HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Fly One Armenia»-ն առաջին օդանավն է գրանցել Հայաստանում

Հայ-մոլդովական «Fly One Armenia» ավիաընկերությունը, որը հայկական շուկայում աշխատում է 2021 թ. դեկտեմբերից, Հայաստանում իր առաջին օդանավը գրանցել է միայն օրերս՝ մարտի 27-ին: Կարող է տարօրինակ թվալ, բայց հենց «Fly One Armenia»-ն է 2022 թ. եղել ամենաշատ ուղեւոր (458.542 մարդ) տեղափոխած ավիաընկերությունը հայկական շուկայում՝ գերազանցելով ոչ միայն այլ հայկական փոխադրողների, այլեւ արտասահմանյան օպերատորներին:

Բացատրությունը մեկն է՝ ՀՀ գրանցումով փոխադրողն այսքան ժամանակ աշխատել է Մոլդովայում գրանցված ինքնաթիռներով: Ընդ որում՝ հենց այս հանգամանքն է թույլ տվել, որ «Fly One Armenia»-ն, ի տարբերություն մյուս հայկական օպերատորների, կարողանա թռիչքներ կազմակերպել դեպի ԵՄ երկրներ, որոնց երկինքը փակ է հայկական գրանցումով օդանավերի առաջ:

Հիշեցնենք, որ «Fly One Armenia»-ն իր թռիչքային գործունեությունն սկսեց մայր կազմակերպությունից՝ մոլդովական «Fly One»-ից վարձակալած 2 հատ «Airbus A320» տիպի ինքնաթիռներով (մոլդովական գրանցումները՝ ER-00006 եւ ER-00007): 2022-ի հունիսին դրանց ավելացավ ER-00002 գրանցմամբ «Airbus A319»-ը: Կրկնենք՝ չնայած սրանք վարձակալությամբ շահագործվում են «Fly One Armenia»-ի կարիքների համար, դրանց պատասխանատուն, շահագործողը «Fly One»-նն է:   

Մոլդովական օպերատորն իր բորտերից 1 հատ «Airbus A320» (մոլդովական նախկին գրանցումը՝ ER-00004) անցյալ տարվա դեկտեմբերին հանձնել է ռումինական դուստր ընկերությանը՝ «Fly One Romania»-ին: Ռումինիայում այժմ այդ օդանավը կրում է YR-FIA գրանցումը, ու չնայած ռումինական օպերատորը բազավորվում է Բուխարեստում, թռիչքներին առցանց հետեւող կայքերից տեղեկանում ենք, որ YR-FIA-ն չվերթեր է կատարում ոչ թե այդտեղից, այլ Քիշնեւից:

Ներկա պահին միակ ինքնաթիռը, որը թե՛ «Fly One»-ի հաշվեկշռում է, թե՛ նրա կարիքների համար է օգտագործվում, Մոլդովայում որպես ER-00005 գրանցված «Airbus A320»-նն է:

Այլ կերպ ասած՝ «Fly One»-ի ընտանիքից հայկական փոխադրողը մինչ օրս միակն էր, որ չուներ իր հաշվեկշռում գտնվող օդանավ, ու բավարարվում էր մայր ընկերությունից վարձակալած բորտերով: Իրավիճակը փոխվել է մարտի 27-ին, երբ վերոնշյալ «Airbus A319»-ը (ER-00002) օդանավերի մոլդովական ռեգիստրից տեղափոխել է Հայաստան ու մեր երկրում ստացել EK-FOA գրանցումը:  

Այս ինքնաթիռը նախատեսված է 144 հոգու համար: Արտադրվել է 2001-ին Գերմանիայում։ Նախկինում շահագործվել է Մեքսիկայում, Կոլումբիայում, ԱՄԷ-ում, Մոլդովայում։ «Fly One»-ն այն շահագործում էր 2017-ից, իսկ սեփականատերն իռլանդական «Genesis Aircraft Services» լիզինգատու ընկերությունն էր, բայց ch-aviation.com մասնագիտական կայքը 2022-ի մայիսին գրել էր, որ մոլդովական փոխադրողը գնել է օդանավը, ինչը նշանակում է, որ այն դարձել է «Fly One»-ի միակ սեփական օդանավը (ER-00006-ի ու ER-00007-ի սեփականատերն, ըստ ավիացիոն տեղեկատուների, իռլանդական «Avolon»-ն է, իսկ ER-00005-ի ու YR-FIA-ի տերը՝ ամերիկյան «Aircastle»-ը):  

Մոլդովայի օդանավերի ռեգիստրում, որը վերջին անգամ թարմացվել է մարտի 27-ին, տեսնում ենք, որ «Fly One»-ի հաշվեկշռում կա 3 ինքնաթիռ՝ ER-00005, ER-00006 եւ ER-00007 գրանցումներով «Airbus A320»-ները, այսինքն՝ Հայաստան տեղափոխված նախկին ER-00002-ն այլեւս այնտեղ չէ:

Մյուս կողմից՝ թռիչքներին առցանց հետեւող կայքերում տեսնում ենք, որ այս պահին «Fly One Armenia»-ի տրամադրության տակ գտնվող օդանավերից թռիչքներ է կատարում միայն ER-00007-ը: ER-00006-ը վերջին անգամ մարտի 6-ին Երեւանից մեկնել է Ստամբուլ ու մինչ օրս այնտեղ է: Իսկ ER-00002-ը, որ, ինչպես ասվեց, արդեն EK-FOA է դարձել, մարտի 18-ին Երեւանից թռել է Հորդանանի մայրաքաղաք Ամման ու շարունակում է մնալ այնտեղ: Ըստ էության, երկու օդանավերն էլ տեխնիկական սպասարկում են անցնում:    

Լուսանկարում՝ ER-00002-ը՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, 11.10.2022, հեղ.՝ Տիմոֆեյ Պանտելեեւ / planespotters.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter