HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանի կինն օտարել է Դուբայի մեկ տասնյակ տները. ընդհանուր արժեքը ներկայում 4 մլն դոլար է

Հայաստանի ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանը Դուբայում մինչեւ վերջերս 10-ից ավելի անշարժ գույք ուներ: Նախկինում այդ գույքը գրանցված էր նրա անունով, իսկ հետո սեփականատեր է դարձել կինը՝ Ալվարդ Մովսեսյանը: Նա էլ իր հերթին օտարել է գույքի մեծ մասը: Օտարված գույքի ներկա շուկայական ընդհանուր արժեքը մոտ 4 մլն դոլար է:

Արթուր Սերգեյի Աֆրիկյանը բավական երկար ժամանակ տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ հարկային ու մաքսային ոլորտում: Մասնագիտությամբ տնտեսագետ Աֆրիկյանն այս բնագավառ է մտել դեռ 1980-ականներին: Հետագայում տարածքային հարկային տեսչությունների պետի պաշտոնից հասել է պետեկամուտների նախարարի խորհրդականի պաշտոնին (2000-2001 թթ.), ապա դարձել ՊԵ նախարարությունից առանձնացված Մաքսային պետական կոմիտեի նախագահի աշխատակազմի ղեկավար (2001-2002 թթ.), 2002-2008 թթ.՝ աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ: Հիշեցնենք, որ 2001-2008 թթ. ՄՊԿ-ի նախագահը Արմեն Ավետիսյանն էր, որին փոխարինեց Գագիկ Խաչատրյանը:

Հենց Խաչատրյանի օրոք էլ՝ 2008-ի հունիսին, Աֆրիկյանը դարձավ մաքսայինի ղեկավարի տեղակալ, իսկ ամիսներ անց, երբ ՄՊԿ-ն ու Հարկային պետական ծառայությունը միավորվեցին որպես Պետեկամուտների կոմիտե, եւ նախագահ նշանակվեց Գ. Խաչատրյանը, Աֆրիկյանը նշանակվեց նրա առաջին տեղակալ: 2011-ին նախագահ Սերժ Սարգսյանը Ա. Աֆրիկյանին շնորհեց մաքսային ծառայության գեներալ-մայորի կոչում: 2014-ին ՊԵԿ-ը միացավ Ֆինանսների նախարարությանը, Գ. Խաչատրյանն էլ դարձավ նախարար՝ Աֆրիկյանին տանելով իր հետ: 2014-2016 թթ. Ա. Աֆրիկյանը ֆինանսների փոխնախարար էր:

2016-ի մարտին ՊԵԿ-ը նորից առանձնացավ Ֆիննախից, դրա նախագահ նշանակվեց Հովհաննես Հովսեփյանը, նրա առաջին տեղակալ՝ Արթուր Աֆրիկյանը: Երկուսն էլ իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին նույն տարվա հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ սեպտեմբերին վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի ղեկավարումը վստահեց իր գործընկեր Վարդան Հարությունյանին:

Պաշտոնավարման տարիներին Ա. Աֆրիկյանը հասցրել է բնակարաններ ձեռք բերել Դուբայի շքեղ համալիրներում:

2018-ի աշնանը, հիմնվելով Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP, այս ցանցի անդամ է նաեւ «Հետքը») մեր գործընկերներից ստացած տվյալների վրա, գրել էինք Դուբայում անշարժ գույք ձեռք բերած հայ սեփականատերերի, այդ թվում՝ Արթուր Աֆրիկյանի մասին:

Այն ժամանակ գրել էինք, որ Աֆրիկյանը 7 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Դուբայում: OCCRP-ից ստացած նոր տվյալները ցույց են տալիս, որ դրանց թիվն ավելի շատ է եղել:

Մեր ունեցած տվյալներում այդ 7 գույքից 2-ի պարագայում Աֆրիկյանը նշված էր որպես վաճառող, իսկ գործարքների տարեթիվը՝ 2014 թ.: Նախկին պաշտոնյան այն ժամանակ օտարել էր արմավենու տեսքով հայտնի արհեստական կղզու՝ «Palm Jumeirah»-ի «ցողունի» վրա գտնվող «Marina Residences» համալիրի իր 2 բնակարանները: Այս համալիրը բաղկացած է միանման 6 բարձրահարկերից եւ դրանց միջեւ գտնվող 6 ցածրահարկ շինություններից՝ «townhouse»-ներից: Աֆրիկյանի բնակարաններից մեկը գտնվում էր 4-րդ շենքում, իսկ մյուսը՝ «townhouse»-ներից մեկում:

2014 թ. մայիսին, երբ դարձել էր ֆինանսների փոխնախարար, այդ պահին ունեցած իր գույքն ու եկամուտները հայտարարագրելիս Աֆրիկյանը որպես անշարժ գույք նշել էր միայն 1 բնակարան ու 1 ավտոտնակ: Իսկ 2014 թ. տարեկան հայտարարագրերում, որտեղ պետք է ներկայացվեր տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված ու օտարված գույքը, նախկին պաշտոնյան ոչ մի գործարք չէր նշել:

Հարկ է նկատել, որ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը Հայաստանում քրեորեն պատժելի արարք է համարվում 2017-ի հուլիսից այս կողմ, իսկ Արթուր Աֆրիկյանն իր վերջին հայտարարագիրը ներկայացրել է 2016-ի նոյեմբերին:

2018-ին գրել էինք, որ Աֆրիկյանը 2014-2015 թթ. ոչ միայն 2 բնակարան է օտարել «Marina Residences» համալիրում, այլեւ ձեռք է բերել 4 բնակարան Դուբայի կենտրոնական Բուրջ Խալիֆա թաղամասի «Address Downtown» 5-աստղանի հյուրանոցում, որտեղ կան ոչ միայն հյուրանոցային համարներ, այլեւ վաճառքի ենթակա բնակարաններ: Նշել էինք, որ նախկին պաշտոնյայի տները գտնվում են 63 հարկ ունեցող հյուրանոցի 16-րդ, 25-րդ, 43-րդ ու 47-րդ հարկերում: 

Եվ ահա «Հետքի» ձեռք բերած նոր տվյալները ցույց են տալիս, որ «Address Downtown»-ում Աֆրիկյանի տները ոչ թե 4-ն են եղել, այլ 8-ը: Դրանք գտնվում են 16-րդ, 25-րդ, 32-րդ, 41-րդ, 43-րդ ու 47-րդ հարկերում: Ընդ որում՝ 47-րդ հարկում նախկին պաշտոնյան գնել է 3 բնակարան:

2018-ին գրել էինք 2014-2015 թթ. ընթացքում Աֆրիկյանի ձեռք բերած եւս մի բնակարանի մասին: Այն նույնպես գտնվում է Դուբայի կենտրոնում՝ «Address Downtown»-ի հարեւանությամբ՝ 5-աստղանի «Address Dubai Mall» հյուրանոցում: Այստեղ եւս առաջարկվում են ոչ միայն հյուրանոցային համարներ, այլեւ օտարման ենթակա բնակարաններ: Նախկին պաշտոնյան բնակարան է գնել 37-հարկանի շինության 33-րդ հարկում:   

2011-2016 թթ. Արթուր Աֆրիկյանը ներկայացրել է գույքի ու եկամուտների հայտարարագրեր, սակայն, դրանցում չի երեւում որեւէ գործողություն (գնում կամ օտարում) անշարժ գույքի մասով:

Աֆրիկյանի արաբական գույքի սեփականատեր է գրանցվել կինը

Դուբայում գույք ձեռք բերած պաշտոնյաների ու մեծահարուստների մասին մեր առաջին հոդվածը հրապարակել էինք 2018-ի նոյեմբերին: Այն ժամանակ փորձել էինք կապ հաստատել Արթուր Աֆրիկյանի հետ՝ նրանից մեկնաբանություն վերցնելու համար, սակայն հեռախոսահամարն անհասանելի էր: «Հետքի» աղբյուրը փոխանցել էր, որ «թավշյա հեղափոխության» օրերին Աֆրիկյանը մեկնել է ԱՄՆ: Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ նախկին պաշտոնյան Հայաստանը լքել է 2018 թ. հունիսին:

Մեր առաջին հրապարակումից հետո պարզել ենք, որ Ա. Աֆրիկյանի տները գրանցվել են նրա կնոջ՝ Ալվարդ Մովսեսյանի անունով:

«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հայտարարատու անձի ամուսինը եւս հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունի, բայց 62-ամյա Աֆրիկյանն իր հայտարարագրերից ոչ մեկում որպես փոխկապակցված անձ չի նշել 52-ամյա Մովսեսյանի անունը, եւ վերջինս հայտարարագրեր երբեւէ չի ներկայացրել (բացի դրանից՝ նրանք հաշվառված են Երեւանի տարբեր հասցեներում, ինչը, սակայն, օրենքի տեսանկյունից որեւէ նշանակություն չունի): Հարկ է նկատել, որ օրենքը չի կոնկրետացնում՝ խոսքը միայն պետական գրանցում ստացա՞ծ, թե՞ նաեւ քաղաքացիական ամուսնության մասին է:

Այսպիսով՝ չնայած Աֆրիկյանն ու Մովսեսյանն ամուսիններ են, պաշտոնական հրապարակային որեւէ աղբյուրում դա չի երեւում, ու գուցե սա է պատճառը, որ Հայաստանից հեռացած նախկին պաշտոնյան մեր առաջին հոդվածից հետո իր մեծածավալ ու թանկարժեք արաբական գույքը գրանցել է կնոջ անունով՝ ենթադրաբար, փորձելով «մաքրել հետքերը»:

Ալվարդ Մովսեսյանն օտարել է 9 բնակարանները

Այդուհանդերձ, Դուբայի կադաստրի տվյալները ցույց են տալիս, որ ներկայում «Address Dubai Mall»-ի 1 եւ «Address Downtown»-ի 8 բնակարաններն այլեւս Ալվարդ Մովսեսյանի կամ Արթուր Աֆրիկյանի անունով չեն, այսինքն՝ Մովսեսյանն օտարել է դրանք:

«Address Dubai Mall»-ի 33-րդ հարկում գտնվող բնակարանը ստուդիա է (առանց միջնապատերի փոքր բնակարան), մակերեսը՝ 51 քմ, ունի պատշգամբ (5 քմ): Մովսեսյանն այստեղ նաեւ ավտոկայանատեղ ուներ:

Չնայած ներկայում բնակարանը վարձակալության հանձնված չէ, ըստ Դուբայի կադաստրի՝ Բուրջ Խալիֆա թաղամասում ստուդիայի տարեկան վարձավճարը կարող է լինել 58.000-70.000 արաբական դիրհամ (16-19 հազ. դոլար), որը չի ներառում կոմունալ ծառայությունների վճարները: Քանի որ Դուբայի կադաստրի համաձայն՝ այս գույքին վերաբերող վերջին գործարքը կատարվել է 2022-ին, կարող ենք ասել, որ Ալվարդ Մովսեսյանը ստուդիան օտարել է նախորդ տարի կամ դրանից առաջ: Այժմ «Address Dubai Mall»-ում ստուդիա կարելի է գնել 1,5 մլն արաբական դիրհամից սկսած (408 հազ. դոլար):

«Address Downtown»-ի 8 միավոր գույքից 7-ը եւս ստուդիաներ են, յուրաքանչյուրի մակերեսը՝ 48 քմ: Պատշգամբներ առկա չեն, սակայն Մովսեսյանը ստուդիաների թվով նաեւ ավտոկայանատեղեր ուներ: Ներկա տվյալներով՝ այս բնակարանները չունեն վարձակալներ, բայց ունենալու դեպքում վարձավճարը կարող էր տատանվել 58.000-70.000 դիրհամի տիրույթում: Ըստ Դուբայի կադաստրի՝ ստուդիաներից 2-ի վերաբերյալ վերջին անգամ գործարք է արվել 2020-ին, 1-ի մասով՝ 2021-ին, 4-ի մասով՝ 2022-ին: Սա նշանակում է, որ Ալվարդ Մովսեսյանը ամենաուշն այդ տարիներին է օտարել 7 ստուդիաները: «Address Downtown»-ում ներկայում կարելի է ստուդիա ձեռք բերել սկսած 1,55 մլն արաբական դիրհամից (422 հազ. դոլար):  

Ինչ վերաբերում է «Address Downtown»-ում ունեցած վերջին գույքին, ապա այն 63-հարկանի հյուրանոցի 25-րդ հարկում գտնվող 1 ննջասենյակով բնակարան է, մակերեսը՝ 87 քմ, ունի պատշգամբ (11 քմ), ավտոկայանատեղ: Դուբայի կադաստրի համաձայն՝ Բուրջ Խալիֆա թաղամասում 1 ննջասենյակ ունեցող բնակարանի տարեկան վարձակալության գինը 82.000-100.000 արաբական դիրհամ է (22-27 հազ. դոլար), չնայած ներկայում տունը վարձակալ չունի: Բնակարանին առնչվող վերջին գործարքն արվել է 2020-ին, այսինքն՝ Մովսեսյանը տունն օտարել է ամենաուշը այդ տարում: 2023 թ. մայիսին բնակարանի վրա Դուբայի կադաստրի կողմից արգելանք է դրվել, սակայն դա, թերեւս, կապ չունի Աֆրիկյան-Մովսեսյան զույգի հետ: «Address Downtown»-ում 1 ննջասենյակով բնակարանները վաճառվում են սկսած 2,3 մլն արաբական դիրհամից (626 հազ. դոլար):

Այսպիսով՝ Դուբայի կենտրոնում գտնվող երկու հյուրանոցներում Ալվարդ Մովսեսյանի օտարած 9 բնակարանների ներկա շուկայական ընդհանուր արժեքը շուրջ 4 մլն դոլար է:

Օտարված բնակարաններից 2-ը գրանցվել են Աֆրիկյանի ծանոթի անունով

Ա. Մովսեսյանի օտարած բնակարաններից երկուսը (ստուդիաներ), որոնք գտնվում են «Address Downtown»-ի 41-րդ ու 43-րդ հարկերում, ներկա պահին գրանցված են Հովհաննես Կոբալյանի անունով: Դժվար է ասել, թե գույքը Կոբալյանին փոխանցելու գործարքները որքանով են իրական, քանի որ վերջինս սերտ առնչություն ունի Աֆրիկյան-Մովսեսյան զույգի հետ: Բավական է ասել, որ մեր ձեռքի տակ եղած հին ու նոր տվյալներում հենց նրա էլեկտրոնային փոստն է նշված թե՛ Աֆրիկյանի, թե՛ Մովսեսյանի կոնտակտների մեջ: Կարելի է ենթադրել, որ Հ. Կոբալյանը առնչություն է ունեցել կամ հիմա էլ առնչվում է Արթուր Աֆրիկյանի անշարժ գույքի գործարքներին եւ գույքի կառավարմանը:

«LinkedIn» սոցցանցի Կոբալյանի էջում նշված է, որ 1995-ից տնօրեն/մենեջեր է աշխատում Դուբայի «Unitac» ընկերությունում: Դատելով Կոբալյանին առնչվող որոշ տեղեկություններից՝ նա հնաբնակ է Դուբայում:

Հատկանշական է, որ Հ. Կոբալյանի ծանոթների թվում է նաեւ Հայաստանում Ղրղզստանի պատվավոր հյուպատոս, ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ) վարչության նախկին պետ, ներկայում «Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը, որը, ինչպես գրել ենք դեռ 2018-ին, եւս անշարժ գույքի սեփականատեր է Դուբայում:    

2 բնակարան՝ «Palm Jumeirah»-ի վրա

Օտարված բնակարաններից զատ՝ Աֆրիկյան-Մովսեսյան զույգը Դուբայում այլ գույք էլ է ձեռք բերել:

Մեր ձեռքի տակ հայտնված նոր տվյալներում Ալվարդ Մովսեսյանի անունով 2 բնակարան է գրանցված «Palm Jumeirah» արհեստական կղզու ամենավերին մասում՝ «Balqis Residence» համալիրի 3-րդ ու 4-րդ հարկերում: Դրանք 2 ննջասենյակ ունեցող բնակարաններ են, մեկի մակերեսը՝ 200 քմ (ունի պատշգամբ՝ 37 քմ), մյուսինը՝ 201 քմ (պատշգամբ՝ 40 քմ): Հայտնի է, որ բնակարանները Մովսեսյանի անունով գրանցվել են 2014 թ. օգոստոսից հետո, կոնկրետ ե՞րբ՝ դժվար է ասել: Բացի դրանից՝ մեզ հայտնի չէ, թե արդյոք Ա. Մովսեսյանը կամ Ա. Աֆրիկյանն են այս տների ներկա տերերը, թե սրանք եւս օտարվել են:

Ամեն դեպքում, «Balqis Residence»-ում մոտ 200 քմ մակերես ու 2 ննջասենյակ ունեցող բնակարանների վաճառքի գներն այս պահին սկսվում են 4 մլն արաբական դիրհամից (1,1 մլն դոլար): Իսկ «Palm Jumeirah»-ի տարածքում, ըստ Դուբայի կադաստրի, 2 ննջասենյակով բնակարանների տարեկան վարձավճարը կարող է լինել 134.000-164.000 արաբական դիրհամ (36-45 հազ. դոլար):   

Հիշեցնենք, որ «Balqis Residence»-ի 7-րդ հարկում բնակարան է ձեռք բերել Երեւանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը:

Ընդհանրապես, «Balqis Residence»-ում գույք են գնել էլի հայեր, որոնք բավական հայտնի են մեր հանրությանը, սակայն այս անգամ նրանց չենք անդրադառնա:

2 խանութ՝ Դուբայ Մարինայում

Բացի Դուբայի կենտրոնում օտարած 9 բնակարաններից եւ «Balqis Residence»-ի 2 բնակարաններից՝ Ալվարդ Մովսեսյանի անունով 2 միավոր գույք է գրանցված Դուբայ Մարինա ծովափնյա շրջանում (հայտնի է նաեւ Մարսա Դուբայ անունով): Այս շրջանն ընդգրկում է Պարսից ծոցի ափի մոտ 4-կիլոմետրանոց հատվածը, դրան զուգահեռ կառուցված արհեստական ջրանցքը (շուրջ 3 կմ) եւ սրանց ափերին մեծ խտությամբ դասավորված ժամանակակից բարձրահարկերը:

Դուբայ Մարինայի պրոմենադի (ափամերձ քայլուղի) հարեւանությամբ Ալվարդ Մովսեսյանը 2 խանութ ունի, որոնցից մեկի մակերեսը 403 քմ է, մյուսինը՝ 391 քմ: Մեր տվյալներով՝ նրան է պատկանում սրանցից յուրաքանչյուրի 371 քմ-ն: Խանութներից առաջինն ունի 448 քմ, երկրորդը՝ 116 քմ մակերեսով պատշգամբ, սրանցից բացի՝ մի քանի ավտոկայանատեղ: Խանութներն ունեն նաեւ ընդհանուր օգտագործման տարածք, առաջինը՝ 2270 քմ, երկրորդը՝ 1152 քմ:

Ինչպես «Balqis Residence»-ի, այնպես էլ Դուբայ Մարինայի գույքի պարագայում չենք կարող ասել, թե արդյոք Ա. Մովսեսյանը շարունակում է մնալ սեփականատեր:

Արթուր Աֆրիկյանը հետախուզվում է. նա մեղադրյալի կարգավիճակ ունի     

Արթուր Աֆրիկյանը մեղադրյալ է ԱԱԾ-ի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող երկու քրեական վարույթներում:

ԱԱԾ-ում քրեական վարույթը նախաձեռնվել է 2019-ի փետրվարին, իսկ դրանում Աֆրիկյանի ներգրավման մասին գերատեսչությունը հայտարարել է մեկ տարի անց՝ 2020-ի փետրվարին: Ըստ ԱԱԾ-ի՝ 2014-2016 թթ. ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձը (Արթուր Աֆրիկյանը - հեղ.) վերադասի՝ ֆինասների նախկին նախարարի (Գագիկ Խաչատրյանի - հեղ.) հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ միջազգային համագործակցության ոլորտում կատարվող աշխատանքները հնարավորինս դրական լույսի ներքո ներկայացնելու, մաքսային վարչարարությունը զարգացնելու, մաքսային մարմիններին արդի տեխնոլոգիական սարքավորումներով վերազինելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, անտեսելով մաքսային մարմինների իրական պահանջմունքները, դրանց վերաբերյալ իրենց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հավաստի տվյալներն ու հաշվարկները, կառավարության կողմից կնքված արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք են բերել մաքսային ծառայության կարիքներից չբխող, առանձնապես խոշոր չափերի՝ 2.282.387.249 դրամ արժողությամբ 8.500 միավոր էլեկտրոնային կողպեք: Մինչդեռ, ԱԱԾ-ի փոխանցմամբ, մաքսային համակարգի կարիքների համար անհրաժեշտ է եղել առավելագույնը 2000 կողպեք, իսկ փաստացի մինչեւ 2019 թ. հոկտեմբեր ամիսն օգտագործվել է ընդամենը 251 միավոր կողպեք։

Գ. Խաչատրյանի եւ Ա. Աֆրիկյանի գործողությունների հետեւանքով, համաձայն ԱԱԾ հաղորդագրության, ոչ միայն խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, այլեւ Կառավարությանը տրամադրված առանձնապես խոշոր չափերով վարկային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ պետությանը պատճառվել է 1.747.195.905 դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետեւանքներ:

2020 թ. հունվարի 30-ին ԱԱԾ-ն Ա. Աֆրիկյանին ներգրավել է որպես մեղադրյալ այն ժամանակ գործող եւ 2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, պատիժը՝ 2-6 տարի ազատազրկում): Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

ԱԱԾ-ի տեղեկացմամբ՝ քանի որ Աֆրիկյանը դեռեւս 2018-ի հունիսին լքել է ՀՀ տարածքը, նրա հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում: Նախկին պաշտոնյայի նկատմամբ դատարանի կողմից խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ինչ վերաբերում է Աֆրիկյանի նախկին վերադաս Գագիկ Խաչատրյանին, ապա էլեկտրոնային կողպեքների մասով նրան առաջադրված մեղադրանքը ներառված է բազմադրվագ քրեական գործում, որն այժմ քննվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում: Ամբաստանյալի աթոռին են Գ. Խաչատրյանն ու նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանը:  

Իսկ հետախուզման մեջ գտնվող Աֆրիկյանը մեղադրյալ է ոչ միայն ԱԱԾ-ում, այլեւ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով: Այս վերջինն, ըստ Գլխավոր դատախազության, նախաձեռնվել է ավելի շուտ՝ 2017-ի ապրիլին: Դատախազությունը «Հետքին» մանրամասներ չի հայտնել, բայց նշել է, որ Աֆրիկյանը մեղադրյալ է 2003 թ. ընդունված ՔՕ նույն՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, պատիժը՝ 2-6 տարի ազատազրկում):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter