HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին Լոնդոնում է. քննարկվում է «կործանիչների կոալիցիայի» հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լոնդոն պաշտոնական այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքի հետ քննարկել է «կործանիչների կոալիցիայի» հարցը։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը։

Քաղաքական գործիչների հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնից ոչ շատ հեռու գտնվող Չեքերսում, որտեղ գտնվում է բրիտանական վարչապետի նստավայրը։ Հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը լրագրողներին հայտարարել է, որ ինքնաթիռների մատակարարումը որոշիչ նշանակություն ունի Ուկրաինայի համար։ 

«Այսօր մենք խոսել ենք ռեակտիվ ինքնաթիռների մասին։ Շատ կարևոր թեմա է մեզ համար, որովհետև մենք չենք կարող վերահսկել օդը»,- ասել է Զելենսկին, որի խոսքերը մեջբերել է The Guardian-ը։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Ուկրաինան և Մեծ Բրիտանիան հանդիսանում են «իրական գործընկերներ», և Ռիշի Սունաքին տեղեկացնում են մարտի դաշտում իրադարձությունների զարգացման դետալները։

«Ես տեսնում եմ, որ առաջիկայում դուք կլսեք որոշ, ես կարծում եմ, շատ կարևոր որոշումներ, բայց մենք պետք է ևս մի քիչ աշխատենք դրա վրա»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ Ռիշի Սունաքի հետ հանդիպումից հետո։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից «կարևոր և հզոր» ռազմական օգնության մասին ու հավելել, որ նա բավարարված է պայմանավորվածություններով, որոնք ձեռք են բերվել եվրոպական մայրաքաղաքներում։

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով էլ ներկայումս բրիտանական իշխանությունները չեն պլանավորում Ուկրաինա ուղարկել F-16 կործանիչներ։ «Այդպիսի պլաններ չկան։ Ուկրաինացիները որոշում են ընդունել իրենց օդաչուներին ուսուցանել F-16-երի կիրառումը, և դուք գիտեք, որ RAF-ը (Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժեր-խմբ.) դրանք չի կիրառում»,- ասել է բրիտանական առաջնորդը։

Մինչ Մեծ Բրիտանիա այցը, Վլադիմիր Զելենսկին եղել էր Հռոմում, որտեղ հանդիպել էր Իտալիայի նախագահի, վարչապետի, իսկ Վատիկանում արդեն նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ։ Իտալիայից հետո Զելենսկին պաշտոնական այցով եղել էր նաև Բեռլինում, իսկ Ախենում ստացել Կարլ Մեծի անվան մրցանակ։ Բացի այդ, երեկ ուշ գիշեր Զելենսկին այցելել էր նաև Փարիզ, որտեղ ռազմական օգնության շուրջ բանակցություններ էր ունեցել Էմանուել Մակրոնի հետ։

Լուսանկարը՝ Ռիշի Սունաքի թվիթերյան միկրոբլոգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter