակայանում (տես ստորեւ՝ տեսանյութում), որի աերոդրոմը, հիշեցնենք, 2018-ի փետրվարից ճանաչվել էր համատեղ բազավորման, այսինքն՝ այստեղ կարող էին բազավորվել ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքացիական օդանավեր (կարգավիճակը նորից փոխվել է 2022-ին):
Այդուհանդերձ, հետագայում երկու «Cessna»-ներն էլ տեղափոխվեցին Եղվարդի թռիչքային հարթակ: EK-SKY-ի վրա թռիչքային պրակտիկա են ձեռք բերել եւ օդաչուի վկայական ստացել ավիացիայի մի շարք սիրահարներ:
Արմեն Սարգսյանը EK-SKY-ի թե՛ սեփականատերն է, թե՛ շահագործողը: Նրա եւ գործընկերների ջանքերով փոքր/թեթեւ ավիացիան աշխուժություն է դրսեւորում Եղվարդի հարթակում (տես ստորեւ):
Տեսանյութում երեւում է նաեւ ավիատոր Սիմոն Մնոյանի «Միջազգային թռիչքային ակադեմիա» ՍՊԸ-ին պատկանող «Piper PA-28-181 Archer II»-ը, որը Հայաստանում գրանցված է որպես EK-JAN: Սրա մասին գրել էինք նախորդ հոդվածում:
Վերջերս գրել էինք, որ հունվարի 18-ին «Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամը» հայտ է ներկայացրել ՔԱԿ՝ «Եղվարդ» թռիչք-վայրէջքի հարթակի շահագործման թույլտվություն ստանալու համար: Կոմիտեն հայտը վերադարձրել է՝ թերությունները եւ անճշտությունները լրամշակելու առաջարկով։
Դավիթ Սարգսյանի նոր օդանավերը
Վերադառնալով ավիատոր Դավիթ Սարգսյանին՝ նկատենք, որ նա «ՖլայՄի» ընկերությունից դուրս գալուց հետո չի թողել փոքր ավիացիան:
2022-ի սեպտեմբերին Հայաստանում որպես EK-AKD գրանցվել է ամերիկյան «Cirrus SR22 GTS» տեսակի ինքնաթիռ (1 օդաչու + 3 ուղեւոր), որի սեփականատերն ու շահագործողը, ըստ ՔԱԿ-ի, երեւանցի Սերինե Հակոբյանն է: Օդանավն արտադրվել է 2005-ին, նախկինում գրանցված է եղել Մեծ Բրիտանիայում (G-OGGM):
Չնայած ինքնաթիռը գրանցված է Սերինե Հակոբյանի անունով, դրա ձեռքբերման ու Հայաստանում գրանցվելու, այստեղ կիրառվելու մասին հայկական ավիացիայով հետաքրքրվողներն իմացան օդաչու Դավիթ Սարգսյանից: Հրապարակելով արդեն իսկ EK-AKD գրանցումն ստացած «Cirrus SR22»-ի լուսանկարը՝ նախորդ տարվա սեպտեմբերին Սարգսյանը գրել էր. «Եվ սա միայն սկիզբն է»:
Օդանավը Հայաստան է տեղափոխվել նոյեմբերին: Օդաչու Ռոբ Ակրոնը, որը բորտը բերել է Երեւան, գրել էր, թե դրա երջանիկ սեփականատերն օդանավը փորձում էր ստանալ ավելի քան մեկ տարի շարունակ:
«Զվարթնոցում», 28.11.2022
EK-AKD-ն Դավիթ Սարգսյանին առնչվող միակ օդանավը չէ: Երկրորդը սլովենական «Pipistrel Virus SW100» տեսակի ինքնաթիռ է (1 օդաչու + 1 ուղեւոր), որը չնայած դեռ չի գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում (կրում է գերմանական գրանցում՝ D-EYFF), նախորդ տարվա աշնանը Գերմանիայից տեղափոխվել է մեր երկիր:
Համացանցում առկա է դրա վաճառքի մասին հայտարարությունը, որը նախորդ սեփականատերը տեղադրել էր 2022-ի հունիսին: Այստեղից էլ իմանում ենք, որ օդանավը 2012 թ. արտադրության է:
«Pipistrel Virus SW100»-ը Հայաստան բերելուց հետո Դավիթ Սարգսյանը հասցրել է նաեւ դրանով թռչել մեր երկնքում:
Օդաչու դառնալ ցանկացողներին Դավիթն առաջարկում է սովորել ու մասնավոր օդաչուի վկայական (private pilot license, PPL) ձեռք բերել:
Գործարարի մասնավոր ինքնաթիռը
2022 թ. օգոստոսին Հայաստանում գրանցվել է ֆրանսիական «Daher» ավիաշինական ընկերության «TBM 940» ինքնաթիռը (1(2) օդաչու + 5(4) ուղեւոր): Վերջինս արտադրվել է 2019-ին եւ 2020-ի փետրվարին գրանցվել ռուսական ռեգիստրում որպես RA-07840: Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, «Daher»-ի պաշտոնական ներկայացուցիչը ԱՊՀ երկրներում հայ ավիատոր Սիմոն Մնոյանի կրասնոդարյան «Սիմավիա» ընկերությունն է: Հետաքրքիր է, որ RA-07840-ը Ռուսաստանում գրանցված առաջին «TBM 940»-ն է եղել: Ըստ bizavianews.ru-ի՝ այս օդանավի առաջին 250 թռիչքային ժամերն իր հաշվին գրանցել է հենց Սիմոն Մնոյանը, այսինքն՝ նա է եղել այս ինքնաթիռի առաջին օդաչուն:
Ռուսաստանում գրանցված լինելու ընթացքում ինքնաթիռը Մոսկվայի «Օստաֆեւո» օդանավակայանից (սա գործարար ավիացիայի բազավորման վայր է) պարբերաբար ժամանել է «Զվարթնոց»: Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ ռուսական գրանցումով վերջին թռիչքը եղել է 2022 թ. հուլիսի 16-ին, երբ օդանավը Եկատերինբուրգից թռել է Երեւան: 2022-ի օգոստոսին «TBM 940»-ը փոխել է գրանցումն ու որպես EK-222 մտել հայկական ռեգիստր:
Հայաստանում օդանավի սեփականատեր ու շահագործող է գրանցվել երեւանյան «Քանաքեռ» ՓԲԸ-ն: 1995-ին հիմնադրված այս ընկերությունը ««Քանաքեռ» կոշիկի ֆաբրիկա» պետական ձեռնարկության իրավահաջորդն է: ՓԲԸ-ի միակ բաժնետերը գործարար Նորիկ Պետրոսյանն է, որը հայտնի է, մասնավորապես, Հայաստանի հանքարդյունաբերության մեջ ներգրավված լինելով. Պետրոսյանը «Թեղուտ» ՓԲԸ-ի 25,05 %-ի բաժնետերն է: Հանքարդյունաբերական այս ձեռնարկության գլխավոր բաժնետերը ռուսական «ՎՏԲ Բանկն» է (49,95 %): Ն. Պետրոսյանն ընտանիքի հետ հաշվառված է Կոտայքի մարզի Ակունք գյուղում:
Նորիկ Պետրոսյանը, թիկունքում՝ «Armenian Helicopters»-ի նախկին «H130» ուղղաթիռը
Չի բացառվում, որ Ռուսաստանում գրանցված ժամանակ եւս «TBM 940»-ի սեփականատերը հենց Պետրոսյանն է եղել: Վերջինիս ռուսական ընկերությունները գլխավորապես հանքարդյունաբերության, անշարժ գույքի եւ շինարարության ոլորտներում են գործունեություն ծավալում:
Հավելենք, որ EK-222-ը հայկական ռեգիստրում գրանցվել է 1 տարի ժամկետով՝ մինչեւ 2023 թ. օգոստոս:
Մեկնաբանել