HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆինլանդիան առաջիկա օրերին կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ենս Սթոլթենբերգ

Թուրքիայի կողմից անդամակցության վերաբերյալ արձանագրության վավերացումը վերացրել է վերջին խոչընդոտը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության ճանապարհին։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ հավելելով, որ Ֆինլանդիան առաջիկա օրերին պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ 

Հինգշաբթի օրը՝ մարտի 30-ին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել էր ՆԱՏՕ-ին անդամակցության Ֆինլանդիայի հայտը, որը վերջին խոչընդոտն էր Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրի անդամակցության համար։ 

«ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրները վավերացրել են անդամակցության վերաբերյալ արձանագրությունը»,- նշել է Սթոլթենբերգը։ ​​

Թուրքիայի կողմից արձանագրության վավերացումից հետո Սթոլթենբերգը թվիթերյան գրառում էր արել, որտեղ նշել էր, որ Ֆինլանդիայի անդամակցությունը «ՆԱՏՕ-ի ողջ ընտանիքը կդարձնի առավել ուժեղ և անվտանգ»։

Դեռ մարտի 23-ին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն օրենքներ էր ստորագրել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության վերաբերյալ։ Մարտի 18-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Անկարայում Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպումից հետո, հայտնել էր, որ Թուրքիան կսկսի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հաստատման գործընթացը։ «Մենք Հելսինկիի կողմից տեսել ենք անկեղծ և վճռական քայլեր։ Մենք որոշում ենք ընդունել խորհրդարանում սկսել ՆԱՏՕ-ին անդամակցության Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթաց»,- հայտարարել էր Էրդողանը։

Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ մտնելու հայտ էին ներկայացրել։ Նրանց անդամակցությանը խոչընդոտում էր Թուրքիան՝ առաջ քաշելով մի շարք պահանջներ, որոնք Շվեդիան մասամբ է կատարել։

Հունվարի 21-ին Ստոկհոլմում տեղի էր ունեցել բողոքի ակցիա, որի ժամանակ դանիական աջ ծայրահեղական «Կոշտ ուղղություն» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը, որն ունի շվեդական քաղաքացիություն, Թուրքիայի դեսպանության շենքի մոտ այրել էր Ղուրանը։ Այնուհետև Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան չպետք է ակնկալի, որ Թուրքիան կաջակցի Դաշինքին Շվեդիայի անդամակցությանը։

Դրանից անմիջապես հետո Ֆինլանդիան առաջին անգամ հավանական համարեց, որ ՆԱՏՕ-ին կանդամակցի առանց Շվեդիայի։ Հյուսիսեվրոպական այս երկրները որոշեցին ՆԱՏՕ-ին անդամակցել Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո։

Իլյուստրացիան՝ finlandabroad.fi-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter