HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Զոհված զինծառայողի մորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ Ռուբեն Մելիքյան

Քննչական մարմինը զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ի սկզբանե նախատեսված էր, որ պետք է քննվի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ մեր ներկայացրած բողոքը։ Ըստ ընթացակարգի՝ եթե այդ ընթացքում ներկայացվում է նաև կալանավորման միջնորդություն, դրանք համատեղ են քննվում։ Քանի որ նոր նյութեր են ներկայացվել, դատարանը մեզ հարցրեց, թե որքան ժամանակ է մեզ անհրաժեշտ, մենք 1 ժամ խնդրեցինք, և նիստը հետաձգվեց մինչև 01։00»,- ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ կալանավորման միջնորդության հետ կապված երեք տարբեր որոշումներ կարող է ընդունել դատարանը։ «Առաջինը՝ այն կարող է բավարարվել, երկրորդը՝ այն կարող է մերժվել և միջանկյալ տարբերակն է, որ դատարանը կարող է ասել՝ ես համաձայն եմ, որ կիրառվեն այլընտրանքային խափանման միջոցներ կամ միջոց, միայն թե կալանք չկիրառվի»,- ասաց փաստաբանը։

Մելիքյանը նշեց՝ հաշվի առնելով, որ գործը մեծ հնչեղություն ունի, հանրության կողմից հարգված բազմաթիվ մարդիկ են դատարանի դիմաց, շատ արագ կազմակերպել են երաշխավորագրերի հավաքագրում։ «Դրան միացան ԱԺ պատգամավորներ, արվեստի գործիչներից Հրանտ Թոխատյանը։ Հիմա դրանք փորձելու ենք ներկայացնել կալանքի դեմ առարկությունների մեր շրջանակներում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները և հարազատները փակել էին Արշակունյաց պողոտան։

Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակը» երեկ՝ մայիսի 17-ին, գրել էր, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները, որոնք պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ են, փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։ Ծնողները սակայն պնդում են, որ Փաշինյանն իր կամքով է նստել մեքենան։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, որից հետո ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց, որ Աշոտ Փաշինյանի առեւանգման դեպքի առիթով ձերբակալվել է մեկ անձ։ Ձերբակալվածը զոհված Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանն էր։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որ մայիսի 17-ին՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։ Երբ նրանցից շուրջ 50 մետր անցել է, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի  «ռեպլիկներ» են հնչեցնել:

Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով՝ կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ:

Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել:

Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter