HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. նա հետախուզվում է

2014-2016 թթ. ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը մեղադրյալի կարգավիճակ ունի եւ գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Փետրվարի 8-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ դեռեւս 2019 թ. փետրվարին ՊԵԿ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած եւ քննվող քրգործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու դեպք:

Հաղորդագրության մեջ ԱԱԾ-ն նշել էր ֆինանսների նախկին նախարարի եւ նրա տեղակալի մասին, սակայն անունները չէր հստակեցրել: Խոսքը Գագիկ Խաչատրյանի եւ Արթուր Աֆրիկյանի մասին է: Այս տեղեկությունը հաստատել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Ըստ ԱԱԾ-ի՝ 2014-2016 թթ. ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձը (Արթուր Աֆրիկյանը - հեղ.) վերադասի՝ ֆինասների նախկին նախարարի (Գագիկ Խաչատրյանի - հեղ.) հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ միջազգային համագործակցության ոլորտում կատարվող աշխատանքները հնարավորինս դրական լույսի ներքո ներկայացնելու, մաքսային վարչարարությունը զարգացնելու, մաքսային մարմիններին արդի տեխնոլոգիական սարքավորումներով վերազինելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, անտեսելով մաքսային մարմինների իրական պահանջմունքները, դրանց վերաբերյալ իրենց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հավաստի տվյալներն ու հաշվարկները, կառավարության կողմից կնքված արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք են բերել մաքսային ծառայության կարիքներից չբխող, առանձնապես խոշոր չափերի՝ 2.282.387.249 դրամ արժողությամբ 8.500 միավոր էլեկտրոնային կողպեք: Մինչդեռ, ԱԱԾ-ի փոխանցմամբ, մաքսային համակարգի կարիքների համար անհրաժեշտ է եղել առավելագույնը 2000 կողպեք, իսկ փաստացի մինչեւ 2019 թ. հոկտեմբեր ամիսն օգտագործվել է ընդամենը 251 միավոր կողպեք։

Գ. Խաչատրյանի եւ Ա. Աֆրիկյանի գործողությունների հետեւանքով, համաձայն ԱԱԾ հաղորդագրության, ոչ միայն խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, այլեւ կառավարությանը տրամադրված առանձնապես խոշոր չափերով վարկային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ պետությանը պատճառվել է 1.747.195.905 դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետեւանքներ: 

ԱԱԾ-ն որոշում է կայացրել Արթուր Աֆրիկյանին այս քրգործով ներգրավել իբրեւ մեղադրյալ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Արթուր Աֆրիկյանի հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում, քանի որ, ինչպես նշում է ԱԱԾ-ն, նա դեռեւս 2018 թ. հունիսին լքել է ՀՀ տարածքը: Նախկին պաշտոնյայի նկատմամբ դատարանի կողմից խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը հայտնել է, որ էլեկտրոնային կողպեքների այս դրվագը ներառված է նաեւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքում: Հիշեցնենք, որ վերջինս 2019 թ. օգոստոսից գտնվում է կալանքի տակ: ԱԱԾ-ն Խաչատրյանին մեղադրում է ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, պատիժը՝ 2-6 տարի ազատազրկում) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը, պատիժը՝ 5-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա): Ըստ մեղադրանքի՝ հանցագործությամբ պատճառված վնասի չափը հասնում է 7 մլրդ դրամի: Գ. Խաչատրյանը մեղադրյալ է նաեւ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ գործով:

Վերադառնալով Արթուր Աֆրիկյանին՝ հիշեցնենք, որ 2018-ին հետաքննություն էինք հրապարակել Դուբայում հայ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ձեռք բերված անշարժ գույքի մասին: Պաշտոնյաների թվում էր նաեւ Ա. Աֆրիկյանը, ով բնակարաններ է ձեռք բերել Դուբայի ամենաշքեղ համալիրներում՝ արմավենու տեսքով «Palm Jumeirah» արհեստական կղզում, «Address Dubai Mall» եւ «Address Downtown» հյուրանոցներում: Իրավապահ համակարգում մեր աղբյուրները տեղեկացրել էին, որ 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո Աֆրիկյանը ՀՀ-ից մեկնել է ԱՄՆ:

Այս հրապարակմամբ հետաքրքրվել էին ԱԱԾ-ն ու ոստիկանությունը: Գլխավոր դատախազությունն անցյալ տարի մեզ հայտնել էր հետեւյալը. «Դուբայում անշարժ գույք ունեցող ներկա եւ նախկին պաշտոնյաների մասին հրապարակման նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն: Կատարվում են լայնածավալ ստուգողական աշխատանքներ: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: Արեւիկ Խաչատրյանն այսօր մեզ հայտնել է, որ ներկայում ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter