HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Զոհված զինծառայողի մայրը մեկ ամսով կալանավորվեց

Դատարանը քիչ առաջ բավարարեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Գայանե Հակոբյանը կալանքի տակ կմնա 1 ամիս։ Այս մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողներին հայտնեց Գայանե Հակոբյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանը հայտնեց նաև, որ ձերբակալության իրավաչափության վերաբերյալ իրենց բողոքը մերժել է դատարանը։ «Մեզ համար անհասկանալի էր, քանի որ միջնորդության քննարկման ընթացքը չէր կարող հանգեցնել նման որոշման»,- ասաց փաստաբանը։

Վահան Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ Գայանե Հակոբյանի հացադուլը շարունակվում է։

Այս հայտարարությունից հետո դատարանի բակում հավաքված զոհված զինծառայողների ծնողները, հարազատները բողոքի ակցիա սկսեցին իրականացնել։ Այս պահին նրանք երկկողմանի փակել են Արշակունյաց պողոտան՝ պահանջելով ազատ արձակել Գայանե Հակոբյանին։ 

Նշենք, որ որոշումը կայացրած դատավորը Ժորա Չիչոյանն է՝ Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի որդին։ Նա դատավոր դարձավ այն ժամանակ, երբ հորեղբայրը` Սերգեյ Չիչոյանը, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար էր։ Ժորա Չիչոյանին դատավոր նշանակելուն առարկել էր ՀՀ նախագահը, սակայն ԲԴԽ-ն շրջանցեց նախագահի առարկությունը, և Ժորա Չիչոյանը իրավունքի ուժով դարձավ դատավոր։

Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին գրել էր, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները, որոնք պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ են, փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։ Ծնողները սակայն պնդում են, որ Փաշինյանն իր կամքով է նստել մեքենան։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, որից հետո ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց, որ Աշոտ Փաշինյանի առեւանգման դեպքի առիթով ձերբակալվել է մեկ անձ։ Ձերբակալվածը զոհված Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանն էր։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որ մայիսի 17-ին՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։ Երբ նրանցից շուրջ 50 մետր անցել է, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի  «ռեպլիկներ» են հնչեցնել:

Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով՝ կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ:

Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել:

Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter