HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Քյուրումյան

Պետական գնումներ. Հայաստանի պետական ֆինանսական կառավարման համակարգի աքիլեսյան գարշապարը․ մաս 2

Սկիզբը

Գնումների էլեկտրոնային համակարգը

Armeps-ի համաձայն ՏԿԵՆ-ը 329,900,000,000.0 (մոտ 815.4 մլն դոլար) և 99,980,000,000.0 դրամ (մոտ 247.1 մլն դոլար) ընդհանուր գումարով պայմանագրեր է կնքել (պատկեր 5)։ Այդ խոշորագույն պայմանագրերը կնքվել են «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ի և «ԵՎՐՈԱՍՖԱԼՏ» ՓԲԸ-ի հետ:

Պատկեր 5․ ՏԿԵՆ կնքած առավել խոշոր պայմանագրերը

2015թ. և 2017թ. «Հետք»-ն անդրադարձել է Գեղարքունիքի մարզում գրանցված «Շանթ-Սեյրան» ՍՊԸ ընկերությանը պետական գնումներին մասնակցության և Մարտունու օդանավակայանի տարածքում ասֆալտի գործարան կառուցելու վերաբերյալ հրապարակումներով: 2020թ. ստեղծված և 2022թ. սեպտեմբերի 2-ին ՏԿԵՆ հետ պայմանագիր կնքած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի գործունեությանը «Հետք»-ն անդրադարձել է 2021թ. դեկտեմբերին: Այս թվերի մեծության վերաբերյալ պատկերացում կազմելու համար բավական է ասել, որ 329.9 մլրդ ՀՀ դրամը կազմում է 2022թ. ՀՆԱ-ի մոտավորապես 3.9 տոկոսը: «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի գումարն ավելի է մեծ է, քան 2017, 2018, 2019, 2021 թվականներից յուրաքանչյուրում կնքված բոլոր պայմանագրերի գումարը:

Այս երկու պայմանագրերի ընդհանուր գումարը անհավանական մեծ էր թվում, ինչով պայմանավորված անհրաժեշտություն առաջացավ ծանոթանալ պայմանագրերին (մնացած դեպքերում պայմանագրերի ուսումնասիրություն չի կատարվել): Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ վերը նշված երկու դեպքերում սխալ թիվ է մուտքագրվել: Համակարգում կարող են լինել բազմաթիվ այլ սխալներ, որոնք դժվար է բացահայտել:

Առանձին սխալներ ակնհայտորեն նկատելի են: Օրինակ, դժվար է հավատալ, որ Աշտարակի և Մասիսի համայնքապետարանները գնանշման հարցման ընթացակարգով 1 դրամ գումարով ձեռք են բերել համապատասխանաբար տեխնիկական հսկողության ծառայություններ և նախագծանախահաշվային փաստաթղթեր, ինչի արդյունքում Աշտարակի համայնքապետարանը 499,707 դրամ նույնիսկ խնայել է (Մասիսը խնայողություն չի ունեցել): Մասիսի համայնքապետարանը էլեկտրոնային աճուրդով 1 դրամով նաև օդորակիչներ է ձեռք բերել», որոնց գծով ունեցել է 195 հազար դրամ խնայողություն:  Armeps համակարգում առկա են նաև այլ սխալներ և վրիպակներ (պատկեր 6): Օրինակ, համակարգի համաձայն Մեծամորի համայնքապետարանը 2022թ. սեպտեմբերի 22-ին 9,537,468,400.00 դրամի պայմանագիր է կնքել խորքային հորի վերականգնման աշխատանքներ ձեռք բերելու համար:

Պատկեր 6․ Առանձին գնումների վերաբերյալ տեղեկատվություն

Պայմանագրի ուսումնասիրությունը վկայում է, որ դրա ընդհանուր գինը կազմել է 95.4 մլն դրամ: Երևանի քաղաքապետարանը 2022թ. հուլիսի 19-ին պայմանագիր է կնքել Թադևոսյան 11 հասցեում 589 մլն դրամի թենիսի դաշտ կառուցելու, իսկ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն նոյեմբերի 22-ին և 28-ին համապատասխանաբար 865,535,200 և 1,321,833,000.00 դրամի «ապրանք» ձեռք բերելու համար: Պայմանագրերի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ընդհանուր գումարները կազմում  են համապատասխանաբար 58.9 մլն, 8.65 մլն և 13.2 մլն դրամ:

Հավանաբար պայմանագրերի ուսումնասիրությունը կօգնի վերհանել այլ սխալներ: Սակայն այս ուսումնասիրությունը նման նպատակ չի հետապնդում, քանի որ Armeps-ի աշխատանքի որակը ՀՀ կառավարության գործն է։ Ներկայացված տվյալները վկայում են, որ ՀՀ կառավարությունը ձախողել է այդ աշխատանքը: Այս ուսումնասիրության շրջանակներում քանակական վերլուծություն իրականացնելիս հայտնաբերման դեպքում ներբեռնված ֆայլերում տվյալներն ուղղվել են։ Սակայն պարզ է, որ չեն ուղղվել բոլոր տվյալները։ Այս ուսումնասիրությունն արձանագրում է, որ www.armeps.am համակարգի վարման, դրանում տվյալների ներմուծման հետ կապված խնդիրներ կան, որոնք ՀՀ կառավարության ուշադրությանը չեն արժանանում, դրա աշխատանքը և դրա նկատմամբ հսկողությունը լավ չէ կազմակերպված, ինչի արդյունքում հանրությանը սխալ տեղեկատվություն է տրամադրվում։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ոչ հավաստի տեղեկատվության տրամադրման համար պատասխանատվություն է նախատեսում։

Armeps համակարգի անկանոն, փնթի և հսկողության չենթարկվող աշխատանքի մեկ այլ օրինակ է այն, որ չնայած արդեն մի քանի ամիս է ձևավորվել է ՀՀ ներքին գործերի նախարարություն և ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ներքին գործերի նախարար, իսկ վարչապետին ենթակա մարմինների թվում այլևս չկա  ՀՀ ոստիկանություն, armeps-ի համաձայն «ՀՀ ոստիկանություն» անվանումով պատվիրատուն 2023թ․ 206 գնում է կատարել։

Ինչու՞ ՀՀ կառավարությունն արդեն 5 տարի է չի բարելավում առկա տեղեկատվական համակարգի աշխատանքի որակը (մինչև «նոր» համակարգի ներդրումը)։ Գործող համակարգը լավը չէ, սակայն դրա հետ կապված աշխատանքը (ներկայացված է վերևում, ինչպես նաև ստորև, գնման առարկայի անվանումը և մնացած հատվածներում), ներքին հսկողությունը և այլ գործառույթներ շատ վատ են կազմակերպված։ Ոչ մի երաշխիք չկա, որ նոր համակարգի ներդրումը կվերացնի նման անպատասխանատու, անվերահսկելի և փնթի աշխատելաոճը։

Գնման առարկայի անվանումը

Գնումների էլեկտրոնային համակարգի հետ կապված առկա են մի շարք այլ խնդիրներ, որոնք անհարկի դժվարացնում են գնումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունը, ՔՀԿ-ների կողմից կառավարության գործունեության մշտադիտարկումը: Օրինակ, վերջին շրջանում ավելացել են տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերում նախատեսող պայմանագրերը: Սակայն գնումների էլեկտրոնային համակարգում «գնման առարկայի անվանում» տողում տեխնիկական հսկողությունը բնութագրելու համար պատվիրատուները կարող են օգտագործել «տեխ հսկողություն», «Տեխ. հսկ. ծառ», «Տեխ.հսկողություն», «Տեխհսկողություն», «տեխհսկողություն», «տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ», «Տեխնիկական հսկողության ծառայություններ», «տեխնիկական հսկողություն» և նույնիսկ «Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի  եզրաքարերի վերանորոգման աշխատանքների   որակի տեխնիկական հսկողության ծառայություններ» կամ նման այլ ձևակերպում: Հաշվի առնելով էլեկտրոնային համակարգերի զգայունությունը ցանկացած նշանի նկատմամբ, գնման առարկայի անվանումների նման բազմազանությունը խնդիրներ է առաջացնում տվյալների որոնման, վերլուծական նպատակներով առանձին գործարքների տեսակների առանձնացման և այլ աշխատանքների ժամանակ: Ինչու՞ ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ ապահովել գնման առարկայի անվանման միասնական ձևակերպման օգտագործում։ Ըստ էության մի շարք առումներով էլեկտրոնային համակարգը չի ծառայում այն նպատակին, որի համար ստեղծվել է: Ինչու՞ է հնարավոր միևնույն ՍՊԸ-ի (ՀՎՀՀ 02524256) անունը գրել և «<<Արտէքսիմ>>» և «ԱՐՏԵՔՍԻՄ» և «Արտէքսիմ»: Ինչու՞ հնարավոր չէ այս համակարգը կապել պետական մնացած համակարգերի հետ: Չէ որ, օրինակ, ՊԵԿ-ի e-invoicing համակարգում այդ հարցը լուծված է. մուտքագրում ես ընկերության ՀՎՀՀ-ն և համակարգն ինքնուրույն մուտքագրում է ընկերության անունը:

Գնման առարկայի անվանման հետ կապված խնդիրը Հայաստանի պետական գնումների  համակարգի երկարամյա ախտերից մեկի յուրահատուկ անուղղակի դրսևորումն է: Հայաստանում պատվիրատուները մշտապես խնդիր են ունեցել գնման առարկայի բնութագիրը կազմելու հետ կապված: «Գնումների մասին» օրենքի հոդված 13-ի համաձայն նման առարկայի բնութագիրը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրի ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրա ձեռքբերման և վճարման պայմանները: Տեխնիկական բնութագիրը պետք է բացառի տարակերպ մեկնաբանությունը, հավասար պայմաններ ապահովի հնարավոր մասնակիցների համար և չխոչընդոտի մրցակցությանը, համարժեք լինի պատվիրատուի կարիքներին: Մի շարք դեպքերում Հայաստանում պատվիրատուների կողմից պատրաստվող տեխնիկական բնութագրերը կամ լինում են խիստ սպեցիֆիկ, սահմանափակելով մրցակցությունը, կամ խիստ ընդհանրական, տարակերպ մեկնաբանությունների լայն դաշտ բացելով:

Ենթադրենք, պատվիրատուները լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում «գնման առարկա»։ ՀՀ ֆինանսների նախարարությունում նույնպե՞ս չեն հասկանում։ Ի՞նչ է նշանակում, երբ armeps համակարգում ՀՀ ֆինանսների նախարարության և Ալեռտօ ՍՊԸ-ի միջև 2022թ․ դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրի «գնման առարկա» տողում նշվում է «1224000»։ ՀՀ ֆինանսների նախարարությունում չկա՞ն մասնագետներ, որոնք կարող են ասել, որ «1224000»-ն «գնման առարկա» հանդիսանալ չի կարող։ Ինչու՞ է լիազոր պետական մարմինն այսպես աղավաղում համակարգը։ Ֆինանսների նախարարությունն աստիճանաբար բարդացնում է համակարգի հետ աշխատանքը։ Այսպես, վերջերս ՀՀ ֆինանսների նախարարությունը  «Պայմանագրեր» էջում ավելացրել է «Տարեթիվ» տողը, ինչի արդյունքում հնարավոր է տեսնել մի քանի տարիների ընթացքում տվյալ պատվիրատուի և մատակարարի միջև կնքված պայմանագրերը, սակայն համակարգը թույլ չի տալիս այդ տվյալները ներբեռնել։ Սա «մանր-մունր» խնդիրներից մեկն է, որոնք պարբերաբար առաջանում են համակարգի «արդիականացման» արդյունքում։ Այսպիսի օրինակները վկայում են, որ ՀՀ կառավարության նպատակը ոչ թե armeps-ն օգտագործելու առումով ավելի հեշտ դարձնելն է, այլ հնարավորինս բարդացնելը, ինչը ոչ բաց, ոչ թափանցիկ, ոչ հաշվետու գործելակերպի ևս մեկ օրինակ է։

Վերը ներկայացվածից պարզ է, որ ոչ որակյալ, մի շարք սխալներ պարունակող տվյալների շտեմարանները կարող են․

1․ Ազդել քանակական վերլուծությունների որակի վրա։

2․ Կասկածի տակ դնել պետական քաղաքականությունների որակը (եթե փաստերի վրա հիմնված պետական քաղաքականությունների մշակման ժամանակ օգտվում են սխալ տվյալներ պարունակող շտեմարաններից)։ Եթե փաստերի վրա հիմնված պետական քաղաքականությունների մշակման ժամանակ պետական մարմիններն օգտագործում են այլ տվյալներ, ապա ստացվում է, որ տվյալների շտեմարանների միջոցով նրանք կանխամտածված սխալ տեղեկատվություն են տրամադրում հանրությանը։

3․ Խիստ բարդացնել պետական մարմինների գործունեության մշտադիտարկումը։

Նախկինում մի շարք պետական բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են գնումների էլեկտրոնային համակարգի վատ աշխատանքի վերաբերյալ։ Դեռ 2013թ. Վերահսկիչ պալատի նախագահը հայտարարել է, որ գնումների էլեկտրոնային համակարգը, կարծես թե, չի աշխատում, «ծրագրի բանալիները՝ կոդերը, պարզապես, գոյություն չունեն, եւ ծրագիրը ձախողված է: Այս փաստը 2012 թվականի տարեվերջին պաշտոնապես ընդունվել է նաեւ Ֆինանսերի նախարարության կողմից: Այսինքն` օգտագործված ռեսուրսները չեն տվել ակնկալվող արդյունքները»: 2013թ. ի վեր ՀՀ կառավարությունները չեն կատարել որևէ քայլ կամ գործողություն, որը կվկայեր, որ գնումների էլեկտրոնային համակարգը ենթարկվել է այնպիսի փոփոխությունների, որոնց արդյուքնում այն դարձել է ավելի հուսալի, կասկածի տակ չէ դրա ամբողջականությունը, անխափանությունը և անվտանգությունը: Մեծ թվով սխալների և անհասկանալի տվյալների առկայությունը վկայում է, որ վերը նշված մտահոգությունները չեն փարատվել: 2018թ․ և դրանից հետո ՀՀ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկել իրավիճակը հասկանալու, գնումների էլեկտրոնային համակարգի աշխատանքի անվտանգությունը, հուսալիությունը և մնացած հանգամանքները գնահատելու, իրավիճակը շտկելու ուղղությամբ։

ՊՖԿ համակարգի 2019-2023թթ․ բարեփոխումների ռազմավարության մեջ ՀՀ Կառավարությունը նշել է, որ «Համաշխարհային բանկի գնահատմամբ էլեկտրոնային գնումների համակարգը տեխնիկապես և ֆունկցիոնալ առումով չի համապատասխանում ինչպես ժամանակակից, այնպես էլ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված ֆունկցիոնալ պահանջներին»։ Այս կոնտեքստում զարմանալի է թվում 2019թ․ հուլիսի 17-ի խորհրդակցության ժամանակ այսօրվա համակարգի վերաբերյալ ՀՀ վարչապետի դրական կարծիքը։  Վերը նշված հանգամանքը նշելուց հետո ՊՖԿ ռազմավարությունը երկու տարբեր լուծումներ է նշում։ ՀՀ կառավարության կողմից ստանձնած հանձնառությունների թվում նշվում է, որ «Կներդրվի էլեկտրոնային գնումների նոր համակարգ», իսկ ռազմավարության թիրախների բաժնի թիրախ 34-ը վերաբերում է ոչ թե նոր համակարգ ունենանալուն, այլ «էլեկտրոնային գնումների համակարգի նոր ծրագրային ապահովում» ձեռք բերելուն։ 2023թ․ մարտի վերջն է, սակայն էլեկտրոնային գնումների նոր համակարգի, կամ նոր ծրագրային ապահովման մասին հայտարարություն չի եղել, 2023թ․ ՀՀ պետական բյուջեում դրա ձեռքբերման համար միջոցներ չեն նախատեսվել։ 2023թ․ ՀՀ պետական բյուջեով 19․7 մլն դրամ է նախատեսվել «LSFinance (ԳԳՕ)» էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և 99․6 մլն դրամ Գնումների պլանների կազմման, էլեկտրոնային մրցույթների անցկացման, պայմանագրերի կատարման և գնումների հաշվետվողականության` միմյանց ինտեգրված մոդուլների տեխնիկական սպասարկման համար։

Աղյուսակ 5․ Գնումների համակարգի համար նախատեսված բյուջետային հատկացումները

Պետական պատվեր՝ Էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման գծով պետական պատվեր

Ինտեգրված մոդուլների տեխնիկական սպասարկում՝ Գնումների պլանների կազմման, էլեկտրոնային մրցույթների անցկացման, պայմանագրերի կատարման և գնումների հաշվետվողականության` միմյանց ինտեգրված մոդուլների տեխնիկական սպասարկում

Տեխ․ սպասարկում՝ Էլեկտրոնային գնումների համակարգի տեխնիկական սպասարկում

Հրապարակայնություն՝ Գնումների գործընթացի հրապարակայնության ապահովում

ՊՈԱԿ՝ պետական աջակցություն «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին

Վերջին տարիներին ՀՀ ֆինանսների նախարարությունը Էլեկտրոնային աճուրդ (այսուհետ՝ ԷԱՃ) և գնանշման հարցում (այսուհետ՝ ԳՀ) ընթացակարգերի արդյունքում «Armeps/ppcm և LSFinance (ԳԳՕ) համակարգերի տվյալների համադրման ծրագրի, LSFinance (ԳԳՕ) և CLIENT-TREASURY համակարգերի ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ»-ի ձեռքբերման պայմանագրեր է կնքել ԼՍՈՖՏ ՍՊԸ-ի հետ․ 2022թ․ նոյեմբերի 21-ին (ԷԱՃ), 2021թ․ նոյեմբերի 18-ի, 2020թ․ դեկտեմբերի 25-ի, 2019թ․ դեկտեմբերի 20-ի պայմանագրերի գումարը կազմել է 19․7 մլն ՀՀ դրամ։ «Էլ. մրցույթների (գնումներ և դրամաշնորհներ) և էլ. եղանակով գնումների (դրամ.) պլանների և պայմանագրերի հաշվառման ու գնումների (դրամ.) հաշվետվողականության ապահովման համակարգերի տեխ. սպասարկման և համակարգերում ֆունկցիոնալ փոփոխությունների կատարման ծառ.» ձեռքբերման համար ֆիննախը 2022թ․ դեկտ 22-ին 99․6 մլն դրամ (ՀԲՄ) և 2021թ․ դեկտ 20-ին 136․4 մլն դրամ (ԷԱՃ) գումարով պայմանագրեր է կնքել Թիմ Սոլյուշնս ՓԲԸ-ի հետ։

Սա նշանակում է, որ եթե ՀՀ կառավարությունը պատրաստվում է կատարել ՊՖԿ համակարգի 2019-2023թթ․ բարեփոխումների ռազմավարությամբ ստանձնած իր հանձնառությունը, ապա առաջիկա 9 ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը պետք է կազմակերպի տեխնիկական բնութագրի քննարկումներ, հաստատի տեխնիկական բնութագիրը, մրցույթ հայտարարի, փոփոխություն կատարի բյուջեում և ձեռք բերի նոր էլեկտրոնային համակարգ կամ ծրագրային ապահովում։

«Պայմանագրի գումարը առկա ֆինանսական միջոցներով»

Անհասկանալի է armeps համակարգում «Պայմանագրի գումարը առկա ֆինանսական միջոցներով» սյան առկայությունը։ «Առկա ֆինանսական միջոցներ» հասկացություն առկա չէ օրենքում, սակայն «առկա ֆինանսական հատկացումներ» արտահայտությունը մեկ անգամ օգտագործվում է ՀՀ կառավարության 2017թ․ մայիսի 4-ի №526-Ն որոշման հավելվածում։

2021թ․ դեկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը 136,383,000․0 դրամ գումարի պայմանագիր է կնքել Թիմ Սոլյուշնս ՓԲԸ-ի հետ, որի դեպքում «Պայմանագրի գումարը առկա ֆինանսական միջոցներով» կազմում է 99,600,000․0 դրամ։ Այսինքն, պայմանագրի գումարը 36,783,000․0 դրամով կամ գրեթե 37% գերազանցում է առկա ֆինանսական միջոցների ծավալը։ Նմանապես, ՀՀ ՏԿԵՆ կողմից 2022թ․ սեպտեմբերի 2-ին Շանթ-Սեյրան ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի ընդհանուր գումարը 1.9 մլրդ դրամով կամ 131% գերազանցում է առկա ֆինանսական միջոցների ծավալը (3,229,000,000 դրամ 1,426,332,676 դրամ առկա ֆինանսական միջոցների դեպքում), ԵՎՐՈԱՍՖԱԼՏ ՓԲԸ-ի դեպքում՝ 479.6 մլն դրամ կամ 92% (999,800,000 մլն դրամ 520,211,037 դրամ առկա ֆինանսական միջոցների դեպքում)։ Արդյոք սա նշանակու՞մ է, որ պատվիրատուները կարող են բյուջեով նախատեսված մեծությունը գերազանցող գումարով պայմանագրեր կնքել մատակարարների հետ։ Պայմանագրի ընդհանուր գումարը որքա՞ն կարող է գերազանցել առկա ֆինանսական միջոցների ծավալը։ Սա հսկայական ռիսկեր է պարունակում, քանի որ նշանակում է, որ պարտավորություններ են ստանձնում հաջորդ տարիների համար, որոնց բյուջեն ԱԺ կողմից դեռևս հաստատված չէ։ Ի՞նչ տեղի կունենա, եթե ԱԺ-ն չհաստատի այդպիսի հատկացումներ։

Գնում չհանդիսացող ծախս

«Գնումների մասին» ՀՀ օրենքը սահմանում է 4 ընթացակարգ․ էլեկտրոնային աճուրդ, մրցույթ, գնանշման հարցում, մեկ անձից գնում։ www.armeps.am համակարգում գնման ընթացակարգերի թվում առկա է նաև «գնում չհանդիսացող ծախս»: 2022թ. 67 պատվիրատու ավելի քան 5 մլրդ դրամի գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» 2406 պայմանագիր է կնքել էներգախնայողության, Ա4 թղթի տպագրության, ալիդատորով և վալիդատրով կնիքի, արյան մեջ ալկոհոլի որոշման, այլ ծախսերի, անասնաբուժական դեղորայքի, անշարժ և շարժական գույքի գնահատման, անշարժ գույքի վարձակալության պայմանագրի վավերացման, աշխատակիցների վերապատրաստման, ապրանքագիտական փորձաքննության, ասֆալտապատման աշխատանքների, ավտոճանապարհների հիմնանորոգման, Աբու Դաբիում տարածքի վարձակալության, արբիտրաժային ծախսերի, բանավոր թարգմանությունների, բնակտարածությունների մաքրման, գազասպասարկման տեխնիկական սպասարկման և հրանգավորման, գազատարի սպասարկման, գազաֆիկացման շին.մոնտաժային աշխատանքների, գազի հաշվիչի, աշխատանքների, գրավոր թարգմանությունների, դատաբժշկական, դատահաշվապահական և դատանյութագիտական փորձաքնությունների, ճամփորդության կազմակերպման, զբոսաշրջության ցուցահանդեսի, թունաքիմիկատների, ծաղկեպսակի, ծաղկեփնջի, կապի ծառայությունների, կոշտ սկավառակի, համացանցի, հանրային հեռախոսային ծառայությունների, հավաստագրերի տպագրության, հարկերի վճարման, հիմնանորոգման աշխատանքների, հոգեբանական ծառայությունների, «հոտ Արեոն գելի», հրշեջ անվտանգության, մասնագիտական ստուգման,  մաքրման, միջազգային ցուցահանդեսին մասնակցության, միջքաղաքային հեռախոսային ծառայությունների, մշակութաբանական փորձաքննության, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, ներդրումային համաժողովի կազմակերպման, ներկայացուցչական ծախսերի, նոթատետրի ձեռքբերման, նոտարական ծառայությունների, նորաձևության, շրջանակների, ոսկու գնահատման, ուղևորափոխադրման, պահպանման, պտտադռնակի էլեկտրական մասի կարգաբերման աշխատանքների, սննդի մատակարարման, վարագույրների մաքրման, քիմմաքրման, տեսալուսանկարահանման և մոնտաժման, ցանցային մալուխի և լեդ լամպերի, ցանցային քարտի և ռոութրի, փոստային, օբյեկտի պահպանության և այլ ծառայությունների ձեռքբերման համար: Նման մի շարք պայմանագրերի ընդհանուր գումարը շատ մեծ է:

Պատկեր 3-ում ներկայացված են գնում չհանդիսացթղ ծախս «ընթացակարգով» կատարված առավել խոշոր 9 գնումների վերաբերյալ տվյալները։ Գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» պետական մարմինները բավական մեծ գումարով պայմանագրեր են կնքել փորձաքննությունների կատարման (ՀՀ դատախազությունը՝ 735․7 մլն դրամ, ՀՀ արդարադատության նախարարությունը՝ 577․5 մլն դրամ), ճանապարհների վերանորոգման (ՏԿԵՆ-ը՝ 206․3 մլն դրամ), թարգմանչական ծառայությունների համար (ՊԵԿ-ը՝ 100 մլն դրամ)։

Պատկեր 4-ում ներկայացված են ՏԿԵՆ կողմից ճանապարհների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար կնքված մի քանի պայմանագրերի վերաբերյալ տվյալները։ ՏԿԵՆ-ն ամենատարբեր ընթացակարգեր է ընտրում ճանապարհների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման պայմանագրեր կնքելու համար, այդ թվում գնումների օրենսդրությամբ չնախատեսված «ընթացակարգեր» և հասկանալի չէ, թե ինչպես է կայացվում գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգ» օգտագործելու վերաբերյալ որոշումը։

Ի տարբերություն «մեկ անձից» գնումների ՀՀ օրենսդրությունը չի սահմանում այն դեպքերը, երբ կարող է օգտագործվել գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգը»։ «Գնումների մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և  «Գանձապետական համակարգի մասին» օրենքները, ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի №526-Ն որոշումը չեն ներառում և չեն սահմանում «գնում չհանդիսացող ծախս» հասկացություն: ՀՀ ֆինանսների նախարարության 2023թ․ մարտի 23-ի №03/26-1/4820-2023 գրությունից պարզվում է, իր 2018թ․ հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №706-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը օրենսդրություն է ներմուծել «գնում չհանդիսացող ծախս» հասկացություն, առանց տալու դրա սահմանումը։ Սակայն «գնում չհանդիսացող ծախս» պատվիրատուները կատարել են նաև 2017թ․։

Պատկեր 7․ 2022թ. գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» կատարված առավել խոշոր 9 գնումները

Պատկեր 8․ ՏԿԵՆ կողմից ճանապարհների վերանորոգման աշխատանքների գծով կնքված մի քանի պայմանագրերի տվյալ

Գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» պատվիրատուները գնում են ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ, որոնք գնում են նաև այլ ընթացակարգերով։ ՀՀ կառավարությունը պետք է բացատրի, թե ինչպես են պատվիրատուները որոշում, թե երբ պետք է օգտագործեն գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգը» և ինչու նախապատվությունը չեն տալիս մրցութային եղանակին, ինչպես պահանջում է օրենքը։

Գնանշման հարցում

Վերևում նշվել է, որ գնանշման հարցումը պատվիրատուների կողմից հաճախ օգտագործվող ընթացակարգերից մեկն է:

Աղյուսակ 5. Գնանշման հարցման ընթացակարգի կիրառման արդյունքում կնքված գնման պայմանագրերի հիմնական ցուցանիշները

«Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի համաձայն գնումը կարող է կատարվել գնանշման հարցման ձևով, եթե գնման գինը չի գերազանցում 80 մլն դրամը և գնման առարկան ներառված չէ էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակում: Պատկեր 9-ը վկայում է, որ մի շարք դեպքերում գնանշման հարցման ընթացակարգ օգտագործվում է շեմը զգալիորեն գերազանցող դեպքերում (նույնիսկ սխալները հաշվի առնելով):

Պատկեր 9. Գնանշման հարցման ընթացակարգի կիրառմամբ առավել խոշոր պայմանագրեր

Արտակ Քյուրումյանը պետական ֆինանսական կառավարման փորձագետ է

(շարունակություն)

Գլխավոր լուսանկարը՝ Արտակ Քյուրումյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter