
«Կեչառիս» հյուրանոցի սեփականատերը 50 մլն դրամով հաշտության է եկել ապօրինի գույքի բռնագանձման գործով
Այսօր՝ ապրիլի 13-ին, Հակակոռուպցիոն դատարանը վճիռ է կայացրել՝ հաստատելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում կնքված հաշտության համաձայնությունը՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ազգական Էդուարդ Հարությունյանի և Գլխավոր դատախազության միջև: Էդուարդ Հարությունյանը պետությանը պետք է փոխանցի 50 մլն դրամ:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի եզրակացության համաձայն՝ Էդուարդ Հարությունյանին պատկանում են բռնագանձման ենթակա հետևյալ գույքը.
- Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ն. Զարյան փողոցի 15 ա շենքի բնակարաններից մեկի միջին շուկայական արժեքի 42.64%-ը, որը կազմում է 21 մլն 817 հազ. դրամ։
- Մոտ 21 մլն 591 հազ դրամ՝ որպես ապօրինի եկամուտի մնացորդ։
- Մոտ 19 մլն 415 հազ. դրամ, որը չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Որպես բռնագանձման ենթակա գույք դիտարկվել են բացառապես դրամական միջոցներ, որոնց հանրագումարը կազմել է 62 մլն 823 հազ. դրամ։
Վճռում արձանագրվել է, որ Ն. Զարյան փողոցիի 15 ա շենքի բնակարանը Էդուարդ Հարությունյանը 2014թ.-ին նվիրատվության պայմանագրով փոխանցել է «Նռնենի» ՍՊԸ-ին: Ինչպես պարզվում է, «Նռնենի»-ն «Կեչառիս Հոթել» ՍՊԸ-ի իրավանախորդն է:
Դատարանն արձանագրել է, որ հաստատման ներկայացված հաշտության համաձայնությամբ հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է փոխանցման 50 մլն դրամ, որը կազմում է բռնագանձման ենթակա գույքի հանրագումարի 79.51%-ը:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով 2020թ. հունիսի 9-ին Էդուարդ Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակության համար:
Ո՞վ է Էդուարդ Հարությունյանը
«Հետք»-ը դեռևս 2016թ.-ին գրել էր, որ Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցը պատկանում է Միհրան Պողոսյանին, սակայն գրանցված է նրա ազգականի՝ Էդուարդ Հարությունյանի անունով: Վերջինս նաև «Բեստ ռեալթի» ընկերության տնօրենն էր, որի բաժնետերերն էին Միհրան Պողոսյանին պատկանող և Պանամայում գրանցված երկու ընկերությունները:
Էդուարդ Հարությունյաննն անցնում է նաև Միհրան Պողոսյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազությունը 2022թ. սեպտեմբերի 30-ին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Միհրան Պողոսյանի, վերջինիս տիկնոջ՝ Կարինե Մխիթարյանի, դստեր՝ Լիա Պողոսյանի, Գագիկ Բադալյանի, Էդուարդ Հարությունյանի, Արթուր Թադևոսյանի, Գոհար Նազարյանի և Անտոնիո Ռիկարդո Մերինոյի:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանից և նրան փոխկապակցված յոթ անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագաձել հետևյալ գույքը.
- Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող 15 անշարժ գույք, որից 2-ը՝ անհատական բնակելի տուն Երևան քաղաքում, 1 ավտոտնակ, 12 հասարակական նշանակության տարածք, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 3 մլրդ 502 մլն 570 հազար դրամ, ինչպես նաև՝ մասնակցություններ 6 իրավաբանական անձերում։
- Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 710 մլն 839 հազար 400 դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը։
- 456 մլն 628 հազար 637 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև՝ 6 մլրդ 141 մլն 24 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել։
Ընկերություններ, որտեղ բաժնեմաս ունի Էդուարդ Հարությունյանը
Ինչպես նշեցինք, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հիմնադրման օրվանից՝ 2011թ. հոկտեմբերի 25-ից Էդուարդ Հարությունյանի անունով է գրանցված «Կեչառիս Հոթել» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը:
2020թ. հունիսի 8-ին կալանք էր դրվել Էդուարդ Հարությունյանին պատկանող բաժնեմասի վրա, որը 3 օր անց վերացվել էր: Իսկ 2022թ. սեպտեմբերի 12-ին որոշվել է ձեռնպահ մնալ Էդուարդ Հարությունյանին պատկանող 100% բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործարքի պետական գրանցումից:
Էդուարդ Հարությունյանը 2022թ. մարտի 4-ից մաքսային պահեստ համարվող «Մետեքսիմ Տերմինալ» ՍՊԸ-ի տնօրենն է
Էդուարդ Հարությունյանին (15%), նրա հորն ու եղբորն է պատկանում հագուստի վաճառքով զբաղվող «Դէ Ընդ Յանա» ՍՊԸ-ն: Այս ընկերությունում ևս արգելանք է դրվել Է. Հարությունյանի բաժնեմասի վրա և որոշվել ձեռնպահ մնալ նրան պատկանող բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործարքի պետական գրանցումից:
Հիշեցնենք, որ սա ապօրինի գույքի բռնագանձման գործով երկրորդ հաշտեցումն է: 2023թ. մարտի 21-ին էլ 81 մլն 962 հազ. դրամ գումարով հաշտության համաձայնագիր էր կնքել «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի տնօրեն Արթուր Մանուկյանը:
Լուսանկարը՝ Վիքիպահոցի
Մեկնաբանել