HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խնդրում եմ՝ օգնե՛ք վերադարձնենք հորս». առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը ՄԱԿ-ի գրասենյակի առջև է

«Այսօր հույսս դուք եք։ Խնդրում եմ՝ ինձ մենակ չթողնե՛ք, եղե՛ք ինձ համար հայր, մայր, քույր, եղբայր։ Խնդրում եմ սիրելի՛ հայրենակիցներ, ինձ մենակ չթողնեք այս ցավի մեջ, սա միայն իմ ցավը չէ։ Վագիֆ Խաչատրյանն ամբողջ հայ ժողովրդի կերպարն է։ Արցախն ու Հայատանն է Ադրբեջանում»,- այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ անցկացվող ակցիայի ընթացքում նշեց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։ 

Հիշեցնենք՝ Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի ուղեկությամբ տեղափոխվում էր Երևան, սակայն Հակարիի կամրջի անցակետում Խաչատրյանն ապօրինի ազատազրկվել է ադրբեջանցիների կողմից։ 

Վերան պատմեց, որ Վագիֆ Խաչատրյանի մոտ ախտորոշվել էր աորտալ ստենոզ և վիրահատության համար շտապ պետք է Երևան տեղափոխվեր։

Վագիֆին ուղեկցում էր մյուս դուստրը։ Հակարիի կամրջի մոտ, երբ ադրբեջանցիները անձնագրերը ստուգել են, Վագիֆ Խաչատրյանի անձնագիրն այլևս չեն վերադարձրել։ Ապա ասել են, որ պիտի գնա, որպեսզի նրան ստուգեն։ 

Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները տարել են անհայտ ուղղությամբ, բայց բուժման նպատակով Երևան տեղափոխվող մյուս բուժառուներին բաց են թողել։ 

Վերա Խաչատրյանը նշեց, որ հարազատներից ոչ ոք անձամբ կապ չի հաստատել Վագիֆ Խաչատրյանի հետ։ Մինչ այս պահը չունեն ոչ մի տեղեկություն։ 

Միակ տեղեկությունը, որ հասել է հարազատներին, այն է, թե Վագիֆ Խաչատրյաննն այժմ գտնվում է Բաքվում՝ հիվանդանոցում։

«Խնդրում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն իրեն դնի իմ տեղը, քույրերիս տեղը։ Մենք 3 քույր ենք, եղբայր չունենք, բայց հիմա ձեզնից յուրաքանչյուրին համարում եմ իմ եղբայրը ու խնդրում եմ՝ օգնե՛ք հայրիկիս վերադարձնենք։ Ես չգիտեմ ինչպես ու ում դիմել, Ադրբեջանը ներկայացնում է փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Վերան։

Վերջերս տարածված տեղեկատվությունը, թե իբր Վագիֆ Խաչատրյանը եղել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վարորդը, դստեր խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում։ 

Վերա Խաչատրյանը շեշտեց, որ առևանգման օրը Կարմիր խաչի միջազգային կոմիտեից կապվել են քրոջ հետ, ասել, որ Վագիֆ Խաչատրյանը Բաքվի հիվանդանոցներից մեկում է։

«Բայց ես ուզու՞մ եմ, որ Վագիֆը լինի Բաքվի հիվանդանոցներից մեկում։ Ես ուզում եմ, որ նա լինի այստեղ՝ իր հայրենիքում, բուժումը ստանա և վերադառնա»,- ասում է Վերան։

Ադրբեջանական մամուլում Վագիֆ Խաչատրյանի մասին հրապարակված բոլոր տեղեկությունները, ըստ Վերայի, իրականությանը չեն համապատասխանում։

Վերա Խաչատրյանը պատրաստվում է ակցիա իրականացնել նաև Կարմիր խաչի միջազգային կոիտեի հայաստանյան գրասենյակի առջև։ 


Այս թեմայով՝

Մեկնաբանություններ (1)

George
Worthless government in Armenia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter