HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները դատարանից պահանջում են մերժել դատախազության հայցը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունիսի 15-ին, շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Նիստը նախագահում էր դատավոր Կարապետ Բադալյանը, դատախազության ներկայացուցիչներն էին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանը, նույն վարչության տնտեսագետ Արթուր Կարապետյանը։ Դահլիճում էին նաև պատասխանող կողմի ներկայացուցիչներ փաստաբաններ Ամրամ Մակինյանը և Վահագն Գրիգորյանը։

Դատական նիստի տեսա և լուսանկարահանմանը առարկեց միայն Ամրամ Մակինյանը։ Դատարանը որոշեց լրագրողներին թույլատրել նիստը տեսա և լուսանկարահանել՝ բացառությամբ Ամրամ Մակինյանի։

Վահագն Գրիգորյանը միջնորդություն ներկայացրեց՝ հայցային վաղեմություն կիրառելու և դատախազության հայցը մերժելու վերաբերյալ։ Նա նշեց, որ այս միջնորդությունը ներկայացնելը չի նշանակում, թե ընդունում են հայցապահանջը և դրա հիմքում դրված փաստերը։

Ըստ Գրիգորյանի՝ Դատախազության ուսումնասիրությունը կարող էր տևել առավելագույնը 2 տարի։ Նա նշեց, որ այս գործով դատախազության կողմից հայցի առարկան և հիմքը փոխելու մասին միջնորդությունը ներկայացվել է 2023-ի փետրվարին, ինչը նշանակում է, որ մինչև այդ պահը իրավասու մարմինը ուսումնասիրություն է իրականացրել, այնինչ ուսումնասիրության ժամկետը լրացած է եղել 2022-ի հոկտեմբերի 7-ին։ «Գտնում ենք, որ իրավասու մարմնի կողմից ներկայացված հայցապահանջների նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմությունը, քանի որ իրավասու մարմինը բաց է թողել ուսումնասիրություն իրականացնելու ժամկետը»,- ասաց փաստաբանը։

Գրիգորյանն ասաց, որ հարցի մյուս կողմն այն է, որ ուսումնասիրության տևողություն է համարվում այն ժամանակահատվածը, որն ընկած է ուսումնասիրությունը սկսելու մասին որոշման կայացման պահի և հայցադիմումը դատարան ներկայացելու պահի միջև։ Եվ եթե այդ ժամանակահատվածը գերազանցում է 2 տարին, ապա համարվում է ժամկետը բաց թողնված։

Փաստաբանի պնդմամբ՝ հայցը դատարանին համարվում է ներկայացված ոչ թե այն պահին, երբ դատարան է ներկայացվում «Հայցադիմում» վերնագիրը կրող փաստաթուղթ, այլ այն պահին, երբ դատարանին ներկայացվում են հայցի առարկան և հիմքերը։

Վահագն Գրիգորյանը հետևություն է անում, որ եթե հայցը ներկայացնելուց հետո դատախազությունը հայցի հիմք և առարկա է փոխել, ապա հայցի ներկայացման ժամկետը համարվում է հիմքի և առարկայի փոփոխման օրը, այլ ոչ թե սկզբնական հայցի ներկայացման օրը։ Իսկ հայցի հիմքի և առարկայի փոփոխման միջնորդություն, ինչպես ավելի վաղ հայտել էր Գրիգորյանը, դատախազությունը ներկայացրել է 2023-ի փետրվարին։

«Տվյալ դեպքում ուսումասիրություն սկսելու մասին որոշման կայացման պահի՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի և հայցադիմումը դատարան ներկայացնելու պահի միջև ժամանակահատվածը գերազանցել է 2 տարին»,- ասաց Գրիգորյանը։

Վաղեմության ժամկետի լրանալը դատարանի համար հիմք է հայցը մերժելու մասին որոշում կայացնելու համար։ 

Դատախազ Տիգրան Ենոքյանը հայտնեց, որ միջնորդությունը ենթակա մերժման։ Նա հայտնեց, որ օրենքի նախկին խմբագրությամբ է ժամկետը սահմանված եղել 2 տարին, իսկ 2022-ի հունիսից օրենքը փոխվել է, ուսումնասիրության տևողությունը դարձել է 3 տարի։

Ենոքյանի խոսքով՝ այս փոփոխությամբ ընդունված ժամկետը տարածվում է նաև օրենքն ուժի մեջ մտնելու պահին չավարտված ուսումնասիրությունների վրա։ Իսկ տվյալ գործի ուսումանսիրությունը, դատախազի պնդմամբ, այդ ժամանակ ավարտված չի եղել, հետևաբար դատախազությունը ժամկետներ չի խախտել։ 

Նա նշեց նաև, որ հայցային վաղեմության ընթացքը ընդհատվում է այն պահից, երբ դատարանի կողմից ընդունվում է հայցը։ 

Դատարանը հայտնեց, որ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի հունիսի 26-ին։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց, որով առարկում էր դատախազության ներկայցուցիչ տնտեսագետի մասնակցությունը դատական նիստերին։ Ըստ Գրիգորյանի՝ քանի որ տնտեսագետը դատախազության ապօրինի բռնագանձման վարչությունից չէ, չի կարող մասնակցել դատական նիստերին։ 

Փաստաբանի կարծիքով՝ տնտեսագետի ներկայությամբ խախտվում է նաև իրավահավասարության սկզբունքը, քանի որ դատավարության մի կողմին թույլատրվում է ունենալ տնտեսագետ, մյուսին՝ ոչ։

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանը անհիմն որակեց միջնորդությունը՝ նշելով, որ Հանրապետությունը դատարանում կարող են ներկայացնել պետական համապատասխան մարմինները, այդ մարմինների ղեկավարները և տեղակալը։ Նա նշեց, որ տվյալ դեպքում գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի կողմից  համապատասխան լիազորագիր է տրվել տնտեսագետ Արթուր Կարապետյանին՝ որպես հայցվորի ներկայացուցիչ։

Ենոքյանը հավելեց նաև, որ դատարանում ներկայացուցիչ կարող են լինել լիազորված այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, վարչական շրջանի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են։ «Պարոն Կարապետյանն աշխատանքային հարաբերությունների մեջ է հենց համապատասխան պատասխանատու ստորաբաժանման հետ»,- ասաց դատախազը՝ նշելով, որ տնտեսագետի պարտականությունների մասին գրված են նրա աշխատանքային պայմանագրում։ 

Դատարանը մերժեց Վահագն Գրիգորյանի միջնորդությունը և ճանաչեց տնտեսագետի ներկայությունը։

Հիշեցնենք, որ դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝

  • 2018թ․ փետրվարի 9-ին «Արարատ բանկ» ընկերությունում ներդրված 107 մլն 998 հազար 657 դրամ ավանդը, իսկ անհնարինության դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ։
  • 2022թ․ ապրիլի 11-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը համապատասխան ավանդային հաշվին առկա գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսները։
  • 2018թ․ փետրվարի 9-ին նույն բանկում ներդրված ավանդի կուտակած 44 միլիոն 280 հազար 352 դրամի չափով տոկոսները։
  • 2022թ․ ապրիլի 11-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Արարատ բանկ» ընկերության հաշվին առկա 44 միլիոն 280 հազար 352 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։
  • Ռիտա Սարգսյանի ժառանգ Սաթենիկ Սարգսյանից, օրենքի իմաստով, որպես Սերժ Սարգսյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Ռիտա Սարգյանի անվամբ 2018 թվականի փետրվարի 12-ին «Արարատբանկ» ընկերությունում ներդրված օրենքի իմաստով՝ Սերժ Սարգսյանին պատկանող և Սաթենիկ Սարգսյանին ժառանգությամբ փոխանցված 95 մլն դրամի ավանդը, իսկ անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ։ Սաթենիկ Սարգսյանի՝ բարեխիղճ ձեռքբերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։ 
  • 2021թ․ մայիսի 12-ից մինչեւ վճռի փաստացի կատարման օրը «Արարատբանկ» ընկերությունում նշված ավանդային հաշվին առկա 95 մլն դրամ գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները, անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ, իսկ բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։ 
  • Ռիտա Սարգսյանի անվամբ 2018թ․ փետրարի 12-ին «Արարատբանկ» ընկերությունում ներդրված, օրենքի իմաստով՝ Սերժ Սարգսյանին պատկանող և ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված ավանդի նկատմամբ կուտակված 30 մլն 435 հազար 975 դրամի չափով տոկոսները, անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ։
  • 2021թ․ մայիսի 12-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Արարատբանկ» ընկերության համապատասխան հաշվում առկա 30 մլն 435 հազար 975 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ, անհնարինության դեպքում՝ բռնագանձել համարժեք դրամական միջոցներ Սաթենիկ Սարգսյանից, իսկ բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։ 
  • Սաթենիկ Սարգսյանից, որպես օրենքի իմաստով Սերժ Սարգսյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Երևանի Տերյան փողոց, 66 շենքի 64-րդ բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ Սերժ Սարգսյանից բռնագանձել գույքի շուկայական արժեքը՝ 260 մլն 900 հազար դրամ։
  • Երևանի Տերյան փողոց, 66 շենքի 39 հասցեի ավտոկանգառը, անհնարինության դեպքում՝ Սերժ Սարգսյանից բռնագանձել նշված գույքի շուկայական արժեքը՝ 10 մլն 660 հազար դրամ։
  • Երևանի Տերյան փողոց, 66 շենքի թիվ 39-րդ ավտոկայանատեղին (խմբ․ 2 ավտոկայանատեղիներն էլ ունեն 39-րդ համարը), իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել շուկայական արժեքը՝ 10 մլն 660 հազար դրամ։
  • Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 165 մլն 854 հազար 249 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ՝ բռնագանձումը տարածելով նաև համատեղ կյանքի ընթացքում Ռիտա Սարգսյանի անվամբ առևտրային բանկերում առկա, ինչպես նաև ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված դրամական միջոցների վրա։
  • 186 մլն 584 հազար 328 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006-2021թթ․ ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ բռնագանձումը կրկին տարածելով համատեղ կյանքի ընթացքում Ռիտա Սարգսյանի անվամբ առևտրային բանկերում առկա, ինչպես նաև ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված դրամական միջոցների վրա։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter