HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում թանկարժեք բնակարան է գնել։ Գործարքը տեղի է ունեցել 2022 թ-ի ամռանը։ Բնակարանի ձեռքբերման գործարքը ֆինանսավորել է(հիփոթեքային վարկով վարկավորել է) Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը»։ Իսկ շենքը, որտեղ գտնվում է նախարարի բնակարանը, կառուցում է նախկին պատգամավոր, այժմ գործող իշխանությունների աջակցությունը վայելող Աշոտ Արսենյանի ընկերությունը։ «Հետքը» մանրամասներ է պարզել անշարժ գույքի ձեռքբերման գործարքի վերաբերյալ։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կնոջ՝ Արմինե Մուրադյանի հետ նոր բնակարան է գնել, որը դեռ չի հանձնվել շահագործման։ Նորակառույց շենքը գտնվում է Արշակունյաց պողոտա 18/4 հասցեում՝ նոր ձևավորվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Շենքն ամբողջությամբ կառուցված է, ընթանում են երեսպատման և ներքին հարդարման աշխատանքներ։

Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի անունով, բնակելի համալիրում (Դ մասնաշենքում) «կառուցվող շենքում բնակարան ձեռք բերելու իրավունքը» գրանցվել է 2022 թ.-ի ամռանը՝ հուլիսի 27-ին։

«Հետք»-ին այլ աղբյուրից հաջողվեց պարզել, որ նորակառույց շենքում գտնվող բնակարանը 165 քառակուսի մետր է, իսկ գործարքի գինը կազմել է 69 միլիոն դրամ։ Այս գումարը բնակարանը ձեռքբերելու ամսվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած տարադրամի միջին փոխարժեքով կազմում է 168 հազար ԱՄՆ դոլար (1 ԱՄՆ դոլարը 410 դրամ): Այսինքն՝ 1 քմ-ի արժեքը հուլիսի 27-ի դրությամբ կազմել է 1019 դոլար։ Մենք զրուցել ենք «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնել ցանկացողների հետ, որոնց փոխանցմամբ՝ 2020 թ.-ին` մինչեւ պատերազմը, երբ անշարժ գույքի գներն ավելի ցածր էին, նշված համալիրում 1 քմ մակերեսով գույքն ավելի թանկ էր՝ սկսվում էր 1 քմ-ն 1200 դոլարից (ցածր հարկերը՝ 1100 դոլարից)։

«Բյուրեղ» բնակելի համալիրում այսօր անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը սկսվում է 2500 ԱՄՆ դոլարից։ Այդ պայմաններում Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն  դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։

Գրավոր հարցմամբ դիմեցինք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպե՞ս է իրեն հաջողվել այդ բնակարանը գնել շուրջ 100 միլիոն դրամ էժան։

Նախարարը գրավոր հայտնեց, որ 2022 թ-ի հուլիսին բնակարանը գնել է «Հայէկոնոմբանկի» վարկային միջոցներով։ «Անդրադառնալով ձեր կողմից բարձրաձայնված հարցին՝ պետք է նշեմ, որ հիշյալ բնակարանի շուկայական գնի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալու համար հարկ է դիմել բազմաբնակարան շենքի վաճառքով զբաղվող ընկերությանը»,- նշել է Սուրեն Պապիկյանը՝ փաստացի չպարզաբանելով հաջող գործարքի հանգամանքները։

Պարզաբանում ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմել ենք նաև «Բյուրեղ» բնակելի համալիրը կառուցող ընկերության՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տնօրենին։ Քանի որ ընկերության ներկայացուցչից հեռախոսով չկարողացանք հստակ պատասխան ստանալ, թե կոնկրետ երբ կպատասխանեն մեր հարցերին, որոշեցինք նյութը հրապարակել։ Հարցման պատախանը ստանալուն պես այն նույնպես կհրապարակենք։

Ո՞վ է կառուցել բնակարանը և ո՞վ է ֆինանսավորել գործարքը

412 հազար դոլար արժողությամբ բնակարանը 168 հազար դոլարով գնելու հնարավորությունը, հավանաբար, պայմանավորված է գործարքի կողմ հանդիսացող մյուս անձի՝ Աշոտ Արսենյանի գործոնով։

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աշակունյաց 18/4 հասցեի բնակելի և հասարակական համալիրը կառուցում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն, որը պատկանում է նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին։ Արսենյանը Ազգային ժողովի պատգամավոր է եղել 2003-2012 թթ-երին, անդամակցել է Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությանը։ Ամեն բան, սակայն, փոխվեց 2018 թ.-ից հետո։ 2019 թ.-ին «Ջերմուկ գրուպ»-ը Երևանի քաղաքապետարանին ձյուն մաքրելու մեքենաներ նվիրեց, ապա ստացավ Արշակունյաց պողոտայում բարձրահարկ բազմաբնակարան համալիր կառուցելու թույլտվությունը։ Նույն տարում քրեական գործ հարուցվեց Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի` բանակից ազատվելու հանգամանքները պարզելու վերաբերյալ, որը, շատ չանցած, կարճվեց։ Իսկ արդեն 2021-ի հոկտեմբերին նույն Վահագն Արսենյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակեց Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Պաշտոնակատարից համայնքապետ կես քայլ էր։ 2021 թ.-ի դեկտեմբերի 5-ին Ջերմուկ համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթեց, իսկ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Վահագն Արսենյանը դարձավ Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավար։

Պաշտպանության նախարարի բնակարանի գնման գործարքը վարկավորել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն, որի բաժնետոմսերի կեսից ավելին պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Բանկի պաշտոնական կայքի տվյալներով, բանկի գրանցված և ամբողջությամբ վճարված բաժնետիրական կապիտալի 57.52%-ը պատկանում է Սուքիասյաններին։

Ի դեպ, «Հայէկոնոմբանկն» է ֆինանսավորել նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի առանձնատան ձեռքբերման գործարքը, որը կազմել է 280 հազար ԱՄՆ դոլար։

2019 թ.-ին, երբ Սուրեն Պապիկյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էր, Արաբկիր վարչական շրջանում գտնվող Ադոնցի փողոցում նոր կառուցված շենքում ձեռք է բերել 86 քմ մակերեսով բնակարան։ Այս դեպքում կառուցապատողը «Միկշին» ՍՊԸ-ն էր։ Բնակարանի արժեքը կազմել է 27 միլիոն դրամ։ Նույն տարում Սուրեն Պապիկյանը երկու տարբեր բանկերից վարկեր է վերցրել։ 18.7 միլիոն դրամ «Արդշինբանկից» է վարկ վերցրել, 1 միլիոն 850 հազար դրամ՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկից։ Բնակարանը ձեռք բերելիս պաշտոնյան օգտվել է «եկամտահարկի վերադարձի» որոշմամբ սահմանված արտոնությունից։

Մեկնաբանություններ (2)

Robert
I don't understand what Hetq is alleging in this article. Is it that Papikyan purchased the apartment via illegal means or at a lowewr price via his contacts with the developer and the government? Does Hetq have evidence of wrongdoing? It's great that Hetq raises questions about the transaction and provides specifics, but that's where the article ends. There's no incriminating evidence of illegality. To say that the apartment's market value is now worth much more doesn't imply wrongdoing. Has Papikyan addressed any of this?
GB
Mr. Papikian should live under a tent with front-line Armenian soldiers to be ready for combat positions to boost their morale.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter