HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանը չի ճանաչում Ղրիմի ու Դոնբասի միացումը Ռուսաստանին. ԵՄ-ում Չինաստանի դեսպան

Չինաստանը չի աջակցում Ուկրաինա ռուսական ներխուժմանը, Մոսկվային չի ցուցաբերում ռազմական օգնություն, ինչպես նաև չի ճանաչում ուկրաինական տարածքների բռնազավթումը, այդ թվում Ղրիմն ու Դոնբասը։ Այդ մասին The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական միությունում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Ցունը։

Լրագրողների հետ չինացի դիվանագետի զրույցը կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Ֆու Ցունի հանդիպումից առաջ, որոնք ապրիլի 5-ին եռօրյա այցով մեկնում են Չինաստան։ Հարցազրույցում, ինչպես գրում է ամերիկյան պարբերականը, մշտական ներկայացուցիչը փորձել է «հեռավորություն պահել Մոսկվայից»՝ հայտարարելով, որ կողմնակի քննադատները սխալ են մեկնաբանել Չինաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները։

Մասնավորապես, Ֆու Ցունը մեկնաբանել է երկու երկրների միջև «անսահման բարեկամության» մասին Մոսկվայի ու Պեկինի հայտարարությունը, որն արվել էր 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից առաջ։ «Առանց սահմանափակումների բարեկամությունը ոչ այլ ինչ է, քան հռետորաբանություն»,- ասել է չինացի դիվանագետը։

Նրա խոսքով՝ Չինաստանը չի դատապարտել Ուկրաինա ռուսական ներխուժումը, որովհետև հասկացել է ՆԱՏՕ-ի դեմ պաշտպանական պատերազմի մասին ՌԴ հայտարարությունները և կարծում է, որ «իրական պատճառներն ավելի բարդ են», քան ասում են արևմտյան առաջնորդները։

Կրեմլում, մեկնաբանելով Ֆու Ցունի արտահայտությունները, հայտարարել են, որ կենտրոնացած են Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների «բովանդակության ու ոգու վրա», որոնք կայացել են 2023 թվականի մարտին Մոսկվայում։

«Նրանց փոխըմբռնման ողջ համատեքստը շարադրված է երկու փաստաթղթերում, երկու ստորագրված հայտարարություններում, որոնք ընդունվել են ռուս-չինական բանակցությունների արդյունքներով։ Դրանք շատ բովանդակային են և հենց դրանք ընդհանուր առմամբ ներառում են հարցերի ողջ շերտը, որոնք գտնվում են համատեղ օրակարգում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

2023 թվականի մարտի 20-22-ը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը գտնվում էր Մոսկվայում։ Այցի ընթացքում նա հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Բանակցությունների ժամանակ նրանք միմյանց անվանել էին «սիրելի ընկեր»։ ԱՄՆ-ում հայտարարել էին, որ Մոսկվա Սի Ծինփինի այցը վկայում է այն մասին, որ Չինաստանը պատրաստում է «դիվանագիտական շղարշ»՝ Ուկրաինայում ռուսական հանցագործությունների համար։

2023 թվականի փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Չինաստանը Ռուսաստանին տրամադրում է ոչ մահացու ռազմական օգնություն, ինչպես նաև դիտարկում զենքի մատակարարման հնարավորությունը։ Ամերիկյան The New York Times պարբերականը Ռուսաստան Սի Ծինփինի այցից առաջ հայտնել էր, որ չինական ընկերությունները ՌԴ-ին են վաճառում զենքեր ու անօդաչուներ, ինչպես նաև մատակարարում էլեկտրոնային կոմպոնենտներ, որոնք կարող են կիրառվել ռազմական նպատակներով։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter