HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Դատաքննությունը մեր նախատեսածով շարժվում է առաջ»․ Դավիթ Տոնոյանի պաշտպան

Այսօր՝ ապրիլի 25-ին, Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործով հերթական դռնփակ դատական նիստը, որի ընթացքում շարունակվել է վկաների հարցաքննությունը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա մի քանի նիստերում կշարունակվեն վկաների հարցաքննությունները։ Այսօր հարցաքննվել է գործով 1 վկա։ «Սարսափելի ոչ մի բան չկա, ի վնաս մեզ որևէ տեղեկություն ձեռք չի բերվել այս ընթացքում։ Դատաքննությունը մեր նախատեսածով շարժվում է առաջ»,- ասաց պաշտպանը։

Նշենք, որ ավելի վաղ Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել դատական նիստերի արհեստական ձգձգման մասին։ Անդրադառնալով այս հարցին՝ պաշտպանն ասաց․ «Այդ հրապարակումները կոնկրետ ժամանակահատվածների էին վերաբերում։ Վերջին նիստերի ընթացքում նման միտում չենք նկատել»։

Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 6 ամսից ավելի է՝ կալանավորված է։ Դատարանը չի բավարարել Տոնոյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների ներկայացրած նախորդ երկու միջնորդությունները։ Հակակոռուպցիոն դատարանի դեկտեմբերի 29-ի կայացրած որոշումը՝ խափանման միջոցը չփոխելու մասին, պաշտպանական խումբը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որը ևս մերժել է բողոքը։

Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter