
Չինական օդապարիկը կարող էր տվյալներ հավաքել ամերիկյան ռազմաբազաների վերաբերյալ
2023 թվականի փետրվարի սկզբին ԱՄՆ օդային տարածքում խոցված չինական օդապարիկը ԱՄՆ ռազմական բազաների մասին տեղեկություններ էր հավաքում։ Նման պնդմամբ հանդես է եկել ամերիկյան NBC News-ը։
Հեռուստաընկերությունը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին, նշում է, որ գերժամանակակից սարքավորումն իրական ժամանակում տվյալներ էր փոխանցում Պեկինին։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ սարքավորումը տվյալներ էր հավաքում միայն էլեկտրոնային հաղորդակցությունների մասին։ Այն լուսանկարման հնարավորություն չի ունեցել։
NBC News-ին աղբյուրները հայտնել են, որ Չինաստանի կողմից հավաքված հետախուզական տվյալները հիմնականում ստացվել են էլեկտրոնային ազդանշանների հաշվին, որոնք կարող էին ստացվել սպառազինության համակարգերից կամ բազաների աշխատակիցների կողմից ուղարկված հաղորդագրություններից, բայց ոչ պատկերներից։
Սակայն այս վարկածը չեն հաստատել Սպիտակ տանը և Պենտագոնում։ Պենտագոնի ներկայացուցիչների խոսքով՝ փորձագետները դեռ ուսումնասիրում են օդապարիկի մնացորդները` նոր ապացույցների ստացման նպատակով։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի սկզբին Պենտագոնը հայտարարել էր ԱՄՆ հյուսիսային հատվածում չինական հետախուզական օդապարիկի հայտնաբերման մասին։ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ այն ուղարկվել էր չինական կառավարության կողմից հետախուզական տվյալների հավաքման նպատակով։
ԱՄՆ պետքարտուղարությունում իրավիճակն անվանել էին ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում։ Դրա պատճառով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անորոշ ժամկետով հետաձգել էր իր այցը Չինաստան։
Չինական կողմը հերքում է օդապարիկի հետախուզական լինելը և պնդում, որ «դա քաղաքացիական օդապարիկ է, որը կիրառվում էր օդերևութաբանական նպատակներով»։
Օդապարիկի հայտնաբերումից երկու օր անց ամերիկյան կողմը խոցել էր այն։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին հայտարարել էր, որ ինքը հրամայել էր խոցել օդապարիկը «որքան հնարավոր է արագ», երբ իմացել էր, որ այն գտնվում է ԱՄՆ օդային տարածքում։ Ընդ որում` Պենտագոնից հայտարարել էին, որ Բայդենը հրամայել էր խոցել օդապարիկը դեռևս փետրվարի 1-ին, սակայն ԱՄՆ պաշտպանության նախարարությունից նախագահին խնդրել էին սպասել։
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն սրվել էին անցած տարվա ամռանը Թայվան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի պատճառով։ Չինաստանի ԱԳՆ-ն վճռական բողոք էր արտահայտել և հայտարարել, որ դա խախտում է «մեկ Չինաստանի» քաղաքականության սկզբունքը։ ԱՄՆ-ում ընդգծել էին, որ Թայվան Փելոսիի այցը չի հակասում Չինաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը։
Լուսանկարը՝ Randall Hill/Reuters
Վահրամ Լազգիյան, Երևանի պետական համալսարանի Քաղաքագիտության բաժնի ուսանող
Մեկնաբանել