HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Տեղի ունեցավ ԴԱՀԿ նախկին աշխատակիցն ընդդեմ «Հետք»-ի գործով առաջին նիստը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում այսօր՝ հունիսի 6-ին, տեղի ունեցավ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին աշխատակից Գրիշա Դավթյանի՝ պատվին ու արժանապատվությանը զրպարտությամբ վնաս պատճառելու վերաբերյալ հայցի քննությունն՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և հոդվածի հեղինակների։ Նախագահող դատավորը Սարգիս Երիցյանն էր։

Հայցի համար հիմք է հանդիսացել «Հետքի»՝ 2022թ. դեկտեմբերի 3-ին արված հրապարակումն այն մասին, որ ԴԱՀԿ նախկին աշխատակից Գրիշա Դավթյանը դուրս էր եկել աշխատանքից ու գնել խաբեության զոհ դարձած վարկառու Տիգրան Խանջյանի տունը։

Գրիշա Դավթյանը, որպես վնասի փոխհատուցում, պահանջում է բռնագանձել 6 մլն դրամ և 800 000 դրամի չափով դատական ծախս, որից 600 000-ը` որպես փաստաբանի վարձատրության գումար, իսկ 200 000-ը` հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։ Հայցվորը պահանջում է նաև հրապարակայնորեն հերքել հոդվածում առկա, ըստ նրա, զրպարտություն համարվող տվյալները։

Գործով առաջին դատական նիստին ներկա չէր Գրիշա Դավթյանը, փոխարենը՝ նրա ներկայացուցիչը՝ փաստաբան Էդգար Հակոբյանը, ընթերցեց, թե հոդվածի որ հատվածներն են նրանք որակել զրպարտություն։

Մինչ ընթերցելը՝ «Հետքի» թղթակիցը միջնորդություն ներկայացրեց՝ դատական նիստը լուանկարահանելու վերաբերյալ, սակայն հայցվոր կողմը առարկեց։ Իսկ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ, միևնույն ժամանակ գործով պատասխանող Գրիշա Բալասանյանը նշեց, որ չեն առարկում, ավելին՝ դատարանին խնդրեց թույլ տալ նկարել դատավարության այն կողմին, որը չի առարկում։ Սակայն հայցվորի ներկայացուցիչը պնդեց, որ իր վստահորդը չի ցանկացել, որ դատական նիստի որևէ կողմին տեսա և լուսանկարահանեն։ Արդյունքում՝ դատարանը որոշեց թույլատրել լուսանկարահանել միայն պատասխանող կողմին։

Հայցվոր կողմը նշում է, որ հոդվածում հիմնական միտքն այն է, որ աճուրդում մասնակցած և բնակարանը գնած անձը հենց այդ պահին համարվել է ավագ հարկադիր կատարող Գրիշա Դավթյանը, սակայն դա իրականությանը չի համապատասխանում։

Ի պատասխան հայցվորի՝ Գրիշա Բալասանյանը հայտնեց, որ ամբողջ հոդվածում պարբերաբար նշվում է, որ Գրիշա Դավթյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին աշխատակից է, նույնիսկ նյութի վերնագրում է բացահայտ երևում, որ տունը գնելու ժամանակ Գրիշա Դավթյանը աշխատակից չի համարվել։ Իսկ աճուրդի որոշման ժամանակ Գրիշա Դավթյանը աշխատակից համարվել է, և այդ մասին հստակ տարեթվով և ամսաթվով արձանագրված է նյութում։

Հոդվածում լրագրողը, վերապատմելով Տիգրան Խանջյանի խոսքերը, գրել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից գրավոր պարզաբանումներ ստանալու օրերին Դավթյանը զանգահարել է Տիգրան Խանջյանին և առաջարկել տունը վաճառել, իր վճարած գումարը՝ 31 մլն դրամը վերցնել ու մնացածը տալ Խանջյանին: Այս փաստը վկայում է, որ ծառայության նախկին աշխատակիցը սերտ կապ է պահում գործընկերների հետ, և նրան տեղեկացնում են տան հետ կապված իրադարձությունների մասին:

Հայցվորի ներկայացուցիչը կարծում է, որ սա ևս զրպարտություն է, քանի որ ըստ նրա՝ Գրիշա Դավթյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների հետ կապ չի պահել և Տիգրան Խանջյանին չի զանգել ու գումարային առաջարկ չի ներկայացրել։

Հայցվորը հոդվածում ներառված փաստերը դիտարկում է որպես լրագրողի կողմից արված մեկնաբանություն կամ պարզած տեղեկություն, իսկ ուղիղ մեջբերումներին անդրադարձ չի կատարում։ Լրագրող Անյա Սարկիսովան դատարանին հայտնեց, որ այն տողերը, որոնք ուղիղ ձևով մեջբերում չեն, ևս Տիգրան Խանջյանի խոսքերն են՝ ներկայացված վերապատմելու եղանակով, այնինչ հայցվորը դրանք ներկայացնում է որպես լրագրողի մեկնաբանություններ։

Գրիշա Բալասանյանն էլ հավելեց, որ հոդվածին կցված է նաև տեսանյութ, որտեղ Տիգրան Խանջյանն արդեն առաջին դեմքից է այդ պնդումներն անում, հետևաբար՝ տեքստում ներառված այդ պարբերությունները ևս պետք է ընդունել որպես Տիգրան Խանջյանի խոսքեր։

Գրիշա Բալասանյանն անդրադարձ կատարեց նաև հոդվածում հայցվորի կողմից զրպարտություն որակված հետևյալ հատվածին․ «Հանգիստ կարող ենք ենթադրել, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներն իրենց աշխատակցի համար էին այդքան արագ դատարկում Տիգրան Խանջյանի տունը։ Ակնհայտ է, որ գործել է բանկ-իրավապահ մարմիններ-Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն սխեմա։ 14 տարի է` իրավապահ մարմինները քննում են Տիգրան Խանջյանի «վարկային գործը» ու դժվար է ասել՝ այդ քննությունը երբևէ կավարտվի՞։ Այս հարցին կարող է պատասխանել Գլխավոր դատախազությունը»։

Բալասանյանն ընդգծեց, որ այս պարբերությունը զուտ փաստերի հիման վրա կատարված ենթադրություն է։ Նա հարց ուղղեց հայցվորի ներկայացուցչին՝ ո՞րն է զրպարտությունն այս պարբերության մեջ, որտեղ առկա է փաստերի հիման վրա արված ենթադրություն և նկարագրված է բանկ-իրավապահ մարմիններ-Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն սխեման։ «Չեմ կարծում, որ հայցվորը կարող է նույնանալ բանկի, իրավապահ մարմնի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ։ Եվ այդ մարմիններից էլ հերքման պահանջ չենք ստացել»,- ասաց Բալասանյանը։

Հայցվորի ներկայացուցիչ Էդգար Հակոբյանը նշեց, որ այդ պարբերությունը զրպարտության շարունակությունն է։ Նա կրկին պնդեց, որ հոդվածում ներկայացված է, թե տունը աճուրդի հանելու, բնակարանից վտարելու և տունը գնելու ժամանակ Գրիշա Դավթյանը եղել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակից․ «Եվ վերջում գալիս եք եզրահանգման, որ գործել է բանկ-իրավապահ մարմիններ-Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն սխեմա, և այդ հարցին կարող է Գլխավոր դատախազությունը պատասխան տալ։ Համոզված եմ, որ այս պնդմամբ նկատի եք ունեցել Գրիշա Դավթյանի անձը և նրա կողմից որոշակի հանցավոր սխեմայով տունը գնելը, հետագայում ազատելը»,- ասաց հայցվորի ներկայացուցիչը։

Գրիշա Բալասանյանը հայտնեց, որ այդ պարբերությունում իրենք նկատի են ունեցել 14 տարի քննվող քրեական գործը, և Գրիշա Դավթյանը ո՛չ բանկի հետ, ո՛չ Հարկադիր կատարման ծառայության գործողությունների հետ, ո՛չ էլ իրավապահ մարմինների հետ որևէ առնչություն չունի այս դրվագով։ «Հետևաբար՝ երբ ասում ենք, որ պետք է հարցին պատասխանի Գլխավոր դատախազությունը, մենք էլ մեզ վրա պատասխանատվություն չենք վերցրել, այլ ենթադրել ենք, որ սխեմա է գործել»,- ասաց Բալասանյանը։

Նա նշեց, որ պատասխանող կողմն ամբողջությամբ առարկում է հայցադիմումի դեմ։ Հայտնեց, որ անդրադարձել են քաղաքացու քրեական գործին, որը տևում է արդեն 10 տարուց ավելի և ցույց են տվել հարուցած քրեական գործը, խաբեության մեխանիզմը, որ բանկի միջոցով քաղաքացին ունեզրկվել է և վերջում ներկայացրել են, թե հարկադիր կատարողներն ինչպիսի գործողություններ են ձեռնարկել՝ քաղաքացուն տնից վտարելու հետ կապված։ Չսպասելով դատարանի որոշմանը՝ հապճեպ վտարել են քաղաքացուն, մինչդեռ վտարումից հետո դատարանը կայացրել է որոշում, որ հարկադիր կատարողները ձեռնպահ մնան վտարման գործողություններից։

«Նշված փաստերի համադրումներն են թույլ տվել ենթադրել, որ գործել է սխեմա՝ հակառակ դեպքում նման անփութություն և հապճեպություն չպետք է դրսևորվեր»,- ասաց Գրիշա Բալասանյանը։ Նրա խոսքով՝ սխեմայի դրսևորումներից է նաև այն, որ 10 տարուց ավելի է՝ քրեական գործով որևէ հանգուցալուծման չի եկել քաղաքացին, մինչդեռ վտարման հետ կապված կայացրին շատ հապճեպ որոշումներ՝ չսպասելով դատարանի որոշմանը։

Բալասանյանը հայտնեց նաև, որ հոդվածում հստակ նշված է՝ քաղաքացու տնից անհետացել է գումար, և թեև հայցվորը կարծում է, որ իրեն են մեղադրում դրանում, սակայն հոդվածում գրված է, որ վտարման գործողությունների ժամանակ է անհետացել գումարը։ «Բնականաբար, մենք մեզ վրա չենք կարող վերցնել պատասխանատվություն, թե ինչ հանգամանքներում և ում ձեռամբ է այդ գումարն անհետացել»,- ասաց Բալասանյանը։

«Այս հանգամանքներից ելնելով՝ մենք ցանկություն չենք ունեցել զրպարտելու կամ վիրավորելու հայցվորին, ուղղակի շարադրել ենք փաստեր և դրանցից ելնելով՝ կատարել եզրահանգումներ»,- նշեց Գրիշա Բալասանյանը։

Հայցվորի ներկայացուցիչ Էդգար Հարությունյանը հաջորդ հարցը բարձրացրեց` նշելով քանի որ տեսանյութը նկարահանվել է վտարման գործընթացից հետո հենց այդ տանը, ապա «ինչու՞ եք մուտք գործել մեկ այլ անձին պատկանող բնակարան, երբ վտարումն արդեն իսկ ավարտված է եղել, ունեցել եք տեղեկություն, որ այլ անձ է արդեն սեփականատերը, և նախ՝ ապօրինի մուտք եք գործել, հետագայում տեսանյութ եք հրապարակել և դրա համար որևէ խնդիր չե՞ք տեսնում։ Ձեր գործողություններում հստակ կատարել եք ապօրինի արարք»,- ասաց Հակոբյանը։

Գրիշա Բալասանյանը հիշատակեց դատարանի որոշումը, որով արգելվել է Տիգրան Խանջյանի և իր ընտանիքի անդամների վտարումը։ Եվ Տիգրան Խանջյանը ներկայում էլ ապրում է այդ տանը, հետևաբար՝ որևէ պետական մարմին չէր կարող լրագրողներին արգելել հանդիպել մի մարդու, որը ցույց էր տալիս, թե ինչ պայմաններում է եղել վտարումը, և ինչ պայմաններում է հիմա ապրում նա։ «Մենք չենք գնացել տան սեփականության հարցը պարզելու, մենք գնացել ենք տվյալ քաղաքացու դժգոհությունը լսելու դեպքի վայրից»,- ասաց Գրիշա Բալասանյանը։

Էդգար Հակոբյանը հայտարարեց, որ տվյալ բնակարան ապօրինի մուտք գործելու վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պատասխանողների և Տիգրան Խանջյանի նկատմամբ։ Այս մասին լրագրողները տեղյակ չէին, հայտարարությունն անակնկալ էր նրանց համար։

Նիստի ընթացքում քննարկվեց նաև «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ում որպես լուսանկարիչ և օպերատոր աշխատող Սարո Բաղդասարյանի մասնակցության հարցը: Գրիշա Բալասանյանի խոսքով` վերջինս օպերատոր է և նյութի բովանդակային մասի նկատմամբ պատաախանատվություն չի կրում: Սակայն հայցվորի ներկայացուցիչը չհրաժարվեց Սարո Բաղդասարյանի դեմ հայցից` նշելով, որ նյութում գրված չէ վերջինիս օպերատոր լինելու հանգամանքը:

Դատարանը կողմերին ժամանակ տվեց՝ միջնորդություններ և գրավոր ապացույցներ ներկայացնելու համար։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 13-ին։

Նշենք, որ արդարադատության կապիտան Գրիշա Դավթյանը 2016-2021թ. ապրիլ ամիսն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարող, ապա՝ ավագ հարկադիր կատարող: 2021թ. ապրիլի 22-ից մինչև նույն տարվա հոկտեմբերի 15-ը եղել է պետական բյուջեի օգտին բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի ավագ հարկադիր կատարող:

Տիգրան Խանջյանը անհատ ձեռներեց է, ով երկար տարիներ զբաղվել է առևտրով։

2007թ. նոյեմբերին նա որոշել է վարկ վերցնել և ընդլայնել սննդամթերքի խանութը: Այցելել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ը, որտեղ վարկային բաժնի պետ Մարտին Թորոսյանը խաբեությամբ վարկ է ձևակերպել։ Մեկ տարի անց Տիգրան Խանջյանին բանկից տեղեկացրել են, որ նա խաբեության զոհ է, և վարկային մասնագետը հեռացվել է աշխատանքից։

2009թ. հունվարին «Կոնվերս բանկը» հայցադիմում է ներկայացրել գումար բռնագանձելու պահանջով:

Տիգրան Խանջյանը դիմել է տարբեր ատյաններ, բայց անօգուտ։ 2012-ին նա դիմել է իրավապահ մարմիններին: Հարուցվել է քրեական գործ։ 2021թ. նոյեմբերի 12-ին քրեական գործի կասեցված վարույթը վերսկսելու որոշում է կայացվել։ Դատարանի որոշումից 11 տարի անց՝ 2021թ. հոկտեմբերի 6-ին, հարկադիր կատարողի կողմից որոշում է կայացվել հարկադիր էլեկտրոնային աճուրդով տունն իրացնել, որն էլ աճուրդով ձեռք է բերել Գրիշա Դավթյանը։

Նշենք, որ հոդվածի հրապարակումից առաջ մենք կապ ենք հաստատել Գրիշա Դավթյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար, վերջինս սկզբում պատասխանել մի քանի կարճ հարցերի, հետո համաձայնել է հանդիպել և զրուցել մեզ հետ, ապա մերժել է` «իմ իրավունքն է» պատճառաբանությամբ։

Լուսանկարում ձախից՝ Սարո Բաղդասարյանը, Գրիշա Բալասանյանը, Անյա Սարկիսովան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter