HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկերն ու տեխնիկա վաճառողները առաջին կիսամյակում շեշտակի ավելացրել են հարկերը, ԶՊՄԿ-ն՝ նվազեցրել 

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2023 թվականի առաջին կիսամյակում՝ հունվար-հունիսին, պետական բյուջե են վճարել ընդհանուր առմամբ 874.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Պետական եկամուտների կոմիտեից (ՀՀ ՊԵԿ) ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2022 թվականի առաջին կիսամյակի համեմատ առաջին 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալն աճել է 152 մլրդ դրամով կամ 21%-ով։ 

Չնայած հարկերի շեշտակի նվազմանը՝ հանրապետության խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ)։ Ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 34.8 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այն եռակի նվազել է։

2022 թվականին ԶՊՄԿ-ն 2.3 անգամ ավելացրել էր հարկերը, որին նպաստել էին միջազգային շուկաներում պղնձի գնաճը, հարկային ստուգումների արդյունքում արձանագրված 15 մլրդ դրամի խախտումները, որոնք վերականգնվել են պետբյուջե 2022 թվականին և այլ հանգամանքներ։ Այս տարի, սակայն, խոշոր հանքարդյունաբերողի հարկերը նվազում են, այդ թվում՝ առաջին եռամսյակում։ 

Տարվա առաջին կիսամյակում երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է։ Ընկերության հարկերը կազմել են 30.6 մլրդ դրամ՝ նվազելով 7.3%-ով։

Հաջորդը ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն է՝ 20.2 մլրդ դրամով և մոտ 1% աճով։

Չորրորդ տեղում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն է։ Բանկն այս տարվա առաջին վեց ամսում պետբյուջե է վճարել 19.9 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 4.2 անգամ։ Բանկի հարկերից մոտ 13 մլրդ դրամը միայն շահութահարկն է՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 1.8 մլրդ դրամի դիմաց։ 

Այլ խոսքով՝ «Ամերիաբանկի» հարկերի աճն ապահովվել է շահութահարկի հաշվին։ Դեռևս նախորդ տարվա սկզբից հայաստանյան բանկերը ռեկորդային շահույթ են գրանցում։ 

Ինչպես Հայաստանում գրանցվող երկնիշ տնտեսական աճը, այնպես էլ բանկերի շահույթի ռեկորդային այս ցուցանիշն առաջին հերթին պայմանավորված է ոչ ռեզիդենտներին՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներին մատուցած ծառայություններով:

Ու քանի որ բանկերը նշված տարվա համար շահութահարկը վճարում են մինչև նախորդ տարվա ապրիլ, հետևաբար հասկանալի է, որ այս տարվա առաջին կիսամյակում բանկերի թռիչքը խոշոր հարկատուների ցանկում պայմանավորված է 2022-ի ռեկորդային շահույթով։ 

Նույնը կարելի է պնդել նաև այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկատուների ցանկի հինգերորդ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի դեպքում։ Բանկի հարկերը կազմել են 18.9 մլրդ դրամ՝ աճելով 5.2 անգամ։ Միայն շահութահարկը այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 16.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն կիսամյակի 2 մլրդ դրամի դիմաց։ Մյուս բանկերին ևս առաջիկայում առանձին հոդվածով կանդրադառնանք։ 

Այս տարվա առաջին կիսամյակի 6-րդ խոշոր հարկատուն Mobile Centre տեխնիկայի խանութների ցանցը ներկայացնող «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն է։ Ընկերությունը վեց ամսում վճարել է 15.8 մլրդ դրամի հարկ, աճը՝ 6.8 անգամ։ 

Ինչպես «Մոբայլ սենթր արթ»-ի, այնպես էլ խոշորների ցանկում նրան հաջորդող «Փրիթի ուեյ»-ի (VESTA) հարկերի կտրուկ աճին, ենթադրաբար, նպաստել են Հայաստանից Ռուսաստան տեխնիկայի վերաարտահանումները։ 2022 թվականի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո արևմտյան մի շարք երկրներ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ չարտահանել Ռուսաստան իրենց երկրներում արտադրված ապրանքները։ Նույն տարում Հայաստանից Ռուսաստան արտահանվեց էական ծավալի տեխնիկա, որը հայկական արտադրության չէր, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել վերաարտահանում։ 

Արտահանողների շարքում են նաև «Մոբայլ սենթր սրթ»-ն ու «Փրիթի ուեյ»-ը։ 

«Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն խոշոր հարկատուների ցանկում 7-րդն է։ Առաջին կիսամյակում վճարել է 15.7 մլրդ դրամի հարկեր։ Աճը՝ 17 անգամ։ 

Ութերորդ տեղում վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «ՍԻՓԻԷՍ էներջի գրուպ» ՍՊԸ-ն է (CPS), որն առաջին կիսամյակում վճարել է 11.3 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ այն 76%-ով աճել է։ Ընկերությունը տեսանելի աճ է գրանցել ակցիզային հարկերի գծով։ 

Հարկերի 4.6% աճ է գրանցել ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը և կրկնակի աճ՝ ծխախոտ ներմուծող «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն։ 

2023 թվականի առաջին կիսամյակի խոշոր հարկատուների երկրորդ տասնյակում են բանկերից՝ «Ակբա բանկ» ԲԲԸ-ն, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն և «Էվոկաբանկ» ՓԲԸ-ն, հեռահաղորդակցության օպերատորներ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն և «Յուքոմ» ՍՊԸ-ն, ծխախոտի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ն, «Սիթի» և «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ները, վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ՍՊԸ-ն և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն («Զվարթնոց» միջազգային օդանավակայան): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter