HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճայինների 61 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Արսեն Հարությունյանը՝ եզրափակչում պարտության մատնելով Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովին։

23-ամյա հայ ըմբիշն իր պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7։0 հաշվով պարտության էր մատնել թուրք Էմրահ Օրմանօղլուին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արսեն Հարությունյանը մրցեց Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Արման Էլոյանի հետ և հաղթեց 10։0 հաշվով։

Եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակիցը 57 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Զելիմխան Աբակարովն էր, որն այս առաջնությունում հանդես եկավ 61 կգ քաշում։ Հայ ըմբիշը Աբակարովի նկատմամբ առավելության հասավ 5։2 հաշվով և իր կարիերայում երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնություններում ոսկե մեդալ էր նվաճել նաև 2019 և 2022 թվականներին։

Այսօր՝ ավելի ուշ, 74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 19-ին, 65 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն էր նվաճել Հայաստանը ներկայացնող Վազգեն Թևանյանը։

Լուսանկարը՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter