
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկայում կայցելի Պեկին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես ակնկալվում է, Պեկին կայցելի առաջիկա շաբաթներին։ Բլինքենը Չինաստան պետք է այցելեր դեռ այս տարվա փետրվարին, սակայն օդապարիկի հետ կապված լարվածության պատճառով այն անորոշ ժամկետով հետաձգվել էր։
Պաշտոնատար անձինք, որոնք խոսել են անանունության պայմանով, պետքարտուղարի նոր պլանները քննարկել են լրագրողների հետ, սակայն չեն նշել Չինաստան այցի կոնկրետ ժամկետները։
Financial Times-ի տվյալներով՝ այցը կարող է կայանալ արդեն այս ամիս։
Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանթ Փաթելը երկուշաբթի լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Չինաստան Բլինքենի այցի հետ կապված հանրային որևէ հայտարարություն դեռևս չկա, բայց ԱՄՆ-ն հույս ունի «այցն իրականացնել նոր ժամկետներում, երբ թույլ կտան պայմանները»։
Ավելի վաղ, հղում անելով ԱՄՆ պետքարտուղարությանը, գրել էինք, որ ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դենիել Քրիթենբրինքը և Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի Չինաստանի և Թայվանի հարցերով ավագ տնօրեն Սարա Բերանը Պեկինում բաց և արդյունավետ խորհրդակցություններ էին անցկացրել չինացի գործընկերների հետ։
Չինական կողմից բանակցություններին մասնակցել էին Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Մա Չժաոսյույը և Չինաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի և Օվկիանայի դեպարտամենտի ղեկավար Յան Տաոն։ Բանակցություններին մասնակցել էր նաև Չինաստանում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բերնսը։
«Տեղի են ունեցել անկեղծ և արդյունավետ քննարկումներ՝ կապի բաց գծերի պահպանմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակներում, ինչպես նաև երկու երկրների միջև վերջերս բարձր մակարդակի դիվանագիտական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ»,- նշվում էր ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Emmi Korhonen/Lehtikuva/AFP/Getty Images
Մեկնաբանել