
Չաքմաքչյանի՝ առանց աչք տեսնող, առանց բերան խոսող քանդակները
«Շատերը կարծում են, թե քիթ ու բերանը ճիշտ ու համաչափ քանդակելով արվեստ է ստեղծվում: Թող անհամաչափ լինի մարդու դեմքը, չունենա բերան, բայց խոսի հետդ, ասելիք ունենա։ Մի անգամ ինձ առաջարկել էին քանդակել հայուհու կերպար: Արեցի, եկան տեսան, ասացին՝ բա ո՞ւր է քանդակի քիթը, ասացի՝ մոռացել եմ»,- հարցազրույցներից մեկում ասել է աշխարհահռչակ քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանը, ում շատ աշխատանքներ մերժվում էին Խորհրդային Հայաստանում։
Հունիսի 26-ը Արտո Չաքմաքչյանի ծնննդյան օրն է: Նա ծնվել է 1933թ-ին Կահիրեում (Եգիպտոս), 1948թ.-ին ընտանիքով վերադարձել են Խորհրդային Հայաստան։ Պատանի տարիքում տարվել է քանդակագոծությամբ և ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։
1960-ական թ.ին Արտո Չաքմաքչյանն առաջիններից էր, որ դիմել է քանդակաձևերի արդիականացմանը և էքսպրեսիվ կերպավորմանը։ 1970-ական թթ-ից Արտո Չաքմաքչյանի արվեստում ի հայտ են եկել վերացական ձևերով ընդհանրացված խորհրդանշական գործեր և գրաֆիկական շարքեր։
Հայոց Եղեռնին, ապա Հերոսիմայի աղետին նվիրված Չաքմաքչյանի «Հիրոսիմա» քանդակը
1960-ական թվականների սկզբին Արտո Չաքմաքչյանը Խորհրդային Հայաստանից Եղեռնի հուշահամալիրի համար քանդակի պատվեր է ստանում։
«Մի գիշերում քանդակը արեցի, եկան, տեսան, ասեցին՝ խեղկատակություն է և չընդունեցին: Ասեցին՝ այս ի՞նչ է՝ մի աչքը կա, մյուսը՝ չկա։ Քանդակի էությանը ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, նրանց համար կարևորն այն էր, որ քիթը, բերանը, աչքերը տեղում լինեին: Իսկ ես այդպես չէի կարող աշխատել»,-ասել է Արտո Չաքմաքչյանը։
Ամեն դեպքում, արձանն արդեն կար, և քանդակագործն այն 1964թ․-ին ներկայացնում է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում տեղի ունեցած աղետը խորհրդանշող քանդակների մրցույթին, որտեղ քանդակն ստանում է առաջին մրցանակը։
Արտո Չաքմաքչյանի «Հիրոսիմա» քանդակն այժմ գտնվում է Ճապոնիայի ազգային թանգարանում:
Չաքմաքչյանը 1975 թ.-ին ընդմիշտ լքում է Խորհրդային Հայաստանը և մեկնում է Կանադա՝ Մոնրեալ, որտեղ ապրում է մինչ մահը։
«Երբ 1975թ․-ին հեռանում էի, ասացի, որ հայրենիքս սիրում եմ ու սիրելուս պատճառով է, որ դուրս եմ գալիս այստեղից: Մարդիկ կան, որ սիրում ու վերադառնում են, բայց ես ստիպված էի սիրելով հեռանալ, որ այդ բիրտ տարիներին չկորցնեի իմ սերը»,-իր հարցազրույցներից մեկում պատմել է քանդակագործը։
Չաքմաքչյանի քանդակները գտնվում են Օքսֆորդի, Սթենֆորդի համալսարանների, Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայի հավաքածուներում։ Մոնումենտալ աշխատանքները Տորոնտոյում, Դետրոյթում և Նյու Ջերսիում են։
2010թ.ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Փարիզում կազմակերպել է Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը:
Գլխավոր լուսանկարում՝ Արտո Չաքմաքչյան, լուսանկարիչ՝ Հասմիկ Բարխուդարյան
Տես նաև՝
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել