HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Արցախը մեր կարիքն ունի». բողոքի ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև

«Որ շատ մարդ գա, կարող է ինչ-որ բան փոխվի», «Ոչ ոք էլ Արցախի վիճակի մասին չի մտածում», «Մերոնք են զանգել, ասում են` արդեն ոչ մի բան չկա», «Զանգում ասում են՝ դե գոնե դուք էլ էդտեղ մի բան արեք, էլի», «Ասում են՝ պոմիդորը, վարունգը 2000 դրամից պակաս չկա», «21-րդ դար, մարդիկ էնտեղ սովից կոտորվում են ու ստեղ ամեն ինչ ջրի գին»։ 

Չորս կողմից մարդկանց այս շշուկներն են լսվում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ արդեն 3-րդ օրն է՝ առավոտյան ժամը 11-ից բողոքի ակցիա է անցկացվում Արցախի ապաշրջափակման պահանջով։ Զուգահեռաբար, հուլիսի 17-ից «Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլ է հայտարարվել։ 

Ակցիայի մասնակիցները չոր սնունդ, հիգիենայի պարագաներ, ձավարեղեն, ձեթ, շաքարավազ, մակարոնեղեն ու պահածոներ են բերում գրասենյակի մոտ։ Միավորված ազգերի կազմակերպությանը նրանք կոչ են անում հավաքված սնունդը հասցնել Արցախ։

ՄԱԿ-ից որևէ պաշտոնական պատասխան չեն ստացել, աշխատակիցներից շատերը հերթով իջնում, զրուցում են ցուցարարների, հացադուլ հայտարարածների հետ, ասում, որ հասկանում են վիճակն ու նորից վերադառնում աշխատանքի։

«Կանայք հանուն Արցախի» նախաձեռնության կազմակերպած հացադուլին երկրորդ օրը Հերմինե Ավագյանն էր մասնակցում։ Այսօր էլ նա հացադուլ անող կանանց ու ՄԱԿ-ի գրասենյակի առաջ ակցիա իրականացնողների հետ է։ Ասում է՝ չի կարողանում հանգիստ նստել, երբ տեսնում է, որ իր հայրենակիցները Արցախում կարիքի մեջ են։ Հերմինեն Արցախից է, հարազատներն այժմ Արցախում են։ Գիտի, որ ուտելիքի սուր խնդիր կա, զարմանում է, որ Հայաստանում շատերին չի հետաքրքրում Արցախում ապրող մարդկանց վիճակը։

Ասում է, որ մի քանի անգամ հորդորել են ՄԱԿ-ի հայ աշխատակիցներին իջնել ու միանալ իրենց։ 

«ՄԱԿ-ի գրասենյակի առաջ ենք հավաքվել, քանի որ ՄԱԿ-ը այն կառույցն է, որը պարենով կարող է ապահովել ու ապահովում է աշխարհի տարբեր կետերում հումանիտար ճգնաժամում հայտնված մարդկանց։ Ուղղակի պետք է բացեն իրենց աչքերն ու հասկանան, որ մարդիկ աջակցության կարիք ունեն, որ սով է, որ երեխաներ են ապրում այնտեղ, որոնք զրկված են նորմալ սնվելուց, ապրում են վախի ու զրկանքների մեջ»,-պատմում է Հերմինեն։

Ակցիայի մասնակիցների մեծ մասն արցախցիներ են, որոնք տարբեր պատճառներով մնացել են Հայաստանում, կամ պատերազմից հետո են հաստատվել Հայաստանում, երբ կորցրել են իրենց տունը։

«Արցախն այսօր մեր կարիքն ունի՝ ինչպես երբևէ։ Մեզ ասում են՝ ինչու՞ չեք գնում Կառավարության մոտ, ՄԱԿ-ն ի՞նչ կապ ունի, բայց ՄԱԿ-ը մարդասիրական կառույց է, եթե ցանկություն ունենան, կարող են սնունդ ուղարկել, ուղղակի բոլորն աչք են փակում Արցախի ճակատագրի վրա, իսկ հասարակ քաղաքացուն ընդամենը մնում է ուժերի ներածին չափով ինչ-որ բան անել։ Իմ հարազատները զանգում են, ասում են՝ գոնե էդտեղ մի բան արեք, էլ անհնար ա էսպես, մինչև ե՞րբ, պատկերացնու՞մ եք՝ ինչ դժվար է էդ խոսքերը լսելը»,-ասում է Հերմինեն։

Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը ևս մասնակցում էր բողոքի ակցիային։ Նա կոչով դիմեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին՝ ցուցարարների հավաքած սնունդը ՄԱԿ-ի օգնությամբ հասցնել Արցախ։

Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Բացե՛լ կյանքի ճանապարհը», «Ամո՛թ ՄԱԿ-ին»։

Հացադուլի այսօրվա մասնակից Սեդա Գրիգորյանը հայտարարեց, որ ժամը 15:00-ին պատրաստվում են ակցիան շարունակել ԵՄ դեսպանության գրասենյակի առջեւ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter