HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի խորհրդարանը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների մասին» օրենսդրական նախագիծը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնության մյուս անդամ կուսակցությունները որոշել են հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենսդրական նախագիծը, որն առավել հայտնի է «օտարերկրյա գործակալների մասին» օրենսդրական նախագիծ անունով և վերջին շրջանում Վրաստանի քաղաքներում բազմահազարանոց բողոքի ցույցերի պատճառ էր դարձել։ Այդ մասին փոխանցում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։

«Մենք տեսնում ենք, որ ընդունված օրենսդրական նախագիծը տարաձայնություններ է առաջացրել հանրության շրջանում։ Ստի մեքենան կարողացել է օրենսդրական նախագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո և մոլորության մեջ գցել հանրության որոշակի հատվածի։ Օրենսդրական նախագծի վրա դաջվել էր «ռուսական օրենք» կեղծ պիտակը, իսկ առաջին ընթերցմամբ դրա ընդունումը հանրության շրջանում ներկայացվել է որպես եվրոպական ուղուց հեռացում։ Բացի այդ, արմատական ուժերին հաջողվել է երիտասարդության մի հատվածի ներգրավել հակաիրավական գործունեությանը»,- ասված է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, որը մեջբերում է վրացական հեռուստաընկերությունը։

Իշխող ուժը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանն ու իրավապահ համակարգին՝ «բռնությանը պատշաճ, համբերատար և ամենաբարձր չափանիշներով արձագանքելու համար»։

Վրաստանում արդեն մի քանի օր շարունակվում են բողոքի ակցիաները, ինչը պայմանավորված է, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենսդրական նախագծի ընդունմամբ։ Այն խորհրդարան էր ներկայացվել երկու տարբերակով։ Մարտի 7-ին խորհրդարանական մեծամասնությունն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական նախագիծը։ Դրանով նախատեսվում էր ստեղծել Վրաստանում «օտարերկրյա գործակալների» ռեեստր, որտեղ կներառվեն այն բոլոր հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, որոնց տարեկան եկամուտների 20 %-ից ավելին ձևավորվում է օտարերկրյա ֆինանսավորման միջոցով։

Մարտի 9-ին նախատեսված էր օրենսդրական նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը։ Ընդ որում, այսօր պետք է քննարկվեր նաև «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենսդրական նախագիծը, ըստ որի՝ «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ կարող է ստանալ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ֆինանսավորում է ստանում արտասահմանից։

Մարտի 7-8-ը Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայի վրա գտնվող խորհրդարանի շենքի մոտ տեղի են ունեցել բազմահազարանոց բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները դեմ էին այս փոփոխություններին։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել էր արցունքաբեր գազ և ջրցաններ։ 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս իր աջակցությունն էր հայտնել ցուցարարներին՝ հայտարարելով, որ վետո է դնելու օրենսդրական այդ նախաձեռնությունների վրա։ Վրաստանում, սակայն, նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են, ինչի պատճառով խորհրդարանական մեծամասնությունը կարող էր շրջանցել նախագահական վետոն։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter