HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արսեն Թորոսյանը գնելուց մեկ տարի անց վաճառել է Նոր Հաճնի հողատարածքները

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը 2022թ. նոյեմբերին իր ազգական Արթուր Թորոսյանին է վաճառել դրանից մեկ տարի առաջ գնված Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քարաշամբ գյուղի երկու միավոր հողակտորը:

«Հետքը» գրել էր, որ Թորոսյանը հողատարածքներից մեկը 2 մլն 700 հազ. դրամով գնել է Քարաշամբի նախկին համայնքապետ Զորիկ Խլղաթյանից: Վերջինս համայնքը ղեկավարել է 24 տարի` 1996թ-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 18-ը: Պատմության մասնագետ Զորիկ Խլղաթյանն այժմ Քարաշամբ գյուղի դպրոցի տնօրենն է:

Մյուս հողամասը, որի արժեքը կազմել է 12 մլն 300 հազ. դրամ, Արսեն Թորոսյանը գնել էր Զորիկ Խլղաթյանի եղբորորդուց` 25-ամյա (գործարքի ժամանակ) Հենրիկ Խլղաթյանից:

2022թ. գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Թորոսյանն ավելի շահեկան պայմաններով է վաճառել հողատարածքները: Մասնավորապես` հողակտորներից մեկը վաճառել է 6 մլն դրամով, մյուսը՝ 14 մլն դրամով:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 16-ին էլ Արսեն Թորոսյանի հայրը` Գևորգ Թորոսյանը, դուրս է եկել «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ից, որտեղ ուներ 80% բաժնեմաս: Այժմ ընկերության միակ բաժնետերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է` Սարգիս Թադևոսյանը:

Գրել էինք, որ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել էր 2021թ. մայիսի 27-ին: Ընկերության հիմնադիրը եղել է Շավարշ Գրիգորյանը և նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը:

Հիմնադրումից ամիսներ անց «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերը փոխվել են: 2021թ. հոկտեմբերի 19-ից մինչև 2023թ. մարտի 16-ն ընկերության 80% բաժնեմասը պատկանել է Գևորգ Թորոսյանին: Իսկ 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը:

Երբ Արսեն Թորոսյանն Առողջապահության նախարար էր, Ռազմիկ Թադևոսյանը եղել է նրա վարորդը: Այնուհետև դարձել է Թորոսյանի օգնականը, երբ վերջինս ընտրվել է ԱԺ պատգամավոր: Ռազմիկ Թադևոսյանը Ազգային ժողովից էլ «գործուղվել» է Արագածոտնի մարզպետարան՝ ավելի մոտ գտնվելու երկու ընտանիքի համատեղ բիզնեսին:

Մեր հոդվածի հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի հատկանիշներով (հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը):

Ինչ վերաբերում է 2022թ. հայտարարագրի դրամական միջոցների հատվածին, ապա Արսեն Թորոսյանը տարեվերջի դրությամբ բանկային հաշիվներում ունեցել է 3 մլն դրամ, 56 հազ․ 240 եվրո: Պատգամավորը հայտարարագրել է նաև 12 մլն դրամ կանխիկ գումար:

Թորոսյանի տարեկան եկամուտները կազմել են մոտ 28 մլն 497 հզր դրամ, որից 20 մլն դրամը հողամասերի վաճառքից է գոյացել:

Իշխանական պատգամավորը 2022թ. կատարել է նաև 20 մլն դրամի ծախս: Իսկ թե ինչ ծախս է կատարվել՝ օրենքով հրապարակման ենթակա չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter