HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Վստրեչի Ապեր»-ի ներկայացուցիչները միջնորդում են դատախազության հայցը թողնել առանց քննության

Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 18-ին շարունակվեց «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի, նրա որդու և դստեր դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ 

Այսօրվա նիստին ներկա էր նաև Արամ Վարդանյանը։ Նախագահող դատավորն էր Կարապետ Բադալյանը, ներկա էին պատասխանողների ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանը և Լուսինե Սահակյանը, դատախազության ներկայացուցիչներն էին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը, նույն վարչության տնտեսագետ Արթուր Կարապետյանը։

Ինչպես նախորդ նիստերiն, այնպես էլ այս նիստի ժամանակ պատասխանող կողմն առարկեց, որ նիստը լուսանկարահանվի և տեսանկարահանվի, իրենց կարծիքով՝ գործում անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններ կան, ուստի պետք է քննվի դռնփակ։ «Առարկում եմ տեսանկարահանել, նկարահանել, ձայնագրել, գաղտնի նկարահանել, ամեն ինչին էլ առարկում եմ»,- ասաց Արամ Վարդանյանը։

Դատարանը թույլատրեց լրագրողներին լուսանկարահանել միայն դատարանին և հայցվոր կողմին։

Արամազդ Կիվիրյանը միջնորդություն ներկայացրեց հայցն առանց քննության թողնելու մասին, քանի որ դատախազության ներկայացուցիչները լիազորված չեն հանդես գալու հայցվորի անունից։ «Հայցադիմումին կից դատարանին չի ներկայացվել հայցադիմումը ստորագրած անձի՝ Նելլի Տեր-Թորոսյանի լիազորությունները հաստատող փաստաթուղթը՝ լիազորագիրը։ Այսինքն՝ ստացվում է, որ հայցադիմումը ստորագրել է դրա լիազորությունները չունեցող անձը»,- ասաց Արամազդ Կիվիրյանը։ Նրա խոսքով՝ Նելլի Տեր-Թորոսյանը լիազորագրի փոխարեն ներկայացրել է վկայական, իսկ տնտեսագետ Արթուր Կարապետյանը՝ գրություն։

Արամազդ Կիվիրյանն ասում է՝ քանի որ Նելլի Տեր-Թորոսյանը և Արթուր Կարապետյանը չեն համարվում դատախազության ներկայացուցիչներ, ուստի կարելի է ենթադրել, որ նախորդ դատական նիստերին հայցվորը՝ ի դեմս դատախազության, ներկայացուցիչ չի ունեցել, ինչը ևս կարող է հիմք հանդիսանալ, որ հայցը թողնվի առանց քննության։

Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանն առարկեց միջնորդության դեմ։ Նա հայտնեց, որ իրավասու մարմնի ցանկացած ներկայացուցիչ օրենքի ուժով իրավասու է հայցադիմում ներկայացնել։ Դատախազի խոսքով՝ գործի նյութերին կցված է իր հրամանը՝ համապատասխան վարչության դատախազ նշանակվելու վերաբերյալ։ «Այսինքն՝ ի պաշտոնե հայցադիմումը ստորագրելու իրավասություն եմ ունեցել»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է տնտեսագետ Արթուր Կարապետյանին, դատախազն ասաց, որ նա համարվում է դատախազության համապատասխան վարչության աշխատակից, և գլխավոր դատախազի տեղակալը լիազորել է նրան՝ մասնակցելու նիստերին։

Պատասխանող կողմը մնաց իր դիրքորոշմանը, Արամազդ Կիվիրյանն ասաց, որ առանց լիազորագրի հանդես գալու հնարավորություն ունեն միայն գլխավոր դատախազը և նրա տեղակալները։ Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ համապատասխան ստորաբաժանման ցանկացած աշխատակից իրավունք չունի հանդես գալու գլխավոր դատախազության անունից․ «Եթե էդ տրամաբանությամբ պիտի առաջնորդվենք, որ ստորաբաժանման ցանկացած աշխատակից իրավունք ունի գալ և ներկայացնել (խմբ․- դատախազությանը), էդ ստորաբաժանման աշխատակից են նաև հավաքարարները, նշանակում է նրա՞նք էլ պետք է գան և ներկայացնեն։ Ամենևին ոչ, հարգելի դատարան»,- ասաց Սահակյանը։ Նրա խոսքով՝ նույնիսկ քրեական գործերով դատախազները լիազորագրեր են ներկայացնում։

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ արդեն իսկ ստուգել և ճանաչել է հայցվորի ներկայացուցիչների ինքնությունները և լիազորությունները։ Դատարանը հիմնավոր համարեց դատախազի առարկությունները և նշեց, որ դատախազն իրավունք ունի պետության շահերի պաշտպանության հայց ներկայացնել դատարան։

Այնուհետև Արամազդ Կիվիրյանը միջնորդություն ներկայացրեց՝ դատական նիստը հետաձգելու մասին, քանի որ այլ դատական նիստի պետք է ներկայանար։ Քանի որ հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ հարցադրումներ պետք է ներկայացներ պատասխանող կողմը, ինչը երկար գործընթաց է, դատարանը բավարարեց միջնորդությունը՝ գործի քննության արդյունավետությամբ պայմանավորված։ Նաև հայտնեց, որ այս որոշումն ընդունեն որպես բացառություն, և նման հիմքով այլևս դատական նիստերը չեն հետաձգվի։

Գործով հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 15-ին՝ 10։00-ին։

Հիշեցնենք, որ Դատախազությունը պահանջում է Արամ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ռոստոմյան փողոց 7/5 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 37 մլն 880 հազար դրամ։
  • Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/8 հասցեում գտնվող շինության քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 93 մլն 970 հազար դրամ։ 
  • Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/9 հասցեում գտնվող շինության քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 120 մլն 405 հազար դրամ։
  • Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/10 հասցեում գտնվող տարածքի քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 7 մլն 355 հազար դրամ։
  • Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցի 24/3 հասցեում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքը՝ 77 մլն 110 հազար դրամ։
  • Bentley Continental GT տրանսպորտային միջոցի ներկայիս միջին շուկայական արժեքի՝ 17 մլն դրամի և 1 մլն դրամի տարբերության 9․4 %-ը, այն է՝ 14 մլն 304 հազար դրամ։
  • BMW X6 ավտոմեքենայի ներկայիս շուկայական արժեքի և արդեն վճարված 1 մլն դրամի տարբերությունը՝ 6 մլն 805 հազար դրամ։
  • 104 մլն 13 հազար 540 դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
  • 130 մլն 763 հազար 776 դրամ վարկերի և լիզինգի պայմանագրերի շրջանակներում ոչ օրինական եկամուտներից կատարված վճարումների գումարը, որը փոխանցվել է բանկերին։ 
  • 70 մլն դրամ՝ «Հանդիպում առաջին» ՍՊԸ-ի մասնակցության օտարումից ստացված դրամական միջոցներ։
  • 12 մլն դրամ՝ Քաջազնունի փողոց 4/5 հասցեի կաթսայատան օտարումից ստացված դրամական միջոցներ։
  • 24 մլն 300 հազար դրամ Երևանի Հակոբյան փողոց 2/49 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։
  • 45 մլն դրամ՝ Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտա 17/8 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։
  • 35 մլն դրամ՝ Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտա 17/9 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։
  • 46 մլն 98 հազար 106 դրամ՝ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 1 նրբանցք 5 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։ 
  • 21 մլն 600 հազար դրամ՝ Արցախի պողոտայում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից եկամուտ։
  • 6 մլն 300 հազար դրամ՝ Արցախի պողոտայում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից եկամուտ։
  • Քաջազնունի փողոց 4/5 հասցեի կաթսայատան ներկայիս շուկայական արժեքի, այն է՝ 145 մլն 560 հազար դրամի և արդեն վճարված 12 մլն դրամի տարբերությունը՝ 133 մլն 560 հազար դրամ։
  • Կարեն Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Կոտայքի մարզի Քաղսի 4-րդ թաղամասի 110 հասցեում գտնվող բնակելի տունը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 12 մլն 930 հազար դրամ։
  • Արցախի պողոտա 10 Բ շենքի 26 բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 22 մլն 850 հազար դրամ։
  • Արամ Վարդանյանին պատկանող Արցախի պողոտայում գտնվող բնակելի տներից մեկը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 243 մլն 885 հազար դրամ։
  • Արցախի պողոտայի 10/7 խանութը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 44 մլն 555 հազար դրամ։
  • Արցախի պողոտայի 14/20 հասարակական շինությունը՝ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 78 մլն 380 հազար դրամ։
  • Կոտայքի մարզի Հրազդանի Վանատուր թաղամասի Հայ ֆիդայիների փողոցի 46 հողամասը, անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 1 մլն 660 հազար դրամ։
  • Կոտայքի մարզի Քաղսի համայնքում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 4 մլն 85 հազար դրամ։
  • Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոցի 6-րդ նրբանցքի 23-րդ հողամասը։ Իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 9 մլն 910 հազար դրամ։
  • Toyota LC ավտոմոքենան, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 350 հազար դրամ։ 
  • Ելենա Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Արցախի փողոց 19/10 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 95 մլն 100 հազար դրամ։ 
  • Արցախի փողոց 19/15 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 169 մլն 605 հազար դրամ։ 
  • Mercedes-Benz S 320 մակնիշի ավտոմեքենան, անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 3 մլն 200 հազար դրամ։
  • Արցախի պողոտա 11/9 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման գործարքից 45 մլն դրամ ստանալու պահանջի իրավունքը։
  • Արցախի պողոտայում գտնվող ևս մեկ անշարժ գույքի օտարման գործարքից 45 մլն դրամ ստանալու պահանջի իրավունքը։
  • Range rover evoque 2.0 ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 12 մլն 775 հազար դրամ։ 

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter