HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Արցախում վերջին պարկ ալյուրին վախով են նայում․ 227 օր շրջափակման մեջ

Մագդան իր հինգ հոգանոց ընտանիքի մեկ օրվա համեստ սննդի համար մոտավոր հաշվարկով նախատեսում է 15-20 հազար դրամ։ Հերթով թվում է բոլոր այն ապրանքները, որոնք վերջին ամիսներին Արցախում մի քանի անգամ թանկացել են ու գրեթե չեն ճարվում։ Այդ պատճառով նա երկրորդ աշխատանք է գտել, որպեսզի հասցնի հոգալ երեխաների կարիքները։

«Մեկ ձուն 300 դրամ են վաճառում, մի կիլոգրամ լոլիկը 2800 դրամ է, վարունգ՝ 1800, պանրի գինը 4-5 հազար է դարձել, բայց էնպես չի, որ ուզենաս առնել, հեշտ ու հանգիստ կկարողանաս գնալ խանութ, վերցնել»,- ասում է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակչուհի Մագդա Մկրտչյանը։

Արցախում այս օրերի իրավիճակը նկարագրելու համար Մագդան օգտագործում է միայն «վատ է, շատ վատ է, ահավոր է» արտահայտությունները։ Ասում է, որ թեև ինքը միշտ լավատես է եղել, չի սիրել բողոքել, բայց հիմա էլ լավին հավատալ չի կարողանում։

«Սկզբում էդքան չէր զգացվում, քանի որ գոնե սնունդ մտնում էր, հիմա շատ վատ ա, համարյա ոչ մի բան չկա։ Պահ ա լինում՝ մարդիկ իրար ձեռքից հաց են թռցնում։ Ճիշտն ասած, մարդիկ որոշ քանակությամբ ալյուր դեռ ունեն, բայց վախենում են օգտագործեն, պահում են, որ եթե ծայրահեղ վիճակ լինի, հաց թխեն, գոնե երեխեքին կերցնեն։ Մի պարկ ալյուր էլ ես ունեմ, բայց ձեռք չեմ տալիս»,- նեղսրտում է Մագդան։

Երեխաները փոքր են՝ 12, 7 և 5 տարեկան, վաղուց որևէ քաղցրավենիք չկա, որ տղաներին տա։ Երբեմն, երբ շաքարավազ է լինում, հալեցնում է, լցնում թխվածքի ձևամանների մեջ, շաքարաքլոր պատրաստում ու տալիս երեխաներին։ Ասում է, որ սկզբում, երբ դեռ պարագաներ կային, տանը թխվածք էր պատրաստում, տալիս երեխաներին, բայց տևական ժամանակ է՝ ոչինչ չկա։

«Վերջին անգամ խանութից շաքարավազ ու ձեթ գնել եմ մինչև հունիս 15-ի՝ ճանապարհի վերջնական փակվելը։ Դրանից հետո մի քանի օր առաջ օգնություն ենք ստացել՝ յուրաքանչյուր երեխային կես կիլոգրամ շաքարավազ, կես լիտր ձեթ։ Աշխատում եմ շատ քիչ օգտագործել, միայն խիստ կարիքի դեպքում»,-պատմում է Մագդան ու ավելացնում, որ պարենի շատ կտրոններ ունի, բայց ապրանք խանութներում չկա։

Մեր հույսը մեր բանջարանոցն է

Շրջափակման պայմաններում գյուղերում ապրող մարդկանց վիճակը համեմատաբար ավելի լավ է, քան քաղաքում ապրողներինը։ Գյուղում համարյա բոլորը տնամերձ այգիներ ունեն, որտեղից այս օրերին ստանում են իրենց սննդի 80 տոկոսից ավելին։

Մագդայենց այգում աճում է լոբի, կարտոֆիլ, կաղամբ, դդում, լոլիկն ու վարունգը դեռ չեն հասել, որոշ բաներ կարող էր վաճառել բայց գերադասել է պահածոյացնել ու ձմռան համար պահել։ Աշխատում են բավարարվել այսքանով, իսկ այն, ինչ հնարավոր է երկար պահել, չեն օգտագործում։ 

«Էս բանջարեղենով օրը մի բան պատրաստում եմ, էսօր կարտոշկա եմ սարքել։ Երկուական կիլոգրամ բրինձ ու գրեչկա ունեմ, մի քիչ ոսպ, մի բուռ էլ մակարոն, երեխեքին տված շաքարավազն ա ու ձեթը, վերջ, իմ տան եղածն էս ա, մի ամիս էլ չի հերիքացնի»,- նորից նեղսրտում է Մագդան։

Գյուղում երբեմն մարդիկ անասուն են մորթում, միս է լինում, բայց խանութներում չեն բերում։ Մարդիկ, իրար իմաց տալով, գնում վերցնում են։ Կաթնամթերքը ևս, թեև տեղական արտադրության է, սակայն վաճառքի չկա։

«Էս սեզոնին երեխեքը պիտի միրգ ուտեն, որ ձմռան համար վիտամիններ հավաքեն, բայց դե որտեղի՞ց ուտեն, ինչ էլ կար, կարկուտը տարավ։ Էդ թերսնուցումից, վիտամինների պակասից երեխեքի մաշկը թեփոտվում է, հյուծվում են, հաճախ հիվանդանում են»,-ասում է դրմբոնցի Մագդան։

Էս վիճակը մարդկանց էգոիստ է դարձրել

Մագդայի խոսքով՝ թեև ցավալի է, բայց մարդիկ արդեն սկսում են հուսահատվել, եթե սկզբում բոլորը հավատում էին, որ լավ է լինելու, հիմա այդ տրամադրություններն էլ շատ չեն։

«Շատ լարված վիճակ ա, մարդիկ բոլորը սթրեսի մեջ են, նույնիսկ էն ամենահանգիստները, հիմա ահավոր լարված են։ Տրամադրություն չկա, մարդիկ զոմբիի պես ապրում են։ Պայմանական ռեֆլեքս ա ձևավորվել ժողովրդի մոտ, որ պիտի ուտեն, քնեն, գնան գործի։ Ոչ մի հետաքրքրություն չկա»,-ասում է երեք երեխաների մայրը։

Նրա խոսքով՝ եթե առաջ առանց մտածելու մարդիկ կիսում էին իրենց ունեցածը, հիմա էլ այդպես չէ։ 

«Տխուր է, բայց էս վիճակը մարդկանց էգոիստ է դարձնում, մարդիկ շատ ժամանակ իրենց ունեցածը չեն կիսում, քանի որ չգիտեն, թե երբ դրա կարիքն ամենաշատը կլինի։ Մտածում ես՝ բա որ տամ, բա հետո ինձ, բա իմ երեխեն։ Բայց ես հավատում եմ, որ մինչև վերջ չի կարա վերջանա, որ էն մի կաթիլն էլ մնա, էլի պիտի գա։ Վաղուց լվացքի փոշի չկա։ Մի ամիս առաջ էր, գնացի խանութ, լվացքի փոշի էին ստացել 20կգ-անոց։ Աշխատողն ասեց՝ Մագդա՛, առ, տար, էլ չի լինելու, լավ էր, որ առա։ Բայց հարևանների հետ կիսելով՝ արդեն մի 5 կգ-ի չափ ա մնացել»,- պատմում է Մագդա Մկրտչյանը։

Սննդից բացի, կա նաև հիգիենիկ պարագաների և հագուստի խնդիր։ Մագդան չգիտի, թե դեռևս որքան կբավականացնեն իր պաշարները, բայց վերջը հեռու չէ։ Երեխաները նաև կոշիկի խնդիր ունեն, պատռված մարզակոշիկներով են շրջում, մի զույգ նորը կա, բայց դա դպրոցի համար են պահել։

Մենք Հայաստանի իշխանություններից սպասելիքներ չունենք, բայց ժողովրդից ունենք

«Հետքն» առաջին անգամ Մագդային հանդիպել է 2020թ․-ի պատերազմի ժամանակ, երբ նա ընտանիքով՝ բացառությամբ ամուսնու և ամուսնու որդիների Երևանում էր։

Այսօր Մագդան անկեղծանում է, որ մինչև այդ պատերազմը Արցախում իրեն օտար էր զգում, քանի որ Դրմբոն Սևանից է հարս գնացել, բայց հիմա Արցախում մնալու ցանկությունը առավել քան մեծ է։

«Եթե էսպես շարունակվի ու հնարավորություն լինի, կուզեմ երեխեքիս դուրս հանեմ էստեղից, բայց մենք կմնանք։ Որ հիշում եմ պատերազմի ժամանակ էդ մայրերի ողբն ու սուգը, էդքան տղաների թափած արյունը, էստեղից ոչ մի տեղ չեմ ուզում գնամ։ Եթե մենք այսօր թուլանանք ու Արցախը հայաթափվի, հաջորդը Հայաստանն է լինելու, ինչի համար սիրտս մղկտում ա»,-ասում է Մագդան։

Նրա խոսքով՝ թեև հուսահատությունն արդեն մեծ է, բայց Արցախի ժողովուրդը, երբ տեսնում է, որ Հայաստանում մարդիկ ցույցեր, ակցիաներ են կազմակերպում, հույսով է լցվում։

«Էսօր մենք Հայաստանի իշխանություններից սպասելիքներ չունենք, բայց ժողովրդից ունենք։ Միշտ էլ ցանկացած դժվար պահի Հայաստանի ժողովուրդը Արցախի կողքին ա եղել, ու մենք նույն բանն էլ էսօր ենք սպասում։ 90-ականներին, երբ Հայաստանում էլ վիճակը շատ վատ էր, հայաստանցին արցախցուն օգնել ա, նեղ վիճակից հանել ա։ Ամեն բան, ինչ որ էդտեղ կատարվում է՝ կլինի ցույց, միջոցառում, ՄԱԿ-ի դիմաց սնունդ հավաքել, բոլորը մեզ համար ինչ-որ հույս ա։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ժողովուրդը քնած չի։ Բայց ամեն դեպքում կայծը պիտի էստեղից լինի, իսկ էստեղ մարդիկ նստել են, տեղներից չեն շարժվում, չեմ հասկանում՝ ո՞ւմ են սպասում։ Էստեղի ղեկավարությունը հեչ խելոք բաներ չի անում»,- ասում է Մագդա Մկրտչյանը։

Այս օրերին թեև ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում է, սակայն որևէ կերպ չի խոչընդոտում Ադրբեջանի անօրինական գործողություններին։ Մարդկանց այն հարցին, թե ինչու որևէ ձևով չեն օգնում իրենց, պատասխանում են, որ իրենք միայն հրադադարի ռեժիմը պահպանելու համար են Արցախում։

«Ասում ենք՝ ինչի՞ չեք օգնում, որ սնունդ մտնի, ասում են՝ մենք միայն էստեղ ենք, որ դուք իրար վրա չկրակեք։ Իսկ իրենց համար օրը 10 անգամ ուղղաթիռները թռնում են, սնունդ են բերում, բայց թե արցախցին ինչ կուտի, իրենց հետաքրքիր չի»,-եզրափակում է Մագդան։

Գլխավոր լուսանկարում՝ Մագդա Մկրտչյանի երեք տղաները

Լուսանկարները տրամադրեց Մագդա Մկրտչյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter