HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղը դարձել է առաջնագիծ

«Ստեղից ինչքան սարեր տեսնում ես հեռվում, մենք էինք, հիմա հեսա, թշնամին քթներիս տակ է։ Էկեք, տեսեք «հարազատ» թշնամիներին, էնքան մոտ են, որ «հարազատ» եմ ասում, դե թշնամին էլ, որովհետև թշնամի են»,- պատմում է Տեղ համայնքի աշխարհազորային Գագիկ Էլազյանը։

2020 թ․ արցախյան պատերազմից հետո Սյունիքի մարզի Տեղ համայնքը դարձել է սահմանային: Մեր հանդիպման ժամանակ (2023 թ., մարտ), Տեղ համայնքի սահմանը ձգվում էր արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի երկայնքով՝ Կոռնիձորից Սև լիճ, հակառակորդի և հայկական դիրքերի միջև հեռավորությունը 3-ից 150 մ է։

Գագիկ Էլազյանը Տեղ գյուղի բնակիչ է: Նրա երեք զավակը, հարսները և յոթ թոռն ապրում են Տեղում։ Մինչև պատերազմը Գագիկը շինարարությամբ էր զբաղվում, այսօր գյուղի տղամարդկանցից շատերի նման թողել է իր հիմնական աշխատանքը և ընդգրկվել է աշխարհազորում։ Գագիկի օրը սկսվում և ավարտվում է սահմանային Տեղ համայնքի դիրքերում: 

Գագիկը 44-օրյա պատերազմի առաջին օրվանից եղել է Արցախում՝ Ջրականում, հոկտեմբերի 2-ին վիրավորվել է: Այդ վիճակում կարողացել է զոհերի մարմիններ և վիրավորներ դուրս բերել դիրքերից։ Գալով գյուղ՝ Գագիկ Էլազյանը կազմակերպել է գյուղի ինքնապաշտպանությունը։ 

«Պատերազմի յոթերորդ օրը վիրավոր վիճակում գալով գյուղ՝ մնացածներին հավաքեցի ու ասացի՝ վիճակը վատ է, տղերք, դիրքեր վերցնելով՝ թշնամին առաջ է գալիս, էսպես որ շարունակվի, կարող է վաղը մյուս օր հասնեն գյուղամեջ։ Որոշեցինք դիրքեր ամրացնել գյուղի մատույցներում և այդ օրվանից մինչ օրս կազմակերպում ենք գյուղի պաշտպանությունը»,- պատմում է Գագիկը:

Գագիկ  Էլազյանը արցախյան երեք պատերազմին էլ մասնակցել է։ 90-ականների պատերազմի ժամանակ վիրավորվել է գլխից։ Վերջին պատերազմում  էլ վիրավորվել է ձեռքից։ 

«2020թ․ նոյեմբերի պայմանագրից հետո օրը մի դիրք մտնում էին, ասում էին՝ մերն է։ Ասում ենք՝ ո՞նց է ձերը, ասում են՝ երբ կգան սահմանազատում, սահմանագծում կանեն, էդ ժամանակ, երբ ապացուցեք, որ ձերն է, դուրս կգանք։ Մենք էլ կամ պետք է դիմադրեինք, կամ պետք է նոր դիրք դնեինք։ էդպես շատ դեպքեր են եղել, որ ուզել են մտնել, չենք թողել։ Թշնամու հողը էս վարածից էն կողմն ա: Գյուղի հովիվներին անընդհատ զգուշացնում ենք, որ զգույշ լինեն, էդ մասերում էլ անասուններին չարածացնեն, բայց լինում է, որ արածացնում են, քանի որ արդեն արոտավայրի խնդիր կա։ Դեպք ա եղել էդ մասերում, ադրբեջանցիները մեր գյուղից հովիվի էին տարել։ Ճիշտ է՝ բանակցություններից հետո բաց էին թողել, բայց պետք է զգույշ լինենք»,- ասում է Գագիկ Էլազյանը:

Քայլելով խրամատներով՝ նա պատմում է դիրքապահների մասին: 

«Էս մեծ տղաս է՝ երկու երեխա ունի, էս էլ փեսաս է՝ երկու երեխա էլ ինքը ունի, էս էլ փոքր տղաս է, երեք էլ նրանն է։ Իրենց էրեխեքին որ իրենք չպահեն, ո՞վ պետք է պահի, իսկ պահելու համար առաջինը պետք է անվտանգությունն ապահովես։ Աստված անի, պատերազմ չլինի, բայց պիտի պատրաստ լինես»,- ասում է Գագիկ Էլազյանը։

Նա ցույց է տալիս Տեղ համայնքի բնակավայրերը, ասում է՝ Արավուս, Վաղատուր (Բայանդուր), Տեղ, Խնածախ գյուղերի հեռավորությունը ադրբեջանական դիրքերից շատ մոտ է՝ տեղ-տեղ 200 մետր է։ Ասում է՝ աշխարհազորայիններն այնպես են դասավորված, որ ամեն մարդ իր գյուղի մոտակա դիրքերը պահի, քանի որ ինքն ավելի լավ է ծանոթ տեղանքին։  

«Այստեղ՝ սահմանի վրա, գյուղացիների նվիրվածությունն ավելի շատ է։ Գյուղացին իր գյուղն է պահում, իր տունը, ուրիշ գնալու տեղ չունի։ Վաղը եթե մարտական գործողություն լինի, էլի պետք է կանոնավոր բանակը գա օգնության, բայց մենք պետք է կանգնած լինենք դիրքերում, մեր տեղում»,- ասում է Գագիկը:

Դիրքերում հերթապահության են նաեւ շները, գրեթե ամեն դիրքում շուն կա. «Շները օգնում են, գիշերը, որ մի բան է լինում, հաչում են, իրենք (ադրբեջանցիները, հեղ․) էլ ունեն, բայց մեր կողմ չեն գալիս, իսկ մերոնք գնում են։ Սևուկը թշնամու պոստեր է գնում, վախծուցնում,  խռիկ տալիս, հետ ա դառնում»։ 

Մեր հանդիպումից հետո (2023թ․ մարտի 29) Տեղ գյուղի տարածքում  ադրբեջանական կողմը տեղակայել է դիրքեր, որտեղ ապրիլի 11-ին, նրանց սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր։

Գլխավոր լուսանկարում՝ աշխարհազորային Գագիկ Էլազյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter