HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Զորանոցում հրդեհից զոհվածների ծնողներին ոչ լիարժեք պատասխաններ է տվել զինդատախազը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում հրդեհից մահացած 15 զինծառայողների ծնողները, հարազատները մարտի 30-ին հանդիպեցին Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ։ Հանդիպումը տևեց շուրջ 3 ժամ։

Զոհված զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց հարցերին ոչ լիարժեք պատասխաններ են տվել, իսկ առավել մանրամասն չի կարող խոսել, քանի որ նախաքննություն է ընթանում։

«Գործի ամբողջ ընթացքից մենք շատ դժգոհ ենք՝ թե՛ քննչական աշխատանքներից, թե՛ ԱԻՆ-ի աշխատանքներից, ամբողջ գործողություններից։ Որ ասեմ լիարժեք բավարարված ենք այսօրվա իրենց պատասխաններից՝ ոչ»,- ասաց Արման Բարսեղյանը։ 

Տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնեց, որ ինտենսիվ քննարկում է տեղի ունեցել։ «Որոշ հարցերի կապակցությամբ տրվել են պատասխաններ, որ ընթացքի մեջ են, որոշ հարցերի վերաբերյալ արձանագրվել են, որ դրանց անհրաժեշտությունը չկա։ Այս պահի դրությամբ՝ տուժող կողմին հետաքրքրող բոլոր հարցերը բարձրացվել են»,- ասաց նա։

Փաստաբանն ասաց, որ հրդեհի պատճառ հանդիսացած այլ վարկածների գոյությունը բացառված չէ և ընթանում են քննչական, ստուգողական գործողություններ, սակայն որևէ այլ վարկածի վերաբերյալ տուժող կողմին չի տրամադրվել սպառիչ տեղեկություն։ Նրա խոսքով՝ այս վարույթի շրջանակում 5 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, և զինդատախազը չի բացառել, որ այլ անձանց նկատմամբ էլ քրեական հետապնդում կիրականացվի։

Նորայր Նորիկյանն ասաց, որ հանդիպման ժամանակ տուժող կողմը հայտնել է, որ ակնհայտ անվստահություն ունի ՀՀ գործադիր իշխանության, իրավասու մարմինների, դատախազության և վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ։ Փաստաբանը հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվել։ Խոսելով հունվարի 19-ին Փաշինյանի արած հայտարարության մասին, թե բենզինը վառարանի մեջ լցնելու հետևանքով է առաջացել հրդեհը, և դրան հակասող լեյտենանտի կողմից արված հայտարարության մասին, թե կացարանում բենզին չի եղել, Նորիկյանն ասաց, որ այդ հարցով ստացել են սպառիչ պատասխան, և այդ պատասխանը ևս իրենց մոտ հարցեր է առաջացրել։

«Ստացած պատասխանը մեծացնում է կասկածը, թե ինչով է պայմանավորված եղել հենց դեպքի օրը լրատվամիջոցների ներկայությամբ որոշակի փաստական հանգամանքներ հայտարարելը, որոշակի դետալներ հրապարակայնացնելը և հետագայում այլ վարքագիծ դրսևորելը»,- ասաց Նորիկյանը։

Փաստաբանը նշեց, որ հանդիպման ժամանակ զինդատախազը հայտնել է, թե ովքեր են զինվորների աճյունները հանել կացարանից մինչև քննչական գործողություններն իրականացնելը։ «Վարույթն իրականացնող մարմինը սկսել է տիրապետել դեպքի վայրին, երբ զինծառայողների դիերն այնտեղից հանել են և տարել»,- ասաց Նորիկյանը։ Սակայն փաստաբանը չցանկացավ հայտնել, թե որ ստորաբաժանումն է հանել զինվորների աճյունները՝ միաժամանակ չհերքելով լրագրողների այն հարցադրումը, թե ԱԻՆ-ն է եղե՞լ։ «Մենք խորը կասկած ունենք, որ զինծառայողների դիերի տեղափոխման ընթացքում որևէ լուսանկարահանում կամ տեսանկարահանում չի եղել»,- ասաց նա։

Իսկ թե որտե՞ղ են եղել փրկված զինվորները հարցին զինդատախազը պատասխանել է, որ այդ հարցի հանգամանքները պարզելու ուղղությամբ տարվում են քննչական գործողություններ։

Նորայր Նորիկյանը հայտնեց, որ զոհված զինծառայողներից 13-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններն ունեն արդեն, և բոլոր եզրակացությունների բովանդակությունները և ձևակերպումները նույնն են։

Տուժողների լիազոր ներկայացուցիչը, ամփոփելով հանդիպման արդյունքները, հայտնեց, որ ավելիին էր սպասում․ «Ինձ համար գոհացնողը այն կլինի, երբ կունենանք անխոցելի և կասկածից դուրս փաստական հանգամանքներ»,- ասաց նա։

Նշենք, որ փաստաբան Նորայր Նորիկյանը հանդիպման նախորդ օրը մամուլի ասուլիս էր հրավիրել եւ հայտնել, որ զինծառայողների ծնողների և իր կողմից դիմումներ են ներկայացվել Պաշտպանության նախարարին և Զինվորական դատախազին՝ ծնողների հետ հանդիպման համար, սակայն նախարար Սուրեն Պապիկյանը չի ցանկացել հանդիպել ծնողներին։ Տուժող կողմի համար տարօրինակ և տարակուսելի է պաշտպանության նախարարության ղեկավարության պահվածքը։ Իսկ զինվորական դատախազությունը բավարարել էր պահանջը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter