HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մասիս համայնքում նոր ձկնաբուծարաններ են կառուցվում, գործողներն՝ ընդլայնվում

Սառա Պետրոսյան, Տիրայր Մուրադյան

Հիմնական բացահայտումները

  • Ձկնաբուծարաններ կառուցելու նպատակով հողի նշանակությունը փոփոխելիս վճարելու պահանջը հանվել է Հողային օրենսգրքից։ Այս հոդվածը հետադարձ ուժ չունի և չի տարածվում մինչ այդ գոյություն ունեցող, ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների վրա։ Սակայն, ձկնաբույծները գտել են հողն անվճար օրինականացնելու լուծումը։ Ձկնաբուծարաններն ընդլայնելու համար նախագծման, այնուհետև շինթույլտվություն են ստանում, որում ներառում են նաև ինքնակամ կառուցված լճակները։ Դրանք ներկայացնում են որպես նորակառույց շինություն և ազատվում թե՛ հողի նշանակությունը փոփոխելու, թե՛ ինքնակամ կառուցված լճակներն օրինականացնելու համար համայնքային բյուջե վճարում կատարելուց։
  • Մասիսի համայնքապետարանը ինքնակամ կառուցված ձկնաբուծարաններն օրինականացնելու համար կամայականորեն է վճարման պահանջ ներկայացնում։
  • Գործող ձկնաբուծարաններն ընդլայնվում են, քանի որ հողի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու համար այլևս չեն վճարում։

 

2022թ հունվարից մինչև 2023թ.-ի փետրվար ամիսը Մասիսի համայնքապետարանը ձկնաբուծարաններ կառուցելու և գործող ձկնաբուծարաններն ընդլայնելու նպատակով հողի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու 13 որոշում է ընդունել։ Գյուղատնտեսական նշանակության 24 հեկտար հողատարածք փոփոխվել է արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության։ Նոր ձկնաբուծարաններից 4-ը կկառուցվեն Մասիս համայնքի Հովտաշատ գյուղում, 2-ը՝ Սիսում, 1-ը՝ Ռանչպարում, 1-ը՝ Զորակում և 1-ը՝ Նիզամիում։ 

Ձկնաբուծարաններ կառուցելն այժմ առավել, քան երբևէ հեշտացել է2021թ-ի հուլիսի 30-ին «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածում կատարված փոփոխություններով հողի նպատակային և գործառնական  նշանակության փոփոխությունը կատարվում է պարզեցված կարգով, համայնքի ավագանու որոշումով։ Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխություններով՝ հողի նշանակությունը փոխելու համար վճարման պահանջը հանվել է օրենսգրքից։ 

Այն բավականին մեծ գումար էր կազմում, որը քչերին էր թույլ տալիս ձկնաբուծարան ունենալ։ Այդ բիզնեսով զբաղվում էին օլիգարխներն ու պաշտոնյաները, որոնց մեծ մասը հաջողությամբ շրջանցել է օրենքի պահանջը և, առանց հողի համար վճարելու, տասնյակ հեկտարներով ձկնաբուծարան հիմնել։ Դրանցից շատերը մինչ օրս էլ օրինականացված չեն հենց այն պատճառով, որ չեն ցանկանում համայնքային բյուջե վճարել հողի նպատակային նշանակության փոփոխության համար երբեմն հարյուր միլիոն և ավելի դրամի հասնող գումարը։ 

Հողային օրենսգրքում կատարված փոփոխություններով (7-րդ հոդվածի 9-րդ կետ), վճարման պահանջ չի ներկայացվում, երբ հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողի նպատակային նշանակությունը փոփոխվում է՝ «ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար»։ 

Վճարից ազատվելը ձկնաբուծարանների տերերին տնտեսությունն ընդլայնելու հնարավորություն է տվել։ Ձկնարտադրությամբ զբաղվող ընկերություններից մի քանիսն արդեն փոփոխել են հողի նշանակությունը, ձկնաբուծարան կառուցելու նախագծման և շինթույլտվություններ են ստացել։ Ոմանք այդ հնարավորությունն օգտագործում են վաղուց ինքնակամ կառուցված լճակները որպես նորակառույց շինություն ներկայացնելու և այդ կերպ ազատվում են թե՛ հողի նշանակությունը փոփոխելու, թե՛ ինքնակամ կառուցված լճակներն օրինականացնելու վճարից։ 

Կադաստրի կոմիտեն հայտնում է, որ Մասիս համայնքի ավագանու 2022-23թթ ընդունած որոշումների հիման վրա առայժմ սեփականատերերից 7-ն է հողի նշանակության փոփոխությունը գրանցել Կադաստրում։ Կատարված փոփոխությունները հողամասի կադաստրային արժեքների տարբերության վճարման պարտավորություն չեն առաջացրել։

Մասիսի համայնքապետարանը ներկայացրել է ձկնաբուծարան կառուցելու նպատակով հողի նշանակությունը փոփոխելու վերաբերյալ ավագանու ընդունած որոշումները։  Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն՝ հողի սեփականատերերը վճարում կատարելու պարտավորություն չունեն։ 

Համայնքապետարանը տեղեկացրել է նաև, որ ևս երկու ընկերություն նախկինում ինքնակամ կառուցված ձկնաբուծարաններն օրինականացնելու գործընթաց է նախաձեռնել։ Քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, նրանք պետք է վճարեն օրինականացնելու համար։ Դրանցից մեկը հողի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու համար հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը վճարել է համայնքային բյուջե՝ մոտ 5 մլն դրամ։ Մյուսի՝ Նորամարգ գյուղում գտնվող գյուղնշանակության վարելահողը փոփոխվել է ջրային հողերի, գործառնական նշանակությունը՝ արտադրական օբյեկտների, սակայն վճարում չի կատարել։

Հողի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու համար միակ վճարողը «Էկո ֆիշ» ՍՊԸ-ն է

Զորակ գյուղում գտնվող ինքնակամ կառուցված ձկնաբուծարաններից մեկի սեփականատերը Համլետ Թադևոսյանն է, նրա ձկնաբուծարանը 11 հեկտար տարածք է զբաղեցնում։

2023թ մարտի 16-ին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի որոշումով Համլետ Թադևոսյանի կադաստրային  երկու ծածկագրերով սեփական հողերը՝ 7500 քմ և 1820 քմ գյուղնշանակության այլ հողատեսքը, փոփոխվել են արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ ձկնաբուծարանի։ Նույն որոշումով համայնքի ղեկավարը սեփականատիրոջը պարտավորեցրել է 60-օրյա ժամկետում համայնքային բյուջե վճարել հողի նշանակությունը փոխելու պահին առկա կադաստրային արժեքի տարբերությունը։ Այսինքն, Հ Թադևոսյանն ընդհանուր 9320 քմ հողի համար պետք է վճարի 4 630 947 դրամ։

Համլետ Թադևոսյանի՝ կադաստրային երկու ծածկագրերով հողատարածքների վրա ինքնակամ կառուցված շինությունները՝ ձկնաբուծական լճակներ, մանրաձկան լճակ, վարչական շենք, բաղնիք, պարիսպ, ծածկ և այլն, 4110 քմ տարածք են զբաղեցնում։ Դրանք օրինականացնելու համար նա համայնքային բյուջե պետք է վճարի ընդհանուր՝ 5 301 811 դրամ։

2022թ-ի հոկտեմբերի 7-ի նիստում Մասիս համայնքի ավագանին որոշում է ընդունել Զորակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 1040 քմ և 960 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասերի հողատեսքը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու նպատակով։ Որոշման հիմքում դրվել է Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը։ Կադաստրային երկու ծածկագրերով հողակտորները Համլետ Թադևոսյանին պատկանող ձկնաբուծարանի մի հատվածն են, որը տարիներ առաջ վարձակալել է Զորակ համայնքից։

Քանի որ այդ երկու ծածկագրերով հողատարածքները Հ Թադևոսյանի սեփականությունը չեն, և Կադաստրում մինչ օրս որպես հողի սեփականատեր գրանցված է Զորակ համայնքը, նա առաջինը ցանկացել է դրանք օրինականացնել։ Մասիս համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Նորայր Հակոբյանը ապրիլի 6-ին երկու որոշում է ընդունել՝ «Օրինական ճանաչված շինությունները և դրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով Զորակ համայնքին օտարելու մասին»։ 

Մասիսի համայնքապետարանից հայտնում են, որ ինքնակամ կառուցված ձկնաբուծարանն օրինականացնելու համար համայնքային բյուջե է վճարվել 4.978964 դրամ։ 2021թ դեկտեմբերից Զորակ համայնք գոյություն չունի, այն Մասիս համայնքի բնակավայրերից մեկն է։ Հետևաբար, հողի իրական սեփականատերը Մասիս համայնքն է, որպես Զորակ համայնքի իրավահաջորդ։ Վարձակալած գյուղնշանակության հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու 1 քմ-ի տարբերությունը 528 դրամ է հաշվարկվել։ Բնականաբար, վճարողը եղել է Ս Թադևոսյանը։ 

Այսպիսով, 11 հա ձկնաբուծարանն օրինականացնելու համար նա համայնքային բյուջե պետք է վճարի մոտ 15 մլն դրամ (մոտ 5 մլն դրամ արդեն վճարել է)՝ վճարելով և՛ հողի նշանակությունը փոփոխելու համար, և՛ ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու։ Ս Թադևոսյանը ձկնաբուծարանը սկսել է կառուցել 2006թ-ից, այնուհետև ընդլայնել է այն՝ լճակներ ավելացնելով՝ 2007-08թթ-ին, 2011թ-ին և 2021թ-ին։ Սակայն, հարկային մարմնում հաշվառվել է 2019թ մարտին՝ որպես «Էկո ֆիշ» ՍՊԸ-ի հիմնադիր։ Այսինքն, մինչ այդ Ս Թադևոսյանը ոչ պետությանն է հարկատու եղել, ոչ էլ համայնքին է հողի հարկ և գույքահարկ վճարել։

Մասիս համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Նորայր Հակոբյանը հայտնում է, որ Նորամարգ գյուղում ևս մեկ ինքնակամ կառուցված ձկնաբուծարան է օրինականացվում, սեփականատերը դեռևս չի ավարտել գործընթացը։ Պարզեցինք, որ խոսքը «ՕՄԵԳԱ ՖԻՇ ՖԱՐՄՍ» ՍՊԸ-ի մասին է, որն անհատույց օգտագործման իրավունքով տիրապետող գյուղնշանակության 2 հեկտար վարելահողերի վրա ձկնաբուծարան էր կառուցել։ Այն օրինականացրել է 2022թ ապրիլի 12-ին և Կադաստրում գրանցելուց  ամիսներ հետո ձեռնամուխ է եղել ձկնաբուծարանն ընդլայնելուն։ 

«ՕՄԵԳԱ ՖԻՇ ՖԱՐՄՍ» ընկերության սեփականատերը Աշոտ Բաբախանյանն է։ Ձկնաբուծությամբ զբաղվող այս ընկերությունը 2012թ մայիսից գրանցված է հարկայինում և արդեն 11 տարի գործում է։ Ավագանու ընդունած որոշումներով ընկերությունը ևս 5,2 հեկտարով ընդլայնում է ձկնաբուծական տնտեսությունը։

Մասիս համայնքի ավագանին, Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը հիմք ընդունելով, 2022թ հոկտեմբերի 7-ի որոշումով համայնքի Նորամարգ գյուղում Աշոտ Բաբախանյանի սեփական 5,2 հա վարելահողից 4.5 հա-ը փոփոխել է ջրային հողերի՝ ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու նպատակով։ Նշված հողատարածքի վրա ընկերությունը 3750 քմ ինքնակամ կառուցված լճակներ ունի, որոնք օրինականացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարը որոշում չի կայացրել։

Մասիս համայնքի ղեկավարի 2022թ նոյեմբերի 2-ի որոշումով Ա Բաբախանյանին պատկանող 5,2 հա հողամասի մնացյալ մասը՝ 6570 քմ գյուղնշանակության վարելահողը նույնպես փոփոխվել է ջրային նշանակության, գործառնական նշանակությունը՝ ջրային օբյեկտների։ Համայնքապետարանից հայտնել են, որ ձկնաբուծարանն օրինականացնելու գործընթացն ավարտված չէ, միաժամանակ չեն հստակեցնում՝ հողի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու համար հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պահանջ ներկայացվե՞լ է այս ընկերությանը։ Ինչպես նաև՝ որքա՞ն է գնահատվել 3750 քմ ինքնակամ շինությունը, և ի՞նչ ժամկետ է սահմանվել վճարելու համար, ինչպես արվել է Համլետ Թադևոսյանի վերաբերյալ կայացված որոշումներում։

Ձկնաբուծարանն ընդլայնելու անվան տակ անվճար օրինականացվում են ինքնակամ շինությունները

Մասիս համայնքի ավագանին 2022թ հոկտեմբերի 7-ին գործող ձկնաբուծարաններն ընդլայնելու նպատակով հողի նշանակությունը փոփոխելու մի քանի որոշում է ընդունել։ 

Մարինե Բադալյանը՝ Մասիս համայնքի Հայանիստ գյուղում, և Արմեն Կարապետյանը՝ Նորամարգ գյուղում գտնվող իրենց ձկնաբուծարաններն ընդլայնելու ցանկություն ունեն։ Համայնքի ղեկավարը նրանց նախագծման թույլտվություն է տվել մի հողատարածքի համար, որտեղ նաև ինքնակամ կառուցված շինություններ կան։

Ավագանին 2022թ հոկտեմբերի 7-ի որոշումներից մեկով Նորամարգ գյուղում Արմեն Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող և իր հիմնադրած «ՌԻՎԵՌ ԼԱՆԴ» ընկերությանը վարձակալությամբ հանձնված 18 հեկտար գյուղնշանակության արոտավայրը փոփոխել է արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերականի՝ ձկնաբուծական տնտեսություն կառուցելու նպատակով։ Համայնքի ղեկավարը 2022թ դեկտեմբերի 1-ի որոշումով «ՌԻՎԵՌ ԼԱՆԴ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Նորամարգ 1 և Նորամարգ 2 հասցեներում ձկնաբուծական տնտեսություն կառուցելու նախագծման թույլտվություն է տրամադրել։

Ա Կարապետյանն այդ հողատարածքում 3100 քմ ձկնաբուծարան է կառուցել դեռևս 2014-15թթ-ին, և այն ինքնակամ կառույց է։ Այժմ ցանկանում է ընդլայնել, միաժամանակ, մեկ նախագծով օրինականացնել նաև ինքնակամ շինությունները։ «ՌԻՎԵՌ ԼԱՆԴ» ՍՊԸ-ն հարկային ռեգիստրում գրանցվել է 2021թնոյեմբերին, հետևաբար, մինչ այդ  հարկատու չի եղել։

Մասիս համայնքի ավագանին 2022թ հոկտեմբերի 7-ին ընդունած որոշումներից մեկով էլ բավարարել է Մարինե Բադալյանի դիմումը և փոփոխել Հայանիստ գյուղում 2600 քմ սեփական վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը՝ ձկնաբուծարան կառուցելու նպատակով։ 

Մասիս համայնքի Հովտաշատ գյուղի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Մարինե Բադալյանը ձկնաբուծությամբ զբաղվում է 2010թ-ից։ Հայանիստ գյուղում նա 4600 քմ ձկնաբուծարան ունի, որը կառուցել է 2008թ․-ին։ Շուրջը 2600 քմ ազատ հողատարածք է, որի հաշվին նա ձկնաբուծարանն ընդլայնելու ցանկություն ունի։ Գործող և նոր կառուցվելիք ձկնաբուծական լճակների արանքում 650 քմ հողաշեն լճակ կա։ Այդ հողատարածքի մի հատվածը ներառվել է 2600 քմ նոր փոփոխված հողատարածքում և, փաստորեն, այդ մասով նա համայնքային բյուջե չի վճարել հողի նշանակությունը փոփոխելու համար։ Մասիս համայնքի ղեկավարը 2022թ դեկտեմբերի 7-ի որոշումով ձկնաբուծական լճակներ կառուցելու համար նախագծման թույլտվություն է տրամադրել Մ Բադալյանին։ Երկու ամիս հետո ձկնաբուծական լճակներ կառուցելու շինթույլտվություն է տրամադրել՝ առանց անդրադառնալու 650 քմ հողի նշանակությունը փոփոխելու հարցին։

Մարինե Բադալյանը միջին մեծության ձկնաբուծարան ունի նաև իր բնակավայր Հովտաշատ գյուղում։ Մասիսի համայնքապետը 2022թ դեկտեմբերի 27-ին նրան Հովտաշատ բնակավայրի 12-րդ փողոցի, թիվ 51 հասցեում գտնվող ձկնաբուծական տնտեսության շահագործման թույլտվություն է տրամադրել։ Մ Բադալյանը Հովտաշատում ձկնաբուծարանը կառուցել է 2008-11թթ և ջուրթույլտվություններ է ստացել այդ ձկնաբուծարանի համար։  

2022թ սեպտեմբերի 6-ին Մասիս համայնքի ղեկավարի որոշումով Սամվել Առաքելյանի սեփական գյուղնշանակության վարելահողը փոփոխվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։ 2022թ դեկտեմբերի 22-ին նա հողի նշանակության փոփոխությունը գրանցել է Կադաստրում, իսկ շինությունները չի օրինականացրել։ Կադաստրի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ս Առաքելյանի հողատարածքի վրա 812.03 քմ ինքնակամ կառուցված շինություն կա՝ ձկնաճեցման լճակ, պահեստ, առվակ և այլն: Այսինքն, ինքնակամ շինությունը չօրինականացնելով՝ նա շարունակում է գույքահարկ չվճարել համայնքային բյուջե։ Սամվել Առաքելյանը 2022թ հուլիսի 22-ին որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է ՊԵԿ-ում և ժամանակավոր դադարեցրել գործունեությունը։ 

Անի Ավետիսյանը Սիս գյուղում գտնվող 2500 քմ սեփական հողի նշանակությունը փոփոխել է՝ ձկնաբուծարան կառուցելու նպատակով։ Նշված հողամասի կողքին ինքնակամ կառուցված ձկնաբուծական լճակներ կան, որոնք օրինականացնելու վերաբերյալ որոշում չկա։ Համայնքի ղեկավարը 2023թ մարտի 15-ի որոշումով ձկնաբուծական ջրավազանների կառուցման նախագծման թույլտվություն է տվել նրան։ 

Մասիսի համայնքապետը ձկնաբուծարաններից մեկի սեփականատիրոջը ինքնակամ կառույցն օրինականացնելու պահանջ ներկայացնում է, մյուսին՝ ոչ։

«ՖՈՒԴ ԷՔՍ» ՍՊԸ-ն Սիս գյուղում 2 հեկտար արհեստական ձկնաբուծական լճակներ ունի, այժմ 1.7 հա-ով ընդլայնում է տնտեսությունը։ Մասիս համայնքի ղեկավարի 2022թ մայիսի 3-ի որոշումով Սիս գյուղում «ՖՈՒԴ ԷՔՍ» ՍՊԸ-ի սեփական 1.7 հա գյուղնշանակության հողը փոփոխվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղարտադրական օբյեկտների։ Փոփոխությունները գրանցվել են Կադաստրում։ Նույն թվականի օգոստոսի 23-ին ձկնաբուծական ջրավազաններ և պոմպակայաններ կառուցելու նախագծման թույլտվություն է տրվել։ Սեպտեմբերի 27-ին էլ ձկնաբուծական ջրավազաններ և պահակատուն կառուցելու շինթույլտվություն է տրվել ընկերությանը։ 

Նոր կառուցվող ձկնաբուծարաններ Մասիս համայնքում

Մասիս համայնքի  ավագանու 2022թ հոկտեմբերի 28-ի որոշումով ձկնաբուծարան կառուցելու համար փոփոխվել է՝ 

  • Սարգիս Հայրապետյանի («Ել-Մար» ՍՊԸ)՝ Նիզամի բնակավայրում գտնվող 2.1 հա սեփական գյուղնշանակության հողամասի նպատակային և գործառնական  նշանակությունը։ 2023թ մարտի 24-ին համայնքի ղեկավարի որոշումով ձկնաբուծական տնտեսություն կառուցելու շինթույլտվություն է տրվել։
  • Արա Զորյանի («ԼՅՈՒՔՍ ՕԻԼ» ՍՊԸ)` Զորակ գյուղում գտնվող 4 հա սեփական գյուղատնտեսական վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը։ 2022թ նոյեմբերի 24-ին համայնքի ղեկավարի որոշումով ձկնաբուծական ջրավազաններ կառուցելու նախագծման թույլտվություն է տրամադրվել։
  • 2022թ հոկտեմբերի 7-ի որոշումով փոփոխվել է Սևադա Հայրապետյանի՝ Հովտաշատ գյուղում գտնվող սեփական 2.16 հա գյուղատնտեսական վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը։ 
  • 2022թ ապրիլի 5-ի որոշումով փոփոխվել է Հրանտ Գուլանյանի՝ Ռանչպար գյուղում գտնվող սեփական 4.51 հա գյուղնշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը։
  • Ավագանու 2022թ դեկտեմբերի 23-ի որոշումով փոփոխվել է Լևիկ Բաղդասարյանի՝ Հովտաշատում գտնվող սեփական 7000 քմ գյուղատնտեսական վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը։
  • Մասիս համայնքի ղեկավարի 2022թ ապրիլի 4-ի որոշումով փոփոխվել է Սուսաննա Ալեքսանյանի՝ Հովտաշատ գյուղում սեփական 6830 քմ գյուղնշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը։ 
  • 2023թ փետրվարի 14-ին փոփոխվել է Վարուժան Ավետիսյանի՝ Հովտաշատ գյուղում սեփական 7200 քմ գյուղնշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը։ 2022թ դեկտեմբերի 1-ին համայնքի ղեկավարը նրան ավազանների նախագծման թույլտվություն է տրամադրել։ Իսկ 2022թ դեկտեմբերի 27-ին՝ համայնքի ղեկավարի որոշումով ակվապոնիկ ձկնաբուծական տնտեսության տարածքում ձկնաճեցման ավազանների կառուցման շինարարության թույլտվություն։ Ընդունած որոշումների համաձայն՝ շինթույլտվությունը տրվել է հողի նշանակությունը փոփոխելուց ամիսներ առաջ։
  • 2023թ մարտի 14-ին ավագանին փոփոխել է Արթուր Վարդանյանի՝ Սիս գյուղում գտնվող 1857 քմ բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը։ Ա Վարդանյանին շինթույլտվություն դեռևս չի տրամադրվել, սակայն նա արդեն սկսել է ձկնաբուծարանի կառուցումը։

Արարատյան դաշտում նոր ձկնաբուծարաններ կառուցելը և գործողներն ընդլայնելն արտառոց չէր դիտվի, եթե ջրային պաշարների սպառումը աղետալի չափերի չհասներ։ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորումով «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի աշխատակազմը իր երկարատև ուսումնասիրությունը 2021թ-ին ամփոփեց սպասվող աղետի մասին հայտարարությամբ։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տասնամյակում ստորեկրյա ջրերի մակարդակն իջել է միջինը 6-9 մետրով, որոշ տեղերում՝ մինչև 15 մետր, իսկ արտեզյան գոտին կրճատվել է մոտ 67%-ով։ Գերշահագործման բացասական դինամիկան հանգեցնում է ջրային հաշվեկշի խախտման և ստորերկրյա ջրերի վերականգնման ներուժի նվազման՝ տարածաշրջանում առաջացնելով ջրի դեֆիցիտ, ռիսկի տակ դնելով երկրի պարենային ու էներգետիկ անվտանգությունը։ Պաշարների հյուծման հետևանքով Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնք խմելու և ոռոգման ջրի խնդիր ունի»,- հայտնեց ծրագրի աշխատակազմը։ 

Շրջակա միջավայրի նախարարությունը հավաստիացնում է, թե ընթացքի մեջ են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված օրենսդրական բարեփոխումներն ու միջոցառումները։ Գործնականում դեռևս ոչինչ չի արվել՝ իրենց իսկ բնորոշմամբ «բնապահպանական և սոցիալ-տնտեսական աղետը» կանխելու համար, իսկ ձկնաբուծարանները շարունակում են ավելանալ և ընդլայնվել։

գլխավորը լուսանկարը՝ Հետքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter