
Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Լատվիայի ընտրանուն
Եվրո-2024-ի որակավորման փուլում Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր երրորդ հանդիպումը և 2:1 հաշվով հաղթանակ տարավ Լատվիայի ընտրանու նկատմամբ: Խաղը կայացավ Երևանի Հանրապետական մարզադաշտում:
Առաջին խաղակեսն անցավ մեր հավաքականի տարածքային և խաղային բացահայտ առավելությամբ: Ամբողջ կեսի ընթացքում Հայաստանի հավաքականի խաղացողները հաջողությամբ վերահսկում էին գնդակն ու վտանգավոր պահեր ստեղծում, որոնցից մեկն էլ 35-րդ րոպեին ավարտվեց գոլով. Արտակ Դաշյանի փոխանցումը եզրափակեց Նաիր Տիկնիզյանը՝ իր առաջին գոլը խփելով հավաքականի կազմում:
Երկրորդ խաղակեսում Լատվիայի հավաքականը կարողացավ լավ դիմադրել մեր ընտրանուն և նրանց կազմակերպած գրոհներից մեկը տվեց իր արդյունքը: 67-րդ րոպեին մրցակցի հարվածից հետո գնդակը դիպավ մեր ընտրանու պաշտպան Ստյոպա Մկրտչյանին և հայտնվեց մեր դարպասում: Ընդունած գոլից հետո Հայաստանի հավաքականի խաղացողներտը կրկին ակտիվացան և մեծ ճնշում գործադրեցին Լատվիայի դարպասին: 89-րդ րոպեին Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Իվուի հարվածից հետո գնդակը դիպավ Լատվիայի հավաքականի խաղացողի ձեռքին, նշանակվեց 11-մետրանոց, որը հստակորեն իրացրեց Տիգրան Բարսեղյանը՝ խփելով մեր ընտրանու հաղթական գնդակը:
Հիշեցնենք՝ այս տարվա հունիսի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը 4։2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Ուելսի ընտրանու նկատմամբ, իսկ մարտ ամսին Երևանում 1։2 հաշվով պարտվեց Թուրքիայի հավաքականին։ Անցկացրած երեք խաղերից հետո Հայաստանի ազգային ընտրանին ունի 6 միավոր և այս պահի դրությամբ Թուրքիայի ընտրանու հետ կիսում է D խմբի 1-2-րդ հորիզոնականները։
Մեր ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի այս տարվա սեպտեմբերի 8-ին և Էսքիշեհիր քաղաքում կհյուրընկալվի Թուրքիայի ընտրանուն։
Մեկնաբանել