
Էնթոնի Բլինքենի պնդմամբ՝ Երևանն ու Բաքուն բանակցային գործընթացում շոշափելի առաջընթաց են գրանցել
Ադրբեջանն ու Հայաստանը շոշափելի առաջընթաց են գրանցել ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների ժամանակ կայուն խաղաղության պայմանագրին հասնելու հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների եզրափակիչ հանդիպման ժամանակ։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում երկու կողմերը քննարկել են մի շարք շատ բարդ հարցեր և շոշափելի առաջընթացի հասել՝ կայուն խաղաղության պայմանագրին հասնելու հարցում»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ բանակցությունների տեմպերը և հիմքերը, որոնք կողմերը դրել են, ցույց են տալիս, որ «խաղաղության պայմանագիրը գտնվում է հասանելի հեռավորության վրա»։ «Ցանկացած մարաթոնի եզրափակիչ կտորը միշտ ամենաբարդն է։ Մենք դա գիտենք։ Միացյալ Նահանգները շարունակում է օգնել մեր ընկերներին՝ հատելու եզրափակիչ գիծը։ Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք դրան»,- հավելել է Էնթոնի Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, ընդունել են, որ ամուր և երկարաժամկետ խաղաղության միակ ճանապարհն անցնում է երկխոսության միջով։ Նրա կարծիքով՝ խաղաղության պայմանագրի ձեռքբերումը «ոչ միայն կդառնա պատմական իրադարձություն, այլև կհամապատասխանի Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերին ու նույնիսկ միանգամայն դրական հետևանքներ կունենա երկու երկրների սահմաններից դուրս»։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում, մի քանի օր շարունակ, ընթանում էին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների գլխավորած պատվիրակությունների բանակցությունները։
Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել արլինգթոնյան բանակցությունների վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ բանակցությունների ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։
«Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները»,- ասված էր հայտարարության մեջ։
Հետաքրքրականն այն էր, որ նույնաբովանդակ հայտարարություն տարածել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչը ենթադրում է, որ կողմերը նախապես համաձայնեցրած են հայտարարության այս տեքստը։
Նախատեսվում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները այս ամիս ևս մեկ բանակցություններ կունենան Ռուսաստանում։ Թե երբ և որտեղ կլինեն բանակցությունները, դեռևս հայտնի չէ։
Լուսանկարը՝ ԱՄՆ պետքարտուղարի թվիթերյան միկրոբլոգից
Մեկնաբանել