HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացու պնդմամբ՝ դատախազը իրեն համոզել է՝ որդու դեմ հանցագործության մասին հաղորդում չտալ

Մարիաննա Սահակյանն արդեն չորս տարի է, ինչ մշտական բնակության հասցե չունի։ Գիշերում էր բարեկամների, ընկերների տանը, հիմա մի քանի հոգով տուն են վարձել ու ապրում են։

Ամեն ինչ սկսվեց 2019թ․-ին, երբ Մարիաննան վաճառեց իր բնակարանը և ընկերոջ միջոցով 45 000 դոլարին համարժեք դրամը փոխանցեց Մուշեղ Կոստանյանին, որպեսզի նա այդ գումարը ներդնի ծխախոտային բիզնեսի մեջ, հետագայում Մարիաննային ևս շահույթ տալու նպատակով։ Մուշեղ Կոստանյանը, Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Աշոտ Կոստանյանի որդին է։ Գումարը վերցնելուց հետո Մուշեղ Կոստանյանը մինչ օրս այն չի վերադարձրել Մարիաննային։

«Ընկերս, որի միջոցով փոխանցել եմ գումարը Մուշեղին, հավաստիացնում էր, որ խաբվելու տարբերակ չկա, վստահելի մարդիկ են։ Մուշեղ Կոստանյանն էլ իր հերթին ասել է, որ ամեն ինչ օրենքի դաշտում է, քանի որ և՛ հայրը՝ դատախազ Աշոտ Կոստանյանը, և՛ քեռին՝ Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահագն Մուրադյանը պետական պաշտոնյաներ են, և խաբելու տարբերակ չկա»,- պատմում է Մարիաննա Սահակյանը։

Ի սկզբանե գումարը Մարիաննան տրամադրել էր մեկ ու կես ամիս ժամանակով, դրանից հետո, երբ գումարը հետ էր պահանջել, որ բնակարան գնի, քանի որ ապրելու տեղ չուներ, անընդհատ հետաձգել են՝ պատճառաբանելով, որ գումարը դեռևս շրջանառության մեջ է։

Վերջնականապես համոզվելով, որ իրեն խաբել են՝ Մարիաննան կապվում է Մուշեղի հոր՝ Աշոտ Կոստանյանի հետ, ներկայացնում իրավիճակը, դատախազը խոստանում է 2 ամսվա ընթացքում վերադարձնել գումարը՝ պայմանով, որ Մարիաննան հանցագործության մասին հաղորդում չներկայացնի։

«Անցավ 2 ամիս, 4 ամիս, մեկ տարի որևէ բան ինձ չփոխհատուցեցին։ Սարսափելի հուսալքված վիճակում էի, որին ինձ հասցրել էին, փողոցում էի գիշերում ու որոշեցի հացադուլ անել։ 26 օր հացադուլի մեջ եմ եղել, էդ ընթացքում ինձ հանդիպել է նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, համոզել, որ դադարեցնեմ հացադուլը, և որ իրենք օրենքի շրջանակում ամեն բան կանեն խնդիրը լուծելու համար։ 2022թ․-ի մայիսի 21-ին 26 օր չսնվելուց հետո հայտնվում եմ հիվանդանոցում արդեն լուրջ առողջական խնդիրներով»,- պատմում է տուժող Մարիաննա Սահակյանը։

Ամբողջ այս ընթացքում Մարիաննան պարբերաբար կապի մեջ է եղել Աշոտ Կոստանյանի հետ։ Ըստ տուժողի՝ դատախազը խոստացել է վերադարձնել գումարը, երբ կվաճառի տունը, բայց այդպես էլ ոչինչ չի տվել։

«Աշոտ Կոստանյանը տեղեկացել էր, որ ես էլի մի քանի քաղաքացիական գործեր ունեմ դատարանում ու ինձ առաջարկել էր օգնել, որ այդ գործերը հօգուտ ինձ լուծվեն՝ այն պայմանով, որ գումարը, որի չափով կօգնի ինձ, դուրս կգա 45 000 դոլար պարտքիցս և հաղորդում չեմ ներկայացնի իր որդու դեմ։ Ինձ ասաց, որ կարող է օգնել, դատական համակարգում ծանոթներ ունի, մոտ դատավորներ կան, որոնց միջոցով կարող է անել դա։ Սրան ես չհամաձայնեցի, ասեցի՝ ինձ իմ գումարն է պետք, տվեք գնամ»,- ասում է Մարիաննան։

2022-ի հոկտեմբերի 16-ին Մուշեղ Կոստանյանը ձերբակալվում է և որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը։ Այս ընթացքում Աշոտ Կոստանյանը Մարիաննային նորից 500 դոլար է տալիս և ասում, որ հրաժարվի ցուցմունքից, ասի, որ այն, ինչ ասել է ընդամենը իր լսածն է, որը իրականությանը չի համապատասխանում, իր հերթին դատախազը պատրաստ է պարտքից մոտ 8 հազար դոլար տալ, Մարիաննան հրաժարվում է։

«Վերջին անգամ ես Աշոտ Կոստանյանին հանդիպել եմ իր տղային կալանավորելուց հետո։ Ասաց, որ ես չեմ պահել պայմանավորվածությունը, ուստի ինքը հրաժարվում է վերադարձնել գումարը։ Ասաց նաև, որ ամեն ինչ անելու է, որ այս դատական գործը հօգուտ իր տղայի ավարտվի ու որ ամեն ինչ անելու է որդուն փրկելու համար, ես էլ ասացի՝ փրկի»,- պատմում է Մարիաննա Սահակյանը։

Տուժողը մտավախություն ունի, որ Աշոտ Կոստանյանը հնարավոր է կարողանա ազդել գործի ընթացքի վրա՝ հաշվի առնելով ավելի վաղ նրա խոսքերը, որ դատական համակարգում կապեր ունի և կարող է օգնել Մարիաննային դատական գործերը իր օգտին լուծելու համար։

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել էր Գլխավոր դատախազություն՝ տեղեկանալու արդյոք դատախազ Աշոտ Կոստանյանը երբևէ նմանատիպ զրույցներ ունեցել է Մարիաննա Սահակյանի հետ։ Դատախազությունից մեզ հայտնեցին, որ ելնելով նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության պահանջից, հարցմամբ ակնկալվող տեղեկատվությունը սույն փուլում չի կարող տրամադրվել։

Այս պահին Մուշեղ Կոստանյանը շարունակում է գտնվել կալանքի տակ։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ (255 հոդված, մաս 3, կետ 3) և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու մեջ (393 հոդված, մաս 3, կետ 2)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter