
«Ռասիա ՖԶԷ»-ն և Ջոզեֆ Բորկովսկին փորձում են չեղարկել արբիտրաժային դատարանում Հայաստանի հաղթանակը
«Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը և դրա ամերիկացի գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին դիմել են Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ՆՎԿՄԿ)՝ չեղարկելու ՆՎԿՄԿ-ի տրիբունալի վճիռը, որը մերժել էր Հայաստանի դեմ 326 միլիոն դոլարի հայցը՝ շուրջ 4,5 տարի ընթացող արբիտրաժային գործի քննության ավարտին։ Գործը կապված էր «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» նախագծերի հետ։ Դեռ այս տարվա հունվարի 20-ին Տրիբունալը մերժել էր Դուբայում գործող այս ներդրումային ընկերության և դրա ամերիկացի գործադիր տնօրենի՝ Հայաստանի նկատմամբ բոլոր պահանջները՝ այն համարելով ժամկետանց։
Հունիսի 2-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը գրանցել է վճռի չեղարկման վերաբերյալ «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության և դրա ամերիկացի գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկու ձեռնարկած գործընթացը։ Հայտի դիտարկման համար դեռևս պետք է ձևավորվի հատուկ հանձնաժողով։
Իրենց պահանջում ընկերությունն և Բորկովսկին դարձյալ նշում են Հայաստանի Հանրապետության և «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրերն ու ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև «Ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» 1992 թվականի պայմանագիրը։
2023 թվականի հունվարին կայացված վճռի մեջ Տրիբունալն ընդգծել էր, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև երկկողմ ներդրումային պայմանագրին համապատասխան ներդրողների պահանջները և Հայաստանի օրենսդրությանը համապատասխան պայմանագրային պահանջները չեն հանգեցնի վնասների հատուցման, նույնիսկ եթե դրանք ժամկետանց չլինեին։ Տրիբունալն ընդունել էր Հայաստանի փաստարկները, որ հայցվորները չեն ապացուցել պատճառահետեւանքային կապը՝ կոնցեսիայում պետության ենթադրյալ միջամտության վերաբերյալ։
Տրիբունալը հայցվորներին պարտավորեցրել էր վճարել հայկական կողմի՝ 2,8 միլիոն ԱՄՆ դոլարի ծախսերը, ինչպես նաև 11 միլիոն ԱՄՆ դոլարի իրենց սեփական ծախսերը։
Global Arbitration Review-ն գրում է, որ հայցվորների կողմից արբիտրաժային վճռի բողոքարկումը հիմնված է Տրիբունալի այն որոշման վրա, համաձայն որի՝ հունվարին կայացված որոշումը «բխել էր քաղաքացիական հայցերի երեք տարվա վաղեմության ժամկետի պահանջից՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան»։ Այսինքն, Global Arbitration Review-ն այն կարծիքին է, որ իրենց բողոքը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ն և Ջոզեֆ Բորկովսկին կառուցում են հենց այս կետի վրա։
Նրանց շահերը դարձյալ կներկայացնի Quinn Emanuel Urquhart & Sullivan իրավաբանական ընկերությունը։ Բացի այդ, չեղարկման գործընթացի համար հայցվորները դարձյալ ներգրավել են Երևանում գործող TK & Partners ընկերությանը, որի տնօրենը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախկին տնօրեն Վարուժան Ավետիքյանն է։
Ինչպես գրում է Global Arbitration Review-ն, դեռևս հայտնի չէ, թե ով կպաշտպանի Հայաստանի շահերը։ Նախորդ գործընթացում Հայաստանի շահերը ներկայացնում էին Նյու Յորքում գործող Baker McKenzie հայտնի իրավաբանական ընկերությունը ու դրա արբիտրաժային հարցերով նախկին ղեկավար Գրանտ Հանեսյանը, Երևանում գործող HAP իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր, ԲԴԽ նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը, Սանկտ Պետերբուրգից Վիկտոր Դամլերը, ինչպես նաև ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
«Հետք»-ի հետ զրույցում Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ այս անգամ Հայաստանի Հանրապետության շահերը նույն կազմով չի ներկայացվի, քանի որ ինքը և Վիկտոր Դամլերը հրավեր չեն ստացել միանալու թիմին։ Բացի այդ, թիմում չի լինի նաև Գրանտ Հանեսյանը, քանի որ ներկայումս նա անկախ արբիտրի կարգավիճակ ունի։
Այն հարցին, թե արդյոք հայցվորները ունեն շանսեր՝ հասնելու Տրիբունալի որոշման չեղարկմանը, Հովհաննիսյանը նշում է, որ իր կարծիքով՝ նրանց շանսերը զրոյական են։ Ավելին, իր տվյալներով՝ «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ն և Ջոզեֆ Բորկովսկին դեռևս չեն էլ վճարել 2,8 միլիոն դոլարը, որը պարտավորեցրել էր Տրիբունալը։
Նրա խոսքով՝ արբիտրաժային դատարանի նոր հանձնաժողովում, որը կքննի չեղարկման պահանջը, ներգրավված չեն լինի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները։
Ինչի մասին էր արբիտրաժային այս գործը
Արբիտրաժային այս գործը Տրիբունալի կողմից ուսումնասիրվում էր ավելի քան 4,5 տարի։ Այն Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) վարույթում մուտքագրվել էր 2018 թվականի օգոստոսի 3-ին:
Արբիտրաժային գործը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրերի ու ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև «Ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» 1992 թվականի պայմանագրի շրջանակներում երկաթգծի և մայրուղու կառուցման առնչությամբ կողմերի միջև ծագած վեճին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պետք է իրականացներ «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, որի տնտեսական հիմնավորված լինելու դեպքում նաև` ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը: Այն ժամանակ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նույնիսկ հանդիպումներ էր ունեցել ընկերության ղեկավար կազմի հետ:
Նախատեսվում էր, որ «Հայաստանի հարավային երկաթուղին» անցնելու էր Սյունիքի, Եղեգնաձորի և Գեղարքունիքի մարզերով: Դեռևս 2014 թվականին Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում էին, թե «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը՝ որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, դառնալու էր Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ ուղին։
Տրանսպորտի և կապի այն ժամանակվա նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկու միջև 2012 թվականի հուլիսի 28-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ շինարարության ավարտից հետո ընկերությունն իրականացնելու էր Հայաստանի հարավային երկաթուղու նախագծումը, ֆինանսավորումը, կառուցումը և շահագործումը` բացառապես ընկերության կողմից ներգրավված միջոցների հաշվին: Պայմանագրի գործունեության ժամկետը 30 տարի էր՝ 20 տարի երկարաձգման պայմանով:
Երկաթգծի երկարությունը պետք է կազմեր 304,7 կմ: Բաղկացած էր լինելու կամուրջներից, թունելներից, բարդ կառույցներից և ունենալու էր 27 կայարան: Ակնկալվում էր, որ շինարարությունը կտևեր մինչև 6 տարի: Այն Հայաստանի կենտրոնական հատվածը կապելու էր հարավի հետ և հասներ մինչև Իրանի հետ սահման։
Դեռեւս 2014 թվականի փետրվարի 21-ին հրավիրած ասուլիսին «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին հայտարարել էր, որ ընկերությունն արդեն ՀՀ կառավարությանն է ներկայացրել նախագծի իրագործելիության և տեղադրության ուսումնասիրությունը, որի արդյունքների հաստատումից 2 տարի անց՝ 2016 թվականին, կմեկնարկի երկաթգծի շինարարությունը, ինչն էլ կտևի 6 տարի: Երկաթուղու շահագործումն ակնկալվում էր սկսել 2022 թվականին:
«Մենք հասկանում ենք, որ նախագիծն ունի ազգային առաջնահերթություն: Այն հնարավորություն ունի վերացնել տնտեսական շրջափակման ծանր հետևանքները»,- ասել էր Բորկովսկին։
Պայմանագիրն այդպես էլ իրականություն չդարձավ, իսկ 2017 թվականի նոյեմբերին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտարարեց, թե «Հայաստանի կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը»:
«Հաշվի առնելով վերոնշյալը և ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ»,- ասվում էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հայտարարությունից հետո «Ռասիա ՖԶԷ»-ն և դրա ամերիկացի գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին աբիտրաժային հայց էին ներկայացրել Հայաստանի դեմ։ Սկզբում նրանք պահանջում էին 150 միլիոն ԱՄՆ դոլար, որն ավելի ուշ հասավ մինչև 326 միլիոնի։
Մեկնաբանել