
Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից բռնագանձել ԱՄՆ-ում գտնվող տները կամ դրանց համարժեք գումարը
Գլխավոր դատախազությունը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության 1 մլրդ 390 մլն դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան:
Հիշեցնենք՝ «Հետքը» դեռ 2020թ.-ին էր գրել, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը 2019թ. վաճառել է ամերիկյան իր բնակարաններն ու փոխարենը առանձնատուն ձեռք բերել: Գևորգյանը չէր հայտարարագրել իր բնակարանները Գլենդելում և Լոս Անջելեսում:
Արթուր Գևորգյանի մասին մեր հրապարակումից հետո Հատուկ քննչական ծառայությունը 2020թ. մարտի 11-ին քրեական գործ էր հարուցել: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրյալ է հայտարարագրման ենթակա տվյալներ թաքցնելու եւ ապօրինի հարստանալու գործով:
Իսկ ահա 2023թ. փետրվարի 24-ին Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Արթուր Գևորգյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքերը չհայտարարագրելու, ապօրինի հարստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու համար:
Մասնավորապես, ըստ դատախազության՝ Արթուր Գևորգյանը 2017թ. գույքի, եկամուտների տարեկան հայտարարագրում թաքցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքերի՝ 2011թ. ապրիլի 6-ին 490 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերված՝ Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլսում գտնվող բնակարանի, 2015թ. օգոստոսի 10-ին 520 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերված՝ Գլենդելի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանի, 2016թ. հունիսի 2-ին Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի բնակարանի, ինչպես նաև 2017թ. հունվարի 30-ին «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները:
Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան ներկայացրած հայցադիմումի համաձայն՝ պահանջում է Արթուր Գևորգյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել Հայաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող 2 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը` շուրջ 409 մլն դրամ:
Բացի այդ, բռնագանձման ենթակա է շուրջ 1 մլրդ 57 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 925 մլն դրամ՝ որպես բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված և չնույնականացվող ապօրինի միջոցների արժեք:
Դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև ֆիզիկական անձից դեբիտորական պարտքի պահանջի իրավունքով ամրագրված գումարը, որը 56 մլն դրամ է:
Նշենք, որ Արթուր Գևորգյանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է: Վերջինիս դեմ դատախազությունը ևս հայցադիմում է ներկայացրել և պահանջում է բռնագանձել:
Մեկնաբանել