HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչու՞ «Արզնի» աերոդրոմում քաղաքացիական օդանավեր չեն կարող շահագործվել

2018 թ. փետրվարին Կառավարությունը «Արզնի» օդանավակայանի աերոդրոմին համատեղ բազավորման աերոդրոմի կարգավիճակ էր տվել: Սա նշանակում էր, որ ՊՆ-ին ենթակա այս օդանավակայանում, բացի ռազմական օդանավերից, կարող են բազավորման իրավունքով շահագործվել նաեւ քաղաքացիական օդանավեր:

Այդպես «Արզնին» դարձել էր Հայաստանում համատեղ բազավորման աերոդրոմ ունեցող 3-րդ օդանավակայանը: Մինչ այդ նման կարգավիճակ ունեին Գյումրու «Շիրակ» ու Երեւանի «Էրեբունի» օդանավակայանների աերոդրոմները:

«Շիրակը» քաղաքացիական աերոդրոմ է, սակայն այստեղ բազավորման իրավունքով շահագործվում են նաեւ ՀՀ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, իսկ «Էրեբունին» ռազմական աերոդրոմ է (ՀՀ ՊՆ-ին ենթակա), որտեղ բազավորման իրավունքով կարող են շահագործվել նաեւ քաղաքացիական օդանավեր: Այդուհանդերձ, ինչպես արդեն գրել ենք, քաղաքացիական օդանավ շահագործողները 10 տարուց ավելի չեն ներկայացրել «Էրեբունուց» օգտվելու հայտ:

«Արզնի» օդանավակայանը, որը կառուցվել է 1943-ին եւ շահագործվում է 1970-ից, 1992-ից ծառայում է ՀՀ ռազմաօդային ուժերի կուրսանտներին: Սակայն այստեղ ոչ միայն ավիացիոն կուրսանտներն են փորձառություն ձեռք բերում, այլեւ նախկինում պարբերաբար վարժանքներ են իրականացրել զինուժի տարբեր ստորաբաժանումներ, ոստիկանությունը, թռիչքներ էին կատարում Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի անդամները, մրցումներ անցկացնում ավիամոդելավորողները:

2018-ին «Արզնիին» համատեղ բազավորման աերոդրոմի կարգավիճակ տալը Կառավարությունը հիմնավորում էր նրանով, որ այստեղ ընդհանուր նշանակության ավիացիա (քաղավիացիայի ճյուղերից է) զարգացնելու ծրագիր կար: 2018-ի փետրվարին ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղավիացիայի կոմիտե) այն ժամանակվա պետ Սերգեյ Ավետիսյանը գործադիրի նիստում հայտարարել էր. «Քաղաքացիական ավիացիայի ուսումնական կենտրոնում մեկնարկել է օդաչուների սիրողական պատրաստման ծրագիր, որը տեսական ու գործնական փուլերից կազմված փաթեթ է։ Գործնական փուլերի կազմակերպման նպատակով ենթադրվում է ուսումնական թռիչքներ իրականացնել սահմանված տիպի օդանավերով։ Պաշտպանության նախարարության մասնագետների հետ համատեղ քննարկումների արդյունքում նպատակահարմար է համարվել նշված թռիչքների իրականացման համար օգտագործել «Արզնի» օդանավակայանը»: Ավետիսյանի նշած ծրագիրը, սակայն, այդպես էլ իրականություն չդարձավ:

2019-ի ամռանը «Հետքը» հետաքրքրվել էր ՔԱԿ-ից, թե «Արզնիում» քաղավիացիայի ոլորտը ներկայացնող ինչ ավիաընկերություններ կամ օդանավեր են բազավորվում: Պարզվել էր, որ այնտեղ ժամանակավոր կայանված է Հայաստանի պարագլայդինգի (պարապլաներային սպորտի) ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանին պատկանող «Cessna F172G» ինքնաթիռը (1 օդաչու + 3 ուղեւոր, ՀՀ գրանցումը՝ EK-SKY), որը նույն տարում Հայաստան էր ներկրվել ցամաքային ճանապարհով: Այդուհանդերձ, շատ չանցած այս բորտը տեղափոխվեց Եղվարդի անավարտ ջրամբարի տարածքում պատրաստված թռիչքային հարթակ, որտեղ եւ շահագործվում է մինչ օրս:

2022 թ. մայիսի 5-ին Կառավարությունը հերթական փոփոխությունն է կատարել 2004 թ. իր այն որոշման մեջ, որով սահմանվում են համատեղ բազավորման եւ համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգն ու համատեղ բազավորման աերոդրոմների ցանկը: Այդ փոփոխությամբ գործադիրն «Արզնի» օդանավակայանի աերոդրոմը հանել է ցանկից:

Փաստորեն, «Արզնին» ցանկից հանվեց դրանում ներառվելուց 4 տարի անց, եւ այդ ընթացքում որեւէ գործնական փոփոխություն այս օդանավակայանում տեղի չունեցավ. քաղավիացիայի ներկայացուցիչների կողմից այն, մեծ հաշվով, մնաց անտեսված:

«Արզնին» ցանկից հանելու մասին Կառավարության որոշման նախագիծը մշակած Քաղավիացիայի կոմիտեն, ինչպես նշվել է նախագծի հիմնավորման մեջ, հարցը նախապես քննարկել էր ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության հետ: Չնայած 2018-ին «Արզնին» համատեղ բազավորման աերոդրոմ դարձնելով՝ նպատակ կար այնտեղ ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման նախադրյալներ ստեղծել, ըստ ՔԱԿ-ի՝ քաղաքացիական օդանավերի կողմից օդանավակայանի համատեղ բազավորման եւ օգտագործման հարցը կրել է խնդրահարույց բնույթ՝ ելնելով պաշտպանական նկատառումներից:

Կոմիտեն «Արզնին» վերոնշյալ ցանկից հանելու անհրաժեշտությունը պայմանավորել է այն հանգամանքով, որ ՊՆ-ի կողմից մշակվում են «Արզնի» օդանավակայանի զարգացման հեռանկարային ծրագրեր, որոնց իրականացման համար օդանավակայանի նման կարգավիճակը (համատեղ բազավորման աերոդրոմ ունենալը) կառաջացնի լրացուցիչ խոչընդոտներ։ Թե ինչ հեռանկարային ծրագրերի մասին է խոսքը, ՔԱԿ-ը չի մանրամասնել:

Լուսանկարներում՝ պարաշյուտիստների թռիչքների համար կիրառվող եւ ՀՀ ռազմաօդային ուժերին պատկանող «Մի-8» բազմանպատակային ուղղաթիռները՝ «Արզնի» օդանավակայանի տարածքում (Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի արխիվից)  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter