
«Տիտան օիլ» ՍՊԸ-ին ենթակա բենզալցակայանի շահագործումն արգելվել է, բայց այն շարունակում է գործել․ հայտարարություն
Օրեր առաջ «Հետք»-ը հրապարակել էր «Տիտան օիլ» ՍՊԸ-ին և «Սիվաս» ՍՊԸ ընկերությունների փաստաբանական խմբի հայտարարությունը, որում նրանք անդրադարձել էին «Հետք» էլեկտրոնային պարբերականում հրապարակված երկու հոդվածների։
«Պետական կառույցները չեն կարողանում փակել ապօրինի գործող բենզալցակայանը» և «Ապօրինի գործող բենզալցակայանը չփակելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել» վերնագրերով հոդվածներում անդադարձ կար հրդեհային անվտանգության նորմերի խախտումներով շահագործվող «Տիտան օիլ» բենզալցակայանի գործունեությանը։
«Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոնի փաստաբան Մերի Գևորգյանն, անդրադառնալով «Տիտան օիլ» ՍՊԸ-ի և «Սիվաս» ՍՊԸ-ի փաստաբանական խմբի հայտարարությանը, նշում է, որ այնտեղ կան ոչ հավաստի տեղեկություններ, որոնք արատավորում են «Ռիո մոլ»-ի գործարար համբավը։
Ստորև ներկայացնում ենք «Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոնի փաստաբան Մերի Գևորգյանի հայտարարությունը․
««Տիտան օիլ» ՍՊԸ և «Սիվաս» ՍՊԸ ընկերությունների փաստաբանական խմբի հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «Շեշտում և պնդում ենք, որ Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում գործող, «Սիվաս» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանը կառուցվել և շահագործվում է 2001 թվականից՝ բոլոր գործող նորմերին և չափանիշներին համապատասխան, և այդ ընդամենը 2017 թվականին շահագործման հանձնված ՌԻՈ Առևտրի կենտրոնն է, որ խախտել է շինարարական նորմերն ու չափանիշները, անթույլատրելի տարածությամբ մոտենալով գործող բենզալցակայանին և ստեղծելով գործող նորմերին հակասող իրավիճակ»։
Հիշեցնեմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 11.11.2022թ. թիվ S/05-2022-Ա/06 կարգադրագրի համաձայն՝ ՀՀ, ք. Երեւան, Հ.Քոչար-Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում գտնվող «Տիտան օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի, որպես արտադրական վտանգավոր օբյեկտի, շահագործումը արգելվել է։ Սակայն այդքանից հետո էլ բենզալցակայանը դրսևորելով ամենաթողություն, վտանգելով մարդկանց կյանքն ու առողջությունը, վեր դասելով բիզնես շահը, անխափան գործում է...
Ըստ արխիվային նյութերի՝ «Ռիո մոլ»-ը ժամանակին եղել է Արաբկիրի կահույքի ֆաբրիկա, այնուհետև ԲԲԸ վերակազմավորվել է ՓԲԸ-ի։ 2013թ. Արաբկիրի կահույքի ֆաբրիկան անվանափոխվում է ՌԻՈ-ի։ Երևանի քաղխորհրդի գործկոմի 1947թ. ապրիլի 14-ի թիվ 7 որոշմամբ Արաբկիր կահույքի ֆաբրիկային, որը անվանափոխված նույն Ռիո ընկերությունն է՝ տրվել է 4 հա հողատարածք։ Այսպիսով, հետագայում, 2000թ., որպես սեփականություն, գրանցվել է 3,485 հա 20977 քմ շինություն։ Այնուհետև տեղի է ունեցել վերակառուցում՝ առանց ընկերությանը հատկացված հողամասի սահմանների փոփոխման։
Այսպիսով՝ արխիվային նյութերից պարզ է դառնում, որ բենզալցակայանին ավելի ուշ՝ 04.09.2001թ. ճարտարապետահատակագծային առաջադրանք տալով՝ սահմանել են, որ պետք է նախատեսվի 20 քմ փոքրածավալ ժամանակավոր բենզալցակայան, ավելին՝ 1500 լ. տարողության և հողհատկացման վերաբերյալ 2001թ. քաղաքաշինության ՊՓԲԸ առաջատար մասնագետների կողմից, այդ թվում նաև՝ առողջապահության նախարարության կողմից, արձանագրվել է, որ որևէ առաջարկ չի ներկայացրել գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերում հնարավոր փոփոխությունների մասին, հետևաբար՝ հիգիենիկ համաճարակային ծառայությունը զերծ է մնացել նշված հողամասում 20 քմ բենզալիցքավորման կայաններ տեղակայելու վերաբերյալ եզրակացություն և տեխ. պայման տալուց։
Ավելին. Ներքին գործերի նախարարության պետավտոտեսչությունը բենզալցակայանին հրաահանգել է, որ այն տեղափոխվի երթևեկելի մասից դուրս, ունենա առանձին ելքի և մուտքի ճանապարհներ, խաչմերուկից ունենա 20 մ հեռավորություն, էլեկտրական հոսանքատար լարերից ունենա 25 մ հեռավորություն և գործող նորմատիվների պահանջների պահպանում։ Սակայն տեղում ստուգում իրականացնելուց ակնհայտ կդառնա, որ լարերը բացահայտ խիստ մոտ են բենզալցակայանի տանիքին, պայթյունավտանգ։ 1500լ փոքրածավալ բենզալցակայանի փոխարեն Տեսչական մարմնի կողմից արդեն իսկ արձանագրված է, որ առկա է դիզվառելիքի մոտ 2 տոննա տարրա և բենզինի մոտ 3 տոննա տարողության տարրա, ավելին՝ ստորգետնյա պահեստների փոխարեն վառելանյութ տեղակայված է վերգետնյա անմիջապես տանիքին հոսանքատար լարերի ներքո։ Հեռավորությունը չափագրման արդյունքներով 10 մ է «ՌԻՈ ՄՈԼ»-ի շինությունից, այնինչ գործող նորմերով առնվազն 50 մ պետք է պահպանված լիներ։ Ավելին՝ բենզալցակայանին տրված հողամասի վարձակալության ժամկետը ևս լրացած է։
«Ռիո մոլ»-ը, որպես Արաբկիրի կահույքի ֆաբրիկայի իրավահաջորդ, ֆաբրիկայի նախկին աշխատակիցներին, որոնք ստացել են խեղումներ, կահույքի ֆաբրիկայում աշխատելու տարիներին, մինչ օրս տրամադրում է վնասի փոխհատուցում։
Ապրիլի 13-ին, ժամը 11:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ. Քոչարի և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող «Տիտան» բանզալցակայանում բենզինը թափվել է ասֆալտին առկա էր հրդեհի բռնկման վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են տարածքի լվացման աշխատանքներ և հերթապահություն։
Փաստը արձանագրված է նաև Շամշյան լրատվականի կողմից, որտեղ բենզալցակայանը իր պայթունավտանգ տարաների վերգետնյա լինելու և նորմատիվների կոպիտ խախտումների պատճառով ձեռք է բերել «ատոմային ռումբ» անվանումը․
13.04.2023թ.-ին հրաշքով կանխվել է բենզալցակայանի պայթունը 911 ԱԻՆ աշխատակիցների կողմից, 5 տոննա վերգետնյա բակերի հերթական լիցքավորումից հեղեղի պես հորդացող վառելանյութը՝ ողողել էր ամբողջ տարածքը»:
Մեկնաբանել