HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Գեներալ Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին 2 ամսով կալանավորելու մասին դատախազի միջնորդությունը։ Այս մասին «Հետքին» հայտնեց Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը։

«Վերջերս առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանավորման մասին քննիչի միջնորդությունը, դատախազը վերաքննիչ բողոք էր բերել։ Հակակոռուպցիոն խմբի դատավոր Մակյանը բավարարել է դատախազի բողոքը»,- ասաց Ենոքյանը՝ նշելով, որ որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարան։ 

Պաշտպանի խոսքով՝ վերլուծելու կարիք կա, թե ինչ է տեղի ունեցել։ «Ամսի 13-ին է որոշումը կայացվել, նոր են տրամադրել, ինչ-որ առեղծվածային բաներ կան»,- ասաց նա։

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդությունը։ Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։ 

Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանն ասել էր, որ Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքն անհիմն է: Նրա խոսքով՝ այս քրեական գործը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասն է․ «Ըստ էության՝ նույն գործն է, մի քանի գործ է հարուցված եղել, միացրել են իրար։ Մեղադրանքը փողերի լվացմանն է առնչվում, բայց ԱԺ-ում հնչեցված միջնորդության դեպքի հանգամանքների հետ որևէ առնչություն չունի։ Այնտեղ պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ պատճառված վնասի մասին է խոսքը, գույքեր օտարելու մասին, իսկ այստեղ (խմբ․ Խաչատուրովի գործում) այդ գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է որպես փողերի լվացում»,- ասել էր նա։

Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքի հիմքում ընկած է 14 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություն, և այս գործն ունի վաղեմության ժամկետ՝ 15 տարի։ Հակոբ Ենոքյանի պնդմամբ՝ գործը ոչ թե զորամասի գնման մասին է, այլ՝ հողատարածքի, որը գտնվում է Արարատի մարզի Արմաշ համայնքում։

Պաշտպանն ասում է, որ այս գործով ապացուցման առարկան հետեւյալն է՝ տվյալ գույքն արդյոք անօտարելի էր, թե ոչ։ «Միայն այն հանգամանքը, որ ենթադրաբար գործարք է կնքվել, որը օրենքի շրջանցմամբ է եղել, դեռևս բավարար չէ, որ համարվի՝ փողերի լվացում է եղել»,- ասաց Հակոբ Ենոքյանը։

Նշենք, որ ըստ Գլխավոր դատախազի միջնորդագրի` Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից, որի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և ՊՆ զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8 մլն 895 հազար 600 դրամ կադաստրային արժեքով շինությունները (զորամասի շտաբ՝ 252,8 քմ մակերեսով, զորանոց՝ 366,4 քմ մակերեսով, ճաշարան՝ 186,9 քմ մակերեսով, 630,6 քմ ընդհանուր մակերեսով շինություն, ծածկ, ակումբ, կաթսայատուն, սանհանգույց և հսկիչ անցագրային կետեր), անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով, փաստացի վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, սակայն պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու ստորաբաժանումում՝ որպես սեփականություն, գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ. այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելությունը:

Գրիգորի Խաչատուրովը երկու անգամ՝ նախ 2009 թվականի մայիսի 13-ին, այնուհետև՝ 2016 թվականի օգոստոսի 16-ին, նշված անշարժ գույքը գրավադրել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերությունում, վերջինից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար և այդ եղանակով օրինականացրել է նշված գումարի հանցավոր ծագումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter