HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

59 գույք և 26 մլրդ դրամ բռնագանձելու պահանջ՝ Հովիկ Աբրահամյանից և մերձավորներից

Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց Գլխավոր դատախազության՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության, ներկայացրած հայցադիմումի քննությունն ընդդեմ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի, վերջինիս կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի, որդու և դստեր՝ Արգամ և Աննա Աբրահամյանների,  ինչպես նաև՝ ընտանիքի հետ փոխկապակցված այլ անձանց:

Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչ, փաստաբան Վարազդատ Ասատրյանը նիստը նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց՝ նշելով, որ պատասխանող կողմի համար օբյեկտիվ հիմքեր են առաջացել դատավորի կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ: Մասնավորապես՝ գործի քննությունը չի հետաձգվել նոր ներկայացուցիչ ներգրավելու հիմքով, բայցի այդ, չի երկարացվել հայցադիմումի պատասխանի ժամկետը, որով խախտվում է կողմերի հավասարության սկզբունքը: Ներկայացուցիչներին արդյունավետ պաշտպանության հնարավորություն չի տրվում, ինչը կասկածի տակ է դնում դատավորի անկողմնակալությունը:

Դատարանը չքննարկեց միջնորդությունը, քանի որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատական նիստում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա, գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճենները: Այդ պահանջը չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում: Փաստաբան Ասատրյանը կողմերին չէր տրամադրել գրավոր միջնորդության օրինակը օրինակը:

Դատախազ Տիգրան Ենոքյանը դատարանում ներկայացրեց հայցի հիմքն ու առարկան, ինչից հետո դատարանը հետաձգեց դատական նիստը, որպեսզի նոր ներգրավված ներկայացուցիչները ծանոթանան գործի նյութերին:

Տիգրան Ենոքյանը հայտարարեց, որ Աբրահամյանների գույքի ուսումնասիրության ժամանակահատվածի սկիզբ է ընտրվել 1995 թվականը:

Պահանջ է ներկայացվել` Հովիկ Աբրահամյանից, կնոջից, որդուց, դուստրերից, ԱԺ նախկին նախագահին փոխկապակցված այլ անձանցից՝ անվտանգության աշխատակից Բագրատունի Բարսեղյանից և կնոջից, Աբրահամյանների ազգական Գագիկ Պողոսյանից և կնոջից, Հ. Աբրահամյանի եղբորորդուց և կնոջից՝ Կարինե Աբրահամյանից, վարորդ Գրիգոր Գևորգյանից և կնոջից, վարորդի եղբայր Ամբիկ Գևորգյանից և կնոջից, վարորդի ազգական Աշոտ Խաչատրյանից, Ռուզաննա Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նրանց պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքը: Ըստ դատախազության՝ նշված գույքերի ձեռք բերումն ամբողջությամբ չի հիմնավորվել Հովիկ Աբրահամյանի օրինական եկամուտներով:

Հիշեցնենք, որ «Հետք»-ը դեռևս 2014թ.-ին էր գրել Հովիկ Աբրահամյանի բիզնեսի մասին: Պարզել էինք, որ Աբրահամյանին պատկանող մի շարք բիզնեսներ գրանցված են այլ անձանց անուններով, այդ թվում՝ այն մարդկանց, որոնց դեմ դատախազությունն այսօր գույքի բռնագանձման պահանջ է ներկայացնում:

Բռնագանձման պահանջ ներկայացվել է 59 անշարժ գույքի վերաբերյալ: Դրանցից 15-ը Երևան քաղաքում է, մեծամասամբ՝ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը՝ Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ նույն մարզի Նարեկ գյուղում, 1-ական գույք՝ Մարմարաշեն, Այնթապ և Արևաբույր համայնքներում, 2-ը՝ Կոտայքի մարզի Արզական գյուղում, 6-ը՝ Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Սևան համայնքում, 6-ը՝ Դիլիջան համայնքում, 3-ը՝ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում:

Նշված անշարժ գույքերից 23-ը հաշվառված է ընտանիքի անդամ չհանդիսացող, այլ անձանց անվամբ, սակայն գույքերի իրական շահառու է դիտարկվել Հովիկ Աբրահամյանը:

Դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև 4 ավտոմեքենա՝ «LEXUS LX 570 GAS», «MERCEDES-MAYBACH S 500 4MATIC»,  «MERCEDES-BENZ S500», «TOYOTA CAMRY 2.5» մակնիշների, որից վերջին 2-ը հաշվառված են փոխկապակցված այլ անձանց անվամբ։

Բռնագանձման ենթակա է մասնակցությունը 20 ընկերություններում, դրանցից մեկը Ռուսաստանի Դաշնությունում է, ինչպես նաև՝ բաժնետոմսեր: 

Շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է 9 շարժական և անշարժ գույք: Դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև դրանց շուկայական արժեքները, որոնց ընդհանուր գումարը մոտ 1 մլրդ 628 մլն դրամ է:

8 ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունքը, որը կազմում է 11 մլն 293 հազ ԱՄՆ դոլար, 3 մլն 118 հազ. եվրո և 687 մլն դրամ ևս ենթակա է բռնագանձման:

Բացի այդ, Աբրահամյաններին ներկայացվել է առանձին դրամական պահանջ՝ մոտ 21 մլրդ 202 մլն դրամի չափով:

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2022թ. մարտի 1-ին Արգամ Աբրահամյանը Երևան քաղաքի Ազատության պողոտայի 1/6 հասցեի բնակելի տունը վաճառել է Լիլիթ Պետրոսյանին: Ստացված տվյալների համաձայն՝ բնակելի տան գինը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Պայմանագրի նոտարական վավերացման օրը գնորդը վճարել է նշված գումարից 48 մլն դրամ, իսկ տարբերությունը պարտավորվել է վճարել մինչև 2022թ. օգոստոսի 1-ը՝ բանկային  փոխանցում կատարելու միջոցով:

Դատախազության փոխանցմամբ՝ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո տվյալներ են ստացվել, որ 2023թ. փետրվարին Արգամ Աբրահամյանի և Լիլիթ Պետրոսյանի միջև կնքվել է Ազատության պողոտայի 1/6 բնակելի տան տարաժամկետ առուվաճառքի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր: Համաձայն դրա՝ բնակելի տան դիմաց գնորդը պարտավորվել է գումարի տարբերությունը՝ 2 մլրդ 452 մլն դրամը վճարել մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը:

Նշվածը հաշվի առնելով՝ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան և վերջինիս 2023թ. ապրիլի 5-ի որոշմամբ,  որպես հայցի ապահովման միջոց, Արգամ Աբրահամյանին արգելվել է Լիլիթ Պետրոսյանին օտարած Ազատության պողոտայի 1/6 բնակելի տան վաճառքից ստացվելիք 2 մլրդ 452 մլն դրամը միանվագ կամ մաս-մաս իր բանկային հաշիվներին մուտքագրվելուց հետո տնօրինել: Միաժամանակ, Լիլիթ Պետրոսյանին արգելվել է նշված բնակելի տան գնման դիմաց 2 մլրդ 452 մլն դրամի չափով վճարում կատարել։

Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել նաև հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելը թույլատրելու մասին միջնորդություն, ըստ որի՝ բռնագանձման ենթակա է նաև Ազատության պողոտայի 1/6 բնակելի տան օտարման արժեքը ստանալու պահանջի իրավունքը՝ 2 մլրդ 452 մլն դրամի չափով։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 16-ին ժամը 10:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter