HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ինչպես գտնել անշարժ գույքի սեփականատիրոջը Հայաստանում

Հայաստանում անշարժ գույքի սեփականատիրոջ, գույքի նկարագրի մասին տվյալներն առցանց աղբյուրներում հասանելի են, եթե, իհարկե, սեփականության պատմությունը հին չէ, օրինակ՝ 10 և ավելի տարվա վաղեմության։ Վերջին տարիներին արված առքուվաճառքի գործարքները, որոշ սահմանափակումներով, կարելի է ուսումնասիրել բաց պաշտոնական աղբյուրի միջոցով՝ տեղեկատվության համար վճարելով։

Երկու պատմություն-օրինակի միջոցով բացատրենք, թե ինչպես է «Հետքը» բացահայտել կոռուպցիոն պատմություններ անշարժ գույքի վերաբերյալ։

Օրինակ 1

Քայլ 1. Տեղորոշում

«Հետքի» խմբագրությունը էլփոստով տեսանյութ և նամակ ստացավ այն մասին, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղում՝ ձկնաբուծարանում, ապօրինի հորատման աշխատանք է իրականացվում։

Տեսանյութով և նկարագրողական տվյալով «Google Earth» ծրագրով տեղորոշում կատարեցինք։ Ապա գնացինք տեղորոշման վայր, շրջեցինք ձկնաբուծարանի տարածքի հարևանությամբ, նկարահանեցինք ձկնաբուծարանի ցանկապատը։

Քայլ 2. Տվյալների համադրում

«Google Earth» ծրագրում առկա՝ արբանյակից արված և մեզ հետաքրքրող տարածքի լուսանկարները համադրեցինք Կադաստրի կոմիտեի քարտեզի տվյալների հետ: Ի տարբերություն «Google» կամ այլ ընկերությունների առցանց քարտեզների՝ Կադաստրի քարտեզին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է անձի նույնականացում անցնել։ E-cadastre.am հարթակում պետք է գրանցվել, անձնագրով նույնականացում անցնել։ Գրանցված օգտատեր դառնալուց հետո, մուտք գործելով հարթակի «քարտեզ» բաժին՝ կտեսնեք Հայաստանի տարածքն արտացոլող վատորակ պատկեր։

Ինչպես վերևում արդեն նշեցինք, մեր փնտրած գույքը գտնվում է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ 26 փետրվարի 2009 թ. N 51-Ն որոշման մեջ նշված են կադաստրային տարածքների և ենթատարածքների ծածկագրերը։ Հայաստանի մարզերը, համայնքները չկրկնվող կոդեր ունեն։ Օրինակ՝ Արարատի մարզում գտնվող բոլոր գույքերի ծածկագրերը սկսվում են «03» կոդով։ Կոդեր ունեն նաև բոլոր բնակավայրերը։ Վերը նշված որոշման մեջ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կոդը սահմանված է «03-036»։

Որպես Կադաստրի կոմիտեի կայքի գրանցված օգտատեր, ունենալով Դարբնիկ գյուղի կադաստրային ծածկագիրը՝ այցելեցինք e-cadastre.am/map հարթակ։ Բացված քարտեզի աջ մասում առկա է «հողամաս» գրառում, որի կողքին՝ հեռադիտակի նշան (icon), այն սեղմելիս նոր դաշտ է բացվում։ Այդ դաշտում տեղադրեցինք Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կադաստրային «03-036» ծածկագիրը և սեղմեցինք enter կոճակը։

Համակարգը գեներացնում է ծածկագիրը և տրամադրում Դարբնիկ գյուղի բոլոր գույքերի ծածկագրերը։ Սեղմելով ցանկացած ծածկագրի վրա՝ Կադաստրի քարտեզում կանաչ գույնով կառանձնանա տվյալ գույքը (տես՝ ստորև պատկերը)։

Քարտեզը տեղաշարժելով և համեմատելով Դարբնիկ գյուղի արբանյակից արված լուսանկարների հետ՝ կանգ ենք առնում ձկնաբուծարանի տարածքի վրա։ Ըստ Կադաստրի քարտեզի տվյալների՝ ձկնաբուծարանի՝ մեր տեղորոշած տարածքում միմյանց զուգահեռ, ուղղանկյան տեսք ունեցող մակերեսով մի քանի տասնյակ գույք կա։ Ամեն մի գույք ունի իր կադաստրային ծածկագիրը։

Եթե ձկնաբուծարանն օրինական կառուցված և գրանցված լիներ, ապա Կադաստրի քարտեզում դրա տեղում շինության նշան կլիներ (ինչպես երևում է վերևում տեղադրված պատկերում. մոխրագույն նշումներով տարածքները պատկերում են շինությունները): Այսինքն՝ բնության մեջ երևացող ձկնաբուծարանը Կադաստրի կոմիտեում ամբողջ ծավալով գրանցված չէր (փոքր մասն է գրանցված որպես ձկնաբուծարան և մոխրագույն նշումով տարբերվում է չկառուցապատված հողամասերից)։

Կադաստրային քարտեզի պատկերում ձկնաբուծարանի տարածքում տեսնում եք «03-052» կոդով սկսվող ծածկագիր, որը Հայանիստ բնակավայրի կոդն է: Ձկնաբուծարանի տարածքը թեև շատ մոտ է Դարբնիկ գյուղի տներին, բայց վարչական բաժանմամբ գտնվում է Հայանիստ բնակավայրի վարչական տարածքում:

Քայլ 3. Գույքի սեփականատերերի ճշտում

Մեզ հետաքրքրող տարածքի՝ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կոնկրետ հողատարածքների ծածկագրերն ունենալով՝ նույն e-cadastre.am հարթակի միջոցով պարզեցինք յուրաքանչյուր գույքի ներկայիս սեփականատիրոջ անունը։

Այցելեցինք e-cadastre.am հարթակի «Դիմումներ» բաժնի «Տեղեկատվության հարցում» ենթաբաժին։ Այդ բաժնում անշարժ գույք որոնելու երեք եղանակ կա՝ ծածկագրով, հասցեով և սեփականության վկայականի համարով։

«Տեղեկատվության հարցում» բաժնում մուտքագրելով վերևում նկարագրված եղանակով գտած ծածկագիրը՝ որոնում կատարեցինք։ Գույքը հայտնաբերելուց հետո անհրաժեշտ է 300 դրամ պետական տուրք վճարել և ստանալ տեղեկանք սեփականատիրոջ, վարձակալի և մի շարք այլ իրավունքներ ունեցողների մասին։ Վճարեցինք և ստացանք մի քանի տասնյակ գույքի սեփականատերերի մասին տեղեկություններ։

Քայլ 4. Տվյալների վերլուծություն

Երբ սեփականատերերի ամբողջ շրջանակի մասին տվյալները հավաքեցինք մեկ աղյուսակում, օրինաչափություն նկատեցինք։ Հողատարածքների սեփականատերերի մեջ կրկնվող անուններ կային։

Պարզեցինք, որ կրկնվող անունները փոխկապակցված անձինք են։ Մեկը պաշտոնյայի կինն է, մյուսը՝ եղբայրը։ Հաշվի առնելով, որ ամբողջ տարածքը ձկնաբուծարանի է վերածված, բայց դրա մի մասի հողատարածքն է պատկանում պաշտոնյային փոխկապակցված անձանց, ենթադրեցինք, որ հողերի շուրջ գուցե վեճ գոյություն ունի։

Դատական տեղեկատվական համակարգի datalex.am հարթակում որոնում կատարեցինք պաշտոնյային փոխկապակցված անձանց անուններով և պարզեցինք, որ նրանք մի շարք հայցեր են ներկայացրել դատարան։ Նշյալ անձինք փորձում էին դատական կարգով տիրազուրկ ճանաչել սեփականատեր ունեցող հողամասերը և այդ հողերի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը գրանցել։

Վերը նկարագրված եղանակով իրականացրած ուսումնասիրության արդյունքում բացահայտեցինք, թե ինչպես են պաշտոնյայի հետ փոխկապակցված անձինք տիրանում գյուղացիների հողերին։

 

Օրինակ 2

Ի տարբերություն վերևում նկարագրված գործողությունների՝ «Հետքը» լրացուցիչ աշխատանք է կատարել` պարզելու, թե ինչպես են պաշտոնյաները սեփականաշնորհել Ծաղկաձորի անտառային հողերի մի մասը։

2018 թ.-ին «Հետքի» խմբագրությունը տեղեկություն էր ստացել, որ Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում գտնվող անտառապատ տարածքը տարիներ առաջ սեփականաշնորհվել է պաշտոնյաների կողմից։ Այսինքն` պետք է պարզեինք ոչ միայն այդ պահի սեփականատիրոջը, այլ սեփականության իրավունքի փոխանցման ամբողջ պատմությունը։

Քայլ 1. Ինչպես նախորդ դեպքում, այս դեպքում ևս տեղորոշում կատարեցինք։ Ենթադրյալ սեփականաշնորհված տարածքը Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում էր՝ Հրազդանից-Ծաղկաձոր տանող ճանապարհի ձախ կողմում։

Քայլ 2. Քարտեզի այդ հատվածը շրջանակի մեջ առանք և գրավոր հարցմամբ դիմեցինք Կադաստրի կոմիտե։ Խնդրեցինք հայտնել այդ տարածքում առկա գույքերի հասցեները։ Հասցեները ստանալուց հետո, ամեն հասցեի համար առանձին պարզեցինք, թե կոնկրետ գույքը երբ, ում և ոնց է փոխանցվել։ Կադաստրի կոմիտեի ցանկացած գրասենյակում գրավոր դիմում ներկայացնելով՝ հնարավոր է կոնկրետ հասցեով կամ ծածկագրով անշարժ գույքի ներկա և նախկին սեփականատիրոջ (սեփականատերերի) վերաբերյալ տեղեկություններ ստանալ։ Նույն դիմումով կարելի է խնդրել տեղեկություն տրամադրել սեփականության իրավունքի փոխանցման հիմքերի մասին։ Ուշադրություն՝ ոչ թե սեփականության իրավունքի հիմքերը (պայմանագրեր և այլն), այլ այդ հիմքերի վերաբերյալ տեղեկությունները, քանի որ պայմանագրերը երրորդ անձանց չեն փոխանցվում։ Օրինակ՝ գույքը սեփականաշնորհվել է համայնքի ղեկավարի X թ.-ի X որոշմամբ։

Քայլ 3. Ունենալով ամբողջական տվյալներ մեզ հետաքրքրող գույքերի շրջանակի և սեփականատերերի վերաբերյալ՝ փորձեցինք պարզել, թե ինչպես է անտառային հողը վաճառվել։ Քանի որ անտառային հողերի սեփականաշնորհումը տեղի էր ունեցել 2000-ականներին, առցանց աղբյուրներում այդ որոշումները գտնել հնարավոր չէր։ Դրանք գտնելու համար գնացինք Ազգային արխիվի Հրազդանի մասնաճյուղ, որտեղ մոտ մեկ շաբաթ ուսումնասիրություն կատարեցինք։

Արխիվում փաստաթղթերը պահվում են հետևյալ տրամաբանությամբ՝ ըստ որոշումն ընդունող մարմնի և ըստ որոշման կայացման ամսաթվի ու համարի։ Այսինքն՝ եթե ցանկանում եք գտնել որևէ գույքի օտարման վերաբերյալ պետական կամ համայնքային մարմնի որոշում, ապա պետք է իմանաք այդ որոշման ամսաթիվը և համարը։ Հակառակ դեպքում՝ արխիվում երկար ժամանակ կկորցնեք՝ արդյունքում չգտնելով ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Իսկ մենք Կադաստրի կոմիտեից պարզել էինք, թե ում, կոնկրետ ինչ համարի և երբ կայացված որոշմամբ է անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցվել։

Արխիվի աշխատակիցները մեր խնդրանքով բերում էին Հրազդանի քաղաքապետի որոշումների տրցակները, որոնք հատ-հատ ուսումնասիրելով՝ գտանք անտառային հողերը աճուրդով վաճառելու՝ մեզ հետաքրքրող որոշումները։

Կատարված աշխատանքի արդյունքում «Հետք»-ը հրապարակեց «Պաշտոնյաները Ծաղկաձորում 50 հեկտար անտառ են սեփականաշնորհել» հետաքննությունը, որում մանրամասն ներկայացրինք յուրաքանչյուր գույքի սեփականաշնորհման պատմությունը։

Արդյունքները

Մեր հրապարակումից հետո քրեական գործ հարուցվեց, որը քննվեց Հատուկ քննչական ծառայությունում, սակայն վաղեմության հիմքով կարճվեց։ Այդուհանդերձ, նախաքննության ժամանակ պարզվեց, որ պաշտոնյաները, Ծաղկաձորից բացի, ապօրինաբար անտառային տարածքներ են սեփականաշնորհել Կոտայքի մարզի այլ համայնքներում։ Թեև քրեական հետապնդում որևէ մեկի նկատմամբ չիրականացվեց՝ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցեց։ Քաղաքացիական դատավարության շրջանակում կայացվել են դատավճիռներ՝ հողերը պետությանը վերադարձնելու մասին (1, 2), սակայն նախկին պաշտոնյաներից մեկը, համաձայն չլինելով վճռի հետ, բողոքարկել է վերադաս ատյաններ(1)։ Անտառային հողերի սեփականաշնորհման մյուս որոշումները Դատախազությունը դեռ վիճարկում է դատարանում։

Այս նյութը պատրաստվել է իբրեւ Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի ուղեցույցի գործնական դեպքի ուսումնասիրություն՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter