HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը «Հետքի» հոդվածի հիման վրա տուգանվել է 200 հազար դրամով

2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը տուգանվել է 200 հազար դրամով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Ցուցուլյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար հիմք է ընդունել «Հետքի» հրապարակումը։

Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 16-ին հոդված էինք հրապարակել այն մասին, որ Կամո Ցուցուլյանը 2021թ․ տարեկան հայտարարագրում չի ներկայացրել բիզնեսի իր բաժնեմասը, մասնավորապես՝ «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ում իր ունեցած 67% մասնակցությունը։

Հիմք ընդունելով «Հետքի» հրապարակումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգել էր Ցուցուլյանի ներկայացրած հայտարարագիրը։ 2023թ․ մայիսի 24-ին Կամո Ցուցուլյանի ներկայությամբ հանձնաժողովում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ մայիսի 29-ին տեղի է ունեցել վարույթի քննությունը, որին Ցուցուլյանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի ներկայացել և խնդրել է գործի քննությունն իրականացնել առանց իր ներկայության։

ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը գրավոր դիրքորոշում է հայտնել՝ նշելով, որ կատարվածը «լրացման կարգի թերություն է և լրացման կարգի չիմացության արդյունք»։

Վարույթի քննության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձանագրել է, որ Կամո Ցուցուլյանը չի հայտարարագրել «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ում իր ունեցած բաժնեմասը, ինչպես նաև չի ներկայացրել գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին տվյալները։

Վարույթի քննության արդյունքներով՝ հայտարարատու պաշտոնատար անձի 2021թ․ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի տարեկան հայտարարագրում ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար Կամո Ցուցուլյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ՝ տուգանվել է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 000 դրամի չափով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter