HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ բանակցությունների նոր փուլի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է խաղաղության պայմանագրի շուրջ մոտակա օրերին Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունների մասին։ Այդ մասին փոխանցում է APA գործակալությունը։ Ալիևը նշել է, որ «Երևանի դիրքորոշման մեջ դրական տեղաշարժ կա» և ընդգծել, որ հույս ունի՝ հետագայում ևս կողմերի դիրքորոշումները կմոտենան։

«Խաղաղության պայմանագրի շուրջ մեր դիրքորոշումը պարզ է, տրամաբանական, հիմնված միջազգային իրավունքի վրա։ Կարծում եմ, որ այդ սկզբունքների, նորմերի և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այդպիսի հնարավորություններ կան»,- Ալիևի խոսքերը մեջբերել է interfax.az-ը։

Ալիևը նաև հայտարարել է, որ այս տարվա մայիսին Երևանը «պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղն ու անկլավային գյուղերը»։ «Եթե նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին էլ ավելի հեռուն գնաց՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը և անկլավային գյուղերը»,- պնդել է Ալիևը։

Դեռ հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր եռակողմ հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Բրյուսելում։ «Մենք հնարավորություն ենք ունեցել քննարկելու բոլոր թեմաները, որոնք մենք մայիսին քննարկել էինք Բրյուսելում։ Այս հանդիպումը դարձավ շատ լավ նախապատրաստություն հաջորդ հանդիպման համար, որը կկայանա հուլիսի 21-ին Բրյուսելում»,- ասել էր Եվրոպական խորհրդի նախագահը։

Հուլիսի 9-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ ներկայում բանակցություններն ընթանում են հաղորդակցությունների բացման ուղղությամբ։

«Վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է իրականացվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ <...> Բանակցություններ են ընթանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,- հայտարարել էր Բայրամովը։

Դեռ հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանին բացել երեք հսկիչ-անցագրային կետ, եթե Բաքվում որոշեն համանման գործողությունների գնալ Հայաստանի հետ սահմանին։ «​​Արդեն վաղուց Հայաստանի կառավարության որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսվում է երեք հսկիչ անցակետերի հիմնադրումը Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Հայաստանի կողմից: Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի էլ նախաձեռնել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին: Այսինքն` տրամաբանությունն այն է, որ նույն որոշումը պետք է նաև Ադրբեջանի կողմից կայացվի, որպեսզի և՛ Հայաստանի կողմից, և՛ Ադրբեջանի կողմից լինեն այդ անցագրային կետերը, որ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ Բաքվին նաև մեղադրելով շրջափակման 30-ամյա քաղաքականության շարունակման մեջ։

Փաշինյանի այս հայտարարությանն անդրադարձել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ այն անվանելով «անհիմն»։

Լուսանկարը՝ Sergei Supinsky-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter