
Որքան հարկ են վճարել բանկերը առաջին կիսամյակում
Հայաստանում գործող բանկերը խոշոր հարկատուներ են։ Այս տարվա առաջին կիսամյակում (2023 հունվար-հունիս) բանկերի մեծ մասը էական ավելացրել է հարկերը և բարելավել տեղը խոշոր հարկատուների ցանկում։ Միայն «Արցախբանկն» է դուրս մնացել ցանկից։
Գործող 18 բանկերից 17-ը միասին այս վեց ամսում պետական բյուջե են վճարել 93.1 միլիարդ դրամի հարկեր։ Դա կազմում է 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ 11%-ը։
2022 թվականին ռուս-ուկրաինական պատրեազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները դարձան հայկական բանկերի ռեկորդային շահույթի շարժիչ ուժը։
Նշված տարում ստացված շահույթի գծով շահութահարկը բանկերի գերակշիռ մասը վճարել է այս տարվա երկրորդ եռամսյակում, որով էլ պայմանավորված է նրանց հարկերի թռիչքը։
2022 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկատու բանկերի վճարած հարկերի ծավալն աճել է մոտ 60 մլրդ դրամով կամ 2.8 անգամ։
«Ամերիաբանկ», «Արդշինբանկ», «Ակբա բանկ». հարկերով առաջատար եռյակը
Խոշոր հարկատու բանկերից առաջատարը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն է։ Բանկն այս տարվա առաջին վեց ամսում պետբյուջե է վճարել 19.9 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 4.2 անգամ։ «Ամերիաբանկ»-ը դարձել է Հանրապետության չորրորդ խոշորագույն հարկատուն։
Հաջորդում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ն՝ 18.9 մլրդ դրամի հարկերով և 5.2 անգամ աճով։
Հարկերով առաջատար եռյակը եզրափակում է «Ակբա բանկ» ԲԲԸ-ն։ 2023 թվականի հունվար-հունիսին բանկը վճարել է 8.9 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 2.1 անգամ։
Հարկերի ծավալով հաջորդը «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն է՝ 7.3 մլրդ դրամով։ Բանկի հարկերն աճել են 2.4 անգամ։
Հինգերորդ տեղում «Էվոկաբանկ» ՓԲԸ-ն է՝ 6.5 մլրդ դրամի հարկերով, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 8.5 անգամ։
Ընդհանուր առմամբ, բանկերի գերակշիռ մասը ավելացրել է հարկերը (մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում): Չնայած դրան՝ երկու բանկերի մասով հարկերի անկում կա՝ «Հայբիզնեսբանկի» և «Արմսվիսբանկի»։
Այս ցանկում արդեն կարելի է տեսնել նաև «Ֆասթ Բանկին», որը 2022 թվականի նոյեմբերին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից դարձավ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ։
Այն, որ բանկերի հարկերի աճին նպաստել է հիմնականում շահութահարկը, երևում է նաև նրանց վճարած հարկերի բացվածքից։ Հաջորդ ինֆոգրաֆիկայում առանձնացրել ենք խոշոր հարկատու բանկերի առաջին հնգյակի տվյալները, որտեղ կարելի է տեսնել, թե նշված բանկը որքան շահութահարկ է վճարել այս տարվա առաջին կիսամյակում և թե որքան էր այն կազմել նախորդ տարվա նույն կիսամյակում։
Օրինակ՝ «Ամերիաբանկը» այս տարվա առաջին կիսամյակում վճարել է մոտ 13 մլրդ դրամի շահութահարկ՝ նախորդ տարվա նույն կիսամյակի 1.8 մլրդ դրամի դիմաց։
«Էվոկաբանի» դեպքում ևս տվյալները հետաքրքիր են։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում բանկը վճարել է ընդամենը 33 մլն դրամի շահութահարկ, ապա այս տարվա նույն կիսամյակում՝ մոտ 5 մլրդ դրամի։
Մեկնաբանել