HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Զորանոցում հրդեհից զոհվածների ծնողները հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հետ

Այսօր՝ առավոտյան 9։30-ից, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում հրդեհից մահացած 15 զինծառայողի ծնողները, հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նրանց հետ էր նաև տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Զոհվածների ծնողներին մոտեցել է վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը և հայտնել, որ 1 շաբաթվա ընթացքում պատասխան կտան հանդիպման մասին։ Այս մասին «Հետքին» հայտնեց զոհվածներից Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը։ 

Նա նշեց, որ չեն հավատում վարչապետի վարկածին, թե հրդեհը բռնկվել է բենզինից, և պահանջում են Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, պատասխան տա իրենց, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Բացի այդ, Արտյոմ Գրիգորյանը դժգոհեց, որ գործի քննությունը դանդաղ և անարդյունավետ է ընթանում։

Նշենք, որ զոհվածների ծնողները և հարազատներն առավոտյան փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ապա բացել են այն, քանի որ ոստիկանները վստահեցրել էին, որ պահանջը փոխանցել են Կառավարության ներկայացուցիչներին։ Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հեռացել է՝ առանց հանդիպելու զոհվածների ծնողների հետ, ինչից հետո նրանք փակել են նաև Ամիրյան փողոցը։

Արտյոմ Գրիգորյանը հայտնեց, որ 1 շաբաթվա ընթացքում կսպասեն Կառավարության պատասխանին, հետո նոր կորոշեն, թե ինչ քայլեր են ձեռնարկելու։ Վարչապետին և պաշտպանության նախարարին հանդիպելու պահանջով զոհվածների ծնողներն ապրիլի 18-ին փակել էին նաև Երևան-Սևան մայրուղին։ Այդ ժամանակ ծնողներին հայտնել էին, որ նախաքննություն է ընթանում, այդ պատճառով նպատակահարմար չեն համարում հանդիպում ունենալ։

Տուժող կողմի համար տարօրինակ և տարակուսելի է պաշտպանության նախարարի և վարչապետի պահվածքը։ 

Հիշեցնենք, որ 15 զինծառայողի ծնողները, հարազատները մարտի 30-ին հանդիպել էին Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ, սակայն ոչ լիարժեք պատասխաններ էին ստացել։

Ավելի վաղ փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնել էր, որ զինծառայողների ծնողների և իր կողմից դիմումներ են ներկայացվել Պաշտպանության նախարարին և Զինվորական դատախազին՝ ծնողների հետ հանդիպման համար, սակայն նախարար Սուրեն Պապիկյանը չի ցանկացել հանդիպել ծնողների հետ։ 

Լուսանկարները՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter