HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Խաղաղության պայմանագրի նախագծի ուղղությամբ առաջընթացը չի արդարացրել Բաքվի սպասումները. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վիլնյուսում Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ բոլոր ուղղություններով ձեռք բերված առաջընթացը, և հատկապես Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների հիմքը հանդիսացող խաղաղության պայմանագրի նախագծի, պետական սահմանի սահմանազատման ու հաղորդակցությունների բացման մասով դեռևս չի արդարացրել Բաքվի սպասումները։ 

Բայրամովը Երևանին կոչ է արել «առավել շատ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։

«Մենք հայկական կողմին կոչ ենք անում ցուցաբերել բարի կամք և առավել ջանքեր գործադրել բոլոր ուղղություններում հարաբերությունների կարգավորման քննարկումներում։ Մենք հավատում ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման լավագույն ճանապարհը հիմնվում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ինքնիշխանության հարգման վրա։ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում պարզ է, սկզբունքային և մշտական»,- Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում, մի քանի օր շարունակ, ընթանում էին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների գլխավորած պատվիրակությունների բանակցությունները։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել արլինգթոնյան բանակցությունների վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ բանակցությունների ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։

«Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները»,- ասված էր հայտարարության մեջ։

Հետաքրքրականն այն էր, որ նույնաբովանդակ հայտարարություն տարածել էր նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչը ենթադրում է, որ կողմերը նախապես համաձայնեցրած են եղել հայտարարության այս տեքստը։

Նախատեսվում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները այս ամիս ևս մեկ բանակցություններ կունենան Ռուսաստանում։ Թե երբ և կոնկրետ որտեղ կլինեն բանակցությունները, դեռևս հայտնի չէ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter